Իրանում նշանակված ցանկացած առաջնորդ «դառնալու է ոչնչացման թիրախ»․ Իսրայելի պաշտպանության նախարար

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին փոխարինելու համար նշանակված ցանկացած առաջնորդ «միանշանակ դառնալու է ոչնչացման թիրախ»։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«Կարևոր չէ, թե ինչ է նրա անունը կամ որտեղ է նա թաքնվում։ Մենք կշարունակենք գործել ամբողջ ուժով՝ մեր ամերիկացի գործընկերների հետ միասին, ռեժիմի կարողությունները քանդելու և Իրանի ժողովրդի համար պայմաններ ստեղծելու համար», – ասել Կացը։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրներին երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։

Ալի Խամենեին Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի պաշտոնում երկիրը ղեկավարում էր 1989-ից և այդ պաշտոնում փոխարինել էր Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ և հիմնադիր Ռուհոլլահ Խոմեյնիին (հայտնի է նաև որպես՝ իմամ Խոմեյնի)։ Խամենեին մինչև երկրի իրական առաջնորդ դառնալը, Իրանի երրորդ նախագահն էր (1981-1989)։

Իրանի հեղափոխության առաջնորդի մահվան, իմփիչմենտի հայտարարման պարագայում Իրանի Սահմանադրությունը նախատեսում է առաջնորդի նոր ընտրություններ հնարավորինս սեղմ ժամկետում։ Իրանում այդ գործընթացն արդեն սկսվել է։

Ընտրությունների պատասխանատու գլխավոր մարմինը Փորձագետների կամ բանիմացների խորհուրդն է, ինչպես նաև Սահմանադրության պահապանների խորհուրդը։

Հաշվի առնելով պատերազմական ակտիվ փուլը, հնարավոր է, որ Իրանում չշտապեն գերագույն առաջնորդի ընտրության հարցում։ Արմատական որևէ գործչի ընտրություն կարող է թեժացնել պատերազմական ընթացքը։

Միջազգային մամուլում ակտիվ շրջանառվում է, որ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածուն Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին է։ 

The post Իրանում նշանակված ցանկացած առաջնորդ «դառնալու է ոչնչացման թիրախ»․ Իսրայելի պաշտպանության նախարար appeared first on CIVILNET.

Leave a comment