Վիգէն Չըթըրեան
Փետրվարի 28-ին ԱՄՆ–Իսրայել դաշինքի կողմից Իրանի դեմ սկսված պատերազմը չի սահմանափակվում Իրանի միջուկային կարողությունների ոչնչացմամբ, այլ նպատակ ունի ձևել նոր Մերձավոր Արևելք՝ իսրայելական գերիշխանությամբ։ Եվ Իրանի դեմ այս պատերազմը վերջինը չի լինելու…
2003-ի մարտի 20-ին նեոպահպանողականների գաղափարական ազդեցության ներքո ԱՄՆ վարչակազմը չհրահրված հարձակում սկսեց Սադամ Հուսեյնի Իրաքի դեմ։ Պատրվակը Իրաքի «զանգվածային ոչնչացման զենքերն» էին, որոնք իբր սպառնալիք էին ԱՄՆ անվտանգության համար։ Այդ ժամանակ ոչ ոք չէր պաշտպանում Սադամի գանգստերական ռեժիմը՝ նույնիսկ նրա սեփական զինվորները։ Սկզբնական զանգվածային ռմբակոծություններից հետո ամերիկյան զորքերը հարավից առաջ շարժվեցին, քաղաք առ քաղաք գրավեցին և երկու շաբաթում հասան Բաղդադ։ Նրանք բռնեցին փոսում թաքնված բռնապետին և հանձնեցին նրա իրաքցի շիա թշնամիներին, որոնք նրան կախաղան հանեցին։
Ամերիկացի նեոպահպանողականները Մերձավոր Արևելքի համար մեծ ծրագրեր ունեին։ Իրաքը գրավելով և նրա անսահման նավթային պաշարներն օգտագործելով՝ նրանք ծրագրում էին ֆինանսավորել նոր Մերձավոր Արևելք՝ ԱՄՆ-ի գերիշխանությամբ և Իսրայելի հանդեպ բարեկամական դիրքով։ Նրանք չէին վստահում իրենց ավանդական դաշնակիցներին՝ սաուդցիներին, որոնք սալաֆի-ջիհադական գաղափարախոսության ազդեցության ներքո էին։ Իսկ Մերձավոր Արևելքի ածխաջրածինների նկատմամբ (համաշխարհային արտահանման 25%-ը) վերահսկողություն հաստատելով՝ ԱՄՆ-ն կարող էր իր ազդեցությունը տարածել նաև Եվրոպայի, Հնդկաստանի և հատկապես Չինաստանի վրա։
Սակայն պատերազմներն ունեն վատ սովորություն՝ շեղվել ծրագրվածից։ Սադամի անվտանգության ուժերի ազդեցիկ սուննի սպաները, որոնք ԱՄՆ հարձակման արդյունքում զրկվեցին իշխանությունից, ապստամբեցին բռնազավթման դեմ, կիրառեցին ճանապարհամերձ ռումբեր, որոնց ամերիկյան զորքերը պատրաստ չէին, և ամերիկացիներին պատճառեցին ավելի քան 4,000 զոհ ու տրիլիոնավոր դոլարների վնաս։ Սակայն դա ամենավատը չէր․ ամերիկյան բռնազավթումը Բաղդադի բանալիները հանձնեց Իրանի կողմնակից շիա կուսակցություններին՝ ալ-Դաավային և Իրաքում Իսլամական հեղափոխության գերագույն խորհրդին, որոնք սերտորեն կապված էին իրանական վարչակարգի հետ։ 2003-ի ներխուժմամբ ամերիկացիները ոչ միայն վերացրին Իրանի գլխավոր թշնամի Սադամին և Իրաքն ու նրա ռեսուրսները հանձնեցին մոլլաներին, այլև մեկ գիշերվա ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունը վերածեցին տարածաշրջանային կայսրության՝ Թեհրանից մինչև Հարավային Լիբանան և ավելի հեռու տարածվող ազդեցությամբ։
Իրանի Իսլամական Հանրապետությունը չափազանցեց իր ազդեցության տարածումը՝ պատերազմներ վարելով Սիրիայից մինչև Եմեն։ Թեև Բարաք Օբաման հանդուրժում էր իրանական ընդլայնումը և նույնիսկ համագործակցում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ Ղասեմ Սոլեյմանիի հետ՝ Իրաքում և Սիրիայում ԴԱԵՇ-ի դեմ պայքարում, Դոնալդ Թրամփն ու նրա իսրայելցի դաշնակիցները դա չհանդուրժեցին։ Սոլեյմանիի սպանությունը 2020-ին՝ դեռ մինչև 2023-ի հոկտեմբերի 7-ի Համասի հարձակումները, դարձավ տարածաշրջանային կարգի/անկարգության վերաձևման հետհաշվարկի սկիզբը։ Պատրվակը իրանական միջուկային զենքն է, ինչպես ժամանակին Սադամի քիմիական և կենսաբանական զենքերը, սակայն դա միայն պատրվակ է, քանի որ նպատակը Մերձավոր Արևելքում լիակատար գերիշխանությունն է։
Այնուամենայնիվ, Իրանի ղեկավարությունը չհասկացավ, որ ժամանակները փոխվում են։ Գազայի պատերազմի մեկնարկից հետո լիբանանյան Հեզբոլլահը սկսեց իր «աջակցության պատերազմը» (Հարբ ալ-Իսնադ)՝ Իսրայելին տալով պատրվակ՝ պաղեստինցիների դեմ ցեղասպանական պատերազմը վերածելու Մերձավոր Արևելքի քարտեզը վերաձևելու համընդհանուր պատերազմի։
Իրանի ազդեցիկ գործիչներից Ալի Լարիջանին 2026-ի մարտի 2-ին «X»-ում արաբերեն գրեց․ «Մենք չենք բանակցելու Միացյալ Նահանգների հետ»։ Նրա խոսքերը միայն հաստատում են անելանելի իրավիճակը այն բանից հետո, երբ իսրայելա-ամերիկյան օդային հարձակման հետևանքով սպանվել է Իսլամական պետության հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։ Սա համընդհանուր պատերազմ է, որը Իրանի իշխող շրջանակներին մղում է նահատակության խորհրդավոր զգացողության։ Նրանք այժմ իրենց ունեցած ամեն ինչ նետում են այս համընդհանուր պատերազմի մեջ․ կա՛մ կպահպանեն իրենց վարչակարգը և կապրեն, կա՛մ կկործանվեն՝ կռվելով մի պատերազմում, որը իրենք չեն ընտրել։
Այս ինքնասպանական, «աշխարհի վերջի» մտածելակերպն արտահայտվում է նրանով, որ Իրանը անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ է ուղարկում Ծոցի բոլոր երկրների ուղղությամբ։ Այն երևում է նաև նրանից, որ Լիբանանի Հեզբոլլահին հրահանգվել է հյուսիսային Իսրայելի ուղղությամբ մի քանի «Կատյուշա» հրթիռ արձակել, թեև 2024-ին Իսրայելի հետ հակամարտության ընթացքում լիբանանյան շիա աշխարհազորը փաստացի գլխատվել էր։ Այդ մի քանի պարզունակ «Կատյուշաները» ռազմական առումով իմաստ չունեն, բացի այն, որ Լիբանանը և հատկապես նրա շիա բնակիչներին կդնեն իսրայելական անողոք հակահարվածի տակ։
Մերձավոր Արևելքում ներկայում ընթացող պատերազմը 2003-ին Իրաք ամերիկյան ներխուժման փոփոխված շարունակությունն է։ Սակայն ի տարբերություն 2003-ին Իրաքում տեղի ունեցածի՝ Իրանում չի լինելու օտարերկրյա բռնազավթում, չեն լինելու ամերիկյան «զինվորական կոշիկներ գետնի վրա»։ Ամերիկա-իսրայելական դաշինքի նպատակը Իրանի գործող վարչակարգը մեկ այլ՝ իրեն հավատարիմ վարչակարգով փոխարինելը չէ։ Հեղափոխության պահապանների կորպուսին, Բասիջին և նույնիսկ ոստիկանության բաժիններին ուղղված ռմբակոծությունների ալիքները հուշում են, որ նպատակը կենտրոնական պետական կառույցները թուլացնելն է և Իրանը «ձախողված պետության» վերածելը։
Չկան երաշխիքներ, որ Իրանի թուլացումը կհանգեցնի տարածաշրջանային կայունության։ Հորիզոնում արդեն ձևավորվում է նոր տարածաշրջանային հակամարտություն՝ Իսրայելի և Թուրքիայի միջև նոր դիմակայություն։ Իսրայելցի պաշտոնյաները՝ թե՛ նախկին, թե՛ ներկա, ավելի հաճախ են Թուրքիան բնութագրում որպես «Նոր Իրան»՝ պնդելով, որ Թուրքիան «սուննիական դաշինքի» միջոցով սպառնալիք է իրենց համար։ Հետևաբար, ներկայիս ռազմական խելահեղությունը «բոլոր պատերազմներին վերջ տվող պատերազմ» չէ, այլ ընդամենը ևս մեկը՝ Իսրայելի անվիճարկելի տարածաշրջանային հեգեմոն դառնալու ճանապարհին։
Սակայն Ամերիկայի և Իսրայելի ղեկավարները կարծես չեն գիտակցում, որ հնարավոր չէ տիրապետել և իշխել միայն արյամբ ու երկաթով։
Հոդվածը սկզբնապես հրապարակվել է AGOS-ի կայքում՝ The Great War to Redraw the Map of the Middle East
The post Իրանի դեմ պատերազմը վերջինը չէ appeared first on CIVILNET.