Արցախի Պաշտպանության բանակի «Եղնիկներ» զորամասի նախկին հրամանատար Կարեն Ջալավյանը (Քյոխ) փետրվարի 26-ին քաղաքացիական հայց է ներկայացրել բլոգեր Ռոման Բաղդասարյանի դեմ:
Հայցը վերաբերում է 2026-ի փետրվարի 5-ին Ֆեյսբուքում Ռոման Բաղդասարյանի գրառումներին, որտեղ նա պնդել էր, թե Ջալավյանը զինվորներից գողացել է սնունդ, նրանց պահել առանց ջրի, «Եղնիկներում» նվաստացրել և սովի մատնել զինվորներին, ատել է Հայաստանից եկած զինվորներին։
Կարեն Ջալավյանը պահանջում է հրապարակային հերքում և 500,000 դրամ փոխհատուցում։ Հայցով պահանջվում է, որ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջերում հրապարակի տեսաուղերձ ու գրավոր հայտարարություն։
Հերքման տեքստում բլոգեր պետք է հայտարարի, որ իր տարածած տեղեկությունները սուտ են և չեն համապատասխանում իրականությանը։ Հերքման հրապարակումը պետք է պահպանվի էջերում անժամկետ և լինի հանրամատչելի։