Ալիևն ընդունել է ՌԴ փոխվարչապետին. քննարկվել են AZAL-ի ինքնաթիռի խոցումը, տրանսպորտային հաղորդակցությունների հարցեր

Քաղաքականություն

02.03.2026 | 21:27

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկին։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում ռուսական կողմն «անկեղծ երախտագիտություն» է հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը տարածաշրջանում ստեղծված բարդ և լարված իրավիճակում Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման գործում ցուցաբերած արագ օգնության համար։

Զրույցի ընթացքում նշվել է, որ «2025 թվականի հոկտեմբերի 9-ին Դուշանբեում Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ կողմերն առաջիկայում կիրականացնեն գործնական քայլերի շարք՝ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին AZAL-ի ինքնաթիռի վթարի հետևանքով առաջացած խնդիրները լուծելու համար»։

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման հեռանկարները։ Հաստատվել է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման աշխատանքները շարունակելու համատեղ հանձնառությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment