Իրանն ԱՄՆ-ին ու Իսրայելին մեղադրել է միջուկային օբյեկտներին հարվածելու մեջ․ ՄԱԳԱՏԷ-ն նշում է՝ վնասի նշաններ չկան

Քաղաքականություն

02.03.2026 | 15:38

ԱՄՆ-ը և Իսրայելը հարվածել են Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային  գործակալությունում (ՄԱԳԱՏԷ) Իրանի ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին, հայտնում է Reuters-ը։ Ըստ նրա՝ հարված է հասցվել Նաթանզի միջուկային օբյեկտին։

Նաջաֆի պնդմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել կիրակի՝ մարտի 1-ին։ Նա ասել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը հարվածել են «իրանյան խաղաղ, պաշտպանված միջուկային օբյեկտներին», գրում է The Insider-ը։ Այս տեղեկատվության այլ հաստատում, սակայն, չկա։ Հակամարտության մյուս կողմերը չեն մեկնաբանել այս հայտարարությունը։

ՄԱԳԱՏԷ-ն ներկայում որևէ տեղեկություն չունի այն մասին, որ Իրանի որևէ միջուկային օբյեկտ վնասվել կամ հարձակման է ենթարկվել, ասել է գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին։

Իրանի ուրանի հարստացման գլխավոր կենտրոնը գտնվում է Նաթանզում։ Հակամարտության սկսվելուց կարճ ժամանակ առաջ արբանյակային պատկերները գրանցել են Իրանի լայնածավալ ջանքերը՝ ամրապնդելու իր միջուկային և ռազմական օբյեկտները, այդ թվում՝ Նաթանզը։ Իրանի միջուկային օբյեկտները Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում արդեն ենթարկվել էին ԱՄՆ հարձակման անցյալ տարվա հունիսի վերջին։

ԱՄՆ-ը և Իսրայելն Իրանի վրա հարձակում են սկսել փետրվարի 28-ի առավոտյան։ Թեհրանը պատասխանում է Իսրայելի և Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների դեմ հարվածներով։

Մարտի 2-ին Իրանի պետական ​​հեռարձակողը հաղորդել է Բահրեյնում ամերիկյան բազայի ոչնչացման մասին։ Արբանյակային լուսանկարները հաստատում են վնասը՝ ցույց տալով որոշ շենքերի ամբողջական ոչնչացումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment