Գեորգի Միրզաբեկյան
Փետրվարի 28-ին Իրանի մի շարք քաղաքների վրա ԱՄՆ-ի ու Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվեց երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին՝ ի շարս այլ բարձրաստիճան քաղաքական և ռազմական գործիչների։ Այժմ գլխավոր հարցն այն է, թե ինչ է փոխելու Իրանի հոգևոր առաջնորդի մահը Իրանի ներքաղաքական գործընթացներում, և ինչ տեսք է ստանալու ապագա Իրանը։ Կարևոր են նաև հեղափոխության առաջնորդի ընտրության կարգի ու հավանական թեկնածուների անունները։
Ալի Խամենեին Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի պաշտոնում երկիրը ղեկավարում էր 1989-ից և այդ պաշտոնում փոխարինել էր Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ և հիմնադիր Ռուհոլլահ Խոմեյնիին (հայտնի է նաև որպես՝ իմամ Խոմեյնի)։ Խամենեին մինչև երկրի իրական առաջնորդ դառնալը, Իրանի երրորդ նախագահն էր (1981-1989)։
Տե՛ս նաև՝ Մահախոսական – Այաթոլլա Ալի Խամենեի, 1939–2026
Հավանական սցենարներ Խամենեիի սպանությունից հետո
Իրանի դեմ հարձակումները վկայում են, որ դրան նախորդած ԱՄՆ-Իրան բանակցությունները արդյունք չեն տվել։ Կողմերը համաձայնության չեն հասել Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Բաց են մնացել նաև Իրանի հրթիռային ծրագրի զարգացումն ու տարածաշրջանում պրոքսի ուժերին աջակցելու խնդիրները։ Հետևաբար՝ ԱՄՆ-ի ու Իսրայելի նպատակները կարող են լինել այդ խնդիրների հարցում զիջումներ կորզելուց մինչև իշխող վարչակարգի փոփոխություն։ Իշխանափոխության մասին պարբերաբար նշում են թե՛ Վաշինգտոնը և՛ թե հատկապես Իսրայելը։
Բայց արդյոք Իրանի հոգևոր առաջնորդի սպանությունը և միայն օդային հարվածները բավարար են Իրանում իշխանափոխության հասնելու համար։ Դա մեծապես կախված է պատերազմի ընթացքից, ինչպես նաև ներքին գործընթացներից։
Կարելի է նշել երեք հավանական սցենար։
Հավանական սցենարներից մեկը իշխող վարչակազմի կարծրացումն է։ Հնարավոր է՝ հարձակումների հետևանքով իշխանության գան այնպիսի կենտրոններ և կամ ուժ, որոնք առավել անզիջում դիրքերից հանդես գան բանակցություններում՝ փորձելով ավելի համախմբել հասարակության հավատարիմ շերտերին։ Այլ կերպ ասած՝ Իրանը կարող է ավելի փակվել արտաքին աշխարհի համար ու մեկուսացվել, ինչը անվտանգային նոր ռիսկեր կարող է պարունակել Իսրայելի ու ԱՄՆ-ի, այնպես էլ տարածաշրջանի այլ պետությունների համար, քանզի հակամարտությունը միայն ավելի կսրվի։
Ավելացող ճնշման պարագայում երկրորդ հնարավոր սցենարը առանցքային հարցերում ԱՄՆ-ի ու Իսրայելի պահանջների կատարումն է։ Ելնելով բաց աղբյուրներից՝ հատկապես սուր են դրված ուրանի հարստացման ու բալիստիկ հրթիռների հեռահարության հարցերը։ Այս հարցերում Իրանի զիջումները կարող են տանել իրավիճակի որոշակի կայունացման, սակայն Թեհրանին կզրկեն պաշտպանական գլխավոր խաղաքարտերից, և տարածաշրջանում Իրանի դիրքերը և ինքնապաշտպանության կարողություններն էականորեն կթուլանան։
Երրորդ հնարավոր սցենարը իսլամական վարչակազմի փոփոխությունն է։ Սակայն Իրանի պես բազմաշերտ պետության պարագայում այդ նպատակներին միայն օդային հարվածներով հասնելը քիչ հավանական է, եթե իշխանափոխությանը նպաստող այլ գործոնները բավարար չափով չդրսևորվեն։ Օրինակ՝ հնարավոր իշխանափոխության ցուցիչ կարող է լինել իշխող ուժային կենտրոնների շրջանում (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի) պառակտվածությունն ու հանրային դժգոհության զանգվածային արտահայտությունը փողոցում։ Ներկայում ոչ մեկը, ոչ էլ մյուսը չեն երևում։
Ով է ներկայում ղեկավարում երկիրը
Խամենեիի սպանությունը ցնցել է Իրանը։ Երկրում հայտարարվել է 40 օր սուգ և մեկ շաբաթ ոչ աշխատանքային։ Որքան էլ իրանա-իսրայելական հակամարտությամբ պայմանավորված երկրի վերնախավը կանխատեսեր նման սցենար, այդ փաստը մեծ մարտահրավեր է Իրանի համար շարունակվող պատերազմի պայմաններում։ Եվ առաջին պլան է գալիս երկրի կառավարման համակարգի հարցը։
Այդ խնդիրն ունի սահմանադրական կարգավորում։ Համաձայն Սահմանադրության 111-րդ հոդվածի՝ կազմվել է Ժամանակավոր անցումային խորհուրդ՝ բաղկացած երկրի նախագահից, դատական իշխանության ղեկավարից, ինչպես նաև Սահմանադրության պահապանների խորհրդի մեկ բարձրաստիճան հոգևորականից։ Նախքան հեղափոխության նոր առաջնորդի ընտրությունը, նրանց է վերապահված Ալի Խամենեիի բոլոր գործառույթներն ու երկրի պատրաստումը նոր ընտրության համար։
Ինչպես է ընտրվելու նոր գերագույն հոգևոր առաջնորդը
Իրանի հեղափոխության առաջնորդի մահվան, իմփիչմենտի հայտարարման պարագայում Իրանի Սահմանադրությունը նախատեսում է առաջնորդի նոր ընտրություններ հնարավորինս սեղմ ժամկետում։ Իրանում այդ գործընթացն արդեն սկսվել է։
Ընտրությունների պատասխանատու գլխավոր մարմինը Փորձագետների կամ բանիմացների խորհուրդն է, ինչպես նաև Սահմանադրության պահապանների խորհուրդը։ Պահապանների խորհրդի իրավասությունն է ստուգել թեկնածուների ընտրվելու իրավունքի օրինականությունը (կարող են հավակնել, թե ոչ), իսկ Փորձագետների խորհուրդը, որը բաղկացած է 88 շիա իրավագետներից ու հոգևոր ներկայացուցիչներից, քվեարկության միջոցով ընտրում է նոր առաջնորդի։ Այդ խորհուրդն ընտրվում է ժողովրդական ընտրությունների միջոցով չորս տարին մեկ և հաստատվում Պահապանների խորհրդի կողմից։ Վերջին ընտրությունները 2024-ին էին։
Փորձագետների կամ բանիմացների խորհուրդը, բացի գերագույն առաջնորդի ընտրությունից, վերահսկում է առաջնորդի գործունեությունը նրա կառավարման ժամանակ և հարկ եղած դեպքում նախաձեռնում պաշտոնանկության գործընթաց։
Հաշվի առնելով պատերազմական ակտիվ փուլը, հնարավոր է, որ Իրանում չշտապեն գերագույն առաջնորդի ընտրության հարցում։ Արմատական որևէ գործչի ընտրություն կարող է թեժացնել պատերազմական ընթացքը։
Առաջնորդի գլխավոր հավակնորդները
Ալի Խամենեիի մահից հետո ավելի քան երբևէ արդիական է դարձել նոր հետնորդի ընտրության հարցը։ Այդ անձը, ըստ Իրանի Սահմանադրության, պետք է լինի կրոնական գիտակ և ունենա քաղաքական ու կառավարչական ձիրքեր։
Մի քանի տարի առաջ հեղափոխության առաջնորդի հավանական թեկնածուներն էին Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսին ու Ալի Խամենեիի որդի Մոջթաբա Խամենեին։ 2024-ի մայիսին Ռայիսիի մահից հետո հիմնական քննարկումները Մոջթաբայի շուրջ էին։ Վերջինս այնքան էլ ցանկալի հավակնորդ չի համարվում հանրության շրջանում։ Գլխավոր հարցերից մեկն այն է, որ իսլամական արժեքներ կրողները դեմ են ժառանգականության իրավունքին, այն նույնացնելով շահական Իրանի ավանդույթներին։
Ներկայում քննարկումներն ակտիվացել են այլ թեկնածուների շուրջ։ Նրանք են Անցումային կառավարման խորհրդի ներկայիս անդամներ Ալիռեզա Արեֆին ու Դատական խորհրդի ղեկավար Ղոլամ-Հոսեյն Էժեին, Խոմեյնիի թոռ Հասան Խոմեյնին, Ալի Խամենեիի աշխատակազմի ղեկավար, ազդեցիկ գործիչ Ալի Ասղար Հեջազին և այլք։
Այս անունները դեռ պայմանական են։ Հնարավոր է՝ ընտրվի կոնսենսուսային թեկնածու՝ արտահայտելով Իրանի ուժային կենտրոնների տրամադրությունները։ Չի բացառվում, որ ընտրության հարցում հաշվի առնվեն նաև արտաքին գործոնները։
Անկախ ընտրությունից՝ իսլամական կարգերի պահպանման պարագայում, Իրանի նոր առաջնորդին մեծ ճանապարհ է սպասվում սեփական դիրքերի ամրապնդման ու հեղինակություն ձեռք բերելու համար․ իրավիճակ, որին սերտորեն առնչվել է ժամանակին Ալի Խամենեին իր կառավարման սկզբնական տարիներին։ Հաշվի առնելով Իրանի պետական ինստիտուտների կառուցվածքը՝ Իրանի վերնախավում տարբեր ազդեցիկ թևեր կան, և Ալի Խամենեիի մահից հետո առաջացող հարցերից մեկն այն է, թե ապագայում որ կենտրոնը կներկայացնի ուժային հիմնական թևը։
2025-ի ու ներկա պատերազմի համեմատությունը
2025-ի հունիսի պատերազմը, որը հայտնի է նաև 12-օրյա պատերազմ անվանումով, էապես տարբեր է ներկա զարգացումներից։
Այն ժամանակ պատերազմը Իրանի ու Իսրայելի միջև էր։ Միացյալ Նահանգները միայն վերջում մտավ պատերազմի մեջ, այն էլ առավելապես խորհրդանշական ձևով։ Նրա հարվածները Իրանի միջուկային կայաններին ավելի շատ զգուշացնող բնույթ ունեին, և Իսրայելի հարվածները դադարեցնելու կոչ էին հիշեցնում։
12-օրյա պատերազմի ժամանակ բացի ռազմական էլիտայից՝ չթիրախավորվեց Իրանի առաջնորդը։ Իսկ այս դեպքում սկզբնական հարվածները տեղացին կառավարական շենքերի ուղղությամբ։
Իրանը ամռանը նաև չէր արգելափակել շարժը Հորմուզի նեղուցում, ինչպես նաև ուղիղ հարվածներ չէր հասցրել տարածաշրջանի արաբական կարևոր պետություններին, ինչը նոր երևույթ է։
Նմանություններից թերևս կարելի է նշել, որ երկու դեպքում էլ Իրանի դեմ հարվածներին նախորդել էին միջուկային հարցով բանակցություններ։
Պարսից ծոցի երկրներ
Իրանը, տարածաշրջանի արաբական երկրներին հարվածելով, նրանց համար բարձրացնում է պատերազմի գինը։ Թիրախում են ԱՄԷ-ն, Քուվեյթը, Բահրեյնը, Օմանը և այլ երկրներ։ Հիմնական թիրախները այդ երկրների ամերիկյան ռազմաբազաներն են, որոնք ստեղծվել են դեռ նախորդ դարի 70-ականներին։ Սակայն վնասվել են նաև քաղաքացիական օբյեկտներ։ Այս իրավիճակը խորը դժգոհություն է հարուցում նրանց մոտ, քանի որ այս երկրները դիրքավորվում են որպես ներդրումների և միջազգային հաղորդակցությունների ապահով հանգրվան։
Արաբական երկրնեերը այդ թվում՝ Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն Իրանի գործողությունների դատապարտումով են հանդես եկել։ ԱՄԷ-ն որոշել է փակել իր դեսպանատունը Թեհրանում։ Այդ իմաստով Իրանի ու արաբական երկրների կապերը վտանգված են։
Արաբական այդ երկրները մեծ կարևորություն ունեն Իրանի համար։ Նրանց մի քանիսի հետ Թեհրանը երկար ժամանակ աշխատել է բարելավել իր հարաբերությունները։ Գլխավոր նպատակներից մեկը կանխելն էր ամերիկյան հովանու ներքո նրանց հավանական մտերմությունը Իսրայելի հետ։ 2023-ին չինական միջնորդությամբ կարգավորվեցին Իրանի կապերը Սաուդիան Արաբիայի հետ, իսկ ԱՄԷ-ի հետ տարաձայնությունները առժամանակ մի կողմ են թողնվել։ Իրանն ու ԱՄԷ-ն չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ Պարսից ծոցում գտնվող Աբու Մուսա, Մեծ Թոմբ, Փոքր Թոմբ կղզիների պատկանելության հարցում։
The post Իրանն առանց գերագույն առաջնորդի․ երեք սցենար և մեկ անորոշություն appeared first on CIVILNET.