«ԱՄՆ-ն շահագրգիռ է՝ որքան հնարավոր է շուտ ավարտվի այս իրավիճակը։ Եթե Հորմուզի նեղուցը Իրանը ոչ պաշտոնապես, բայց փակել է, հիմա արդեն կպարզվի, թե ինչքան մեծ ազդեցություն է դա ունեցել էներգակիրների՝ հեղուկ գազի և նավթի գների վրա, ինչը ԱՄՆ-ին ընդհանրապես ձեռնտու չէ՝ հատկապես հաշվի առնելով նաև առաջիկա ընտրությունները»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Էմմա Բեգիջանյանը։
Հարցին՝ ի՞նչ զարգացումներ կլինեն, ինչպիսի՞ ծրագրեր ունեն կողմերը, Էմմա Բեգիջանյանը պատասխանեց․ «Թեև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ գուցե սա մի երեք-չորս շաբաթ տևի, բայց նրանք շահագրգռված են՝ հարցը շուտ լուծեն։ Համենայն դեպս, Իսրայելն էլ է տուժում։ Այնտեղ օրենք կա, որ պատերազմի ժամանակ ԶԼՄ-ներն իրավունք ունեն միայն քաղաքացիական շենքերի հետ կապված խոցման կամ վնասների մասին խոսել և դրանք նկարահանել։ Այնպես որ, հայտնի չէ, թե ինչ վնասներ է Իրանը պատճառել Իսրայելին։ Իսրայելը չունի նաև ռազմավարական կոր, և եթե Իրանը ուժերը կենտրոնացնի այդ ուղղությամբ, կարող է շատ մեծ վնասներ պատճառել Իսրայելին, եթե երկարատև պատերազմի լինի»։
Ըստ Էմմա Բեգիջանյանի՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից մղվող պատերազմի նպատակները պարզ են․ «Նեթանյահուն պնդում է, որ պետք է բանը հասնի Իրանի մասնատման, ինչը իր գերնպատակն է։ ԱՄՆ-ում էլ կան այդպես մտածողներ, օրինակ՝ ԱՄՆ-ի դեսպանն Իսրայելում։ Նպատակն այն է, որ Իսրայելը դառնա Միջին Արևելքի գերտերություն, իսկ դա կլինի Իրանը մասնատելու միջոցով։ Իսրայելը մարտավարություն է իրականացնում, որ Իրանի բոլոր օրինապահ, իրավապահ և զինվորական ուժերը ոչնչացնի, որպեսզի ազատորեն կարողանա Իրանը հրեականացնել։ Բայց ԱՄՆ-ն այլ ծրագիր ունի․ Դոնալդ Թրամփը «Նյու Յորք Թայմսի» հետ հարցազրույցում ասել է, որ երեք տարբերակ ունի Իրանի համար՝ առաջինը, որն իր համար ցանկալի է՝ Վենեսուելայի տարբերակն է․ այսինքն՝ նպատակ չունի Իրանը մասնատելու։ Այս պատերազմը հենց Իսրայելի ցանկությամբ է սկսվել, իսկ ԱՄՆ-ում մի նախագահ ունենք, որն Իսրայելի բոլոր ցանկությունները կատարում է։ Ով ինչ պիտի անի․ Իսրայելն ու ԱՄՆ-ն բաժանել են իրենց պարտականությունները։ Իսրայելը հիմնականում ոչնչացնում է Իրանի ղեկավարությանը, այդ առումով մեծ վնասներ է հասցրել և որպեսզի վերացնի բոլոր այն արգելքները, որոնք կարող են խոչընդոտել, որ իրենց միջոցներով ուզենան ժողովրդին փողոց բերեն ընդդեմ իշխող համակարգի»։
Հարցին՝ այս պահին ինչպիսի՞ն է ուժերի հավասարակշռությունը, Էմմա Բեգիջանյանը պատասխանեց․ «ԱՄՆ-ն աշխարհի ամենահզոր ծովային ուժերն ունի, ԱՄՆ-ն ու Իսրայելն ունեն ամենաարդիական զենքերն ու կործանիչները։ Իրանի ռազմական օդանավերը սահմանափակվում են Շահի գնած F-14, F-4 կործանիչներով։ Բնականաբար, Իրանի միակ ուժը իր ԱԹՍ-ներն ու հրթիռներն են։ Բնական է՝ ուժերի անհավասար պայքարում նրանք ավելի շատ են կարողանում Իրանին վնաս հասցնել։ Իմ կարծիքով՝ Իրանն այնպիսի դիրքորոշում ունի՝ ավելի լավ է պարտվել, քան կապիտուլյացիայի ենթարկվել, հանձնվել»։
Հետաքրքրվեցինք՝ դրա համար էլ Իրանի իշխանությունը հրաժարվո՞ւմ է բանակցություններից, իրանագետը պատասխանեց․ «Բանակցությունը լինելու է այն, որ Իրանին պարտադրեն իրենց տեսակետը և երկրորդն էլ՝ փաստը մնում է փաստ է, որ հենց բանակցում են, նոր աղետ է գալիս։ Բանակցությունները, որ սկսվել էին, ժամանակ շահելու նպատակ ունեին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: