Պաշտոնական Երևանը դեռևս չի ցավակցել Իրանին՝ երկրի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեի սպանության կապակցությամբ։ Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մարտի 2-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում մեկնաբանելով այս հարցը՝ նշեց, որ ինքը Անվտանգության խորհրդի անդամ չէ և հայտարարություն չի անի, թե ինչու մինչ այս ցավակցական հայտարարություն չի եղել։
«Չեմ անի որևէ հայտարարություն։ Ես վստահ եմ, որ մեր կառավարության, այդ թվում և ինձ համար ցավալի են այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում նախ և առաջ ժողովրդի տեսանկյունից, բայց այդ հարցին պատասխանել չեմ կարող, որովհետև ոչ ոլորտի պատասխանատուն եմ և ոչ էլ անկեղծ ասեմ՝ մասնագետը»,- ասաց նա։
Գալյանը հրաժարվեց դիրքորոշում հայտնել նաև այն մասին, թե արդյոք ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կաշկանդում են կառավարությանը նման քայլ անել՝ վերահաստատելով, որ ոլորտին չի տիրապետում։ Նախարարը միևնույն ժամանակ ընդգծեց, որ Իրանը շարունակում է մնալ բարեկամ պետություն և համագործակցությունը տարբեր ոլորտներում շարունակվում է՝ հավելելով, որ իր վաղվա օրակարգում ներառված է հանդիպում Իրանի դեսպանի հետ։
Անդրադառնալով դիտարկմանը, թե պատերազմական իրավիճակում իշխող թիմը ներկուսակցական քարոզարշավ է իրականացնում, Սրբուհի Գալյանը հարցին հարցով պատասխանեց, թե ինչ պետք է աներ կառավարությունը, որ բացարձակ անտարբեր չթվար Հայաստանի սահմաններից դուրս կատարվողի հանդեպ։
Նա նշեց, որ հարգում է լրագրողի կարծիքը, թե պաշտպանության և արտաքին գործերի նախարարները չպետք է լինեին փողոցում, սակայն շեշտեց որ եթե Անվտանգության խորհուրդը գնահատել է, որ երկրի անվտանգությանը սպառնացող վտանգ չկա, ապա չկա պատճառ ներքին օրակարգից շեղվելու համար։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Մերձավոր Արևելքի երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։
The post Ինչո՞ւ Հայաստանը չի ցավակցել Իրանին՝ հոգևոր առաջնորդի սպանության կապակցությամբ․ նախարարի արձագանքը appeared first on CIVILNET.