Իրանում ջիհադ են հայտարարել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ

Քաղաքականություն

01.03.2026 | 16:14

Իրանցի այաթոլլա Մակարեմ Շիրազին ջիհադ (սրբազան պատերազմ) է հայտարարել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ, հայտում է Tasnim գործակալությունը։

Շիրազին հայտարարել է, որ Իրանի և իսլամական աշխարհի ժողովուրդը վրիժառու է գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի արյան համար։

Այաթոլլան նաև Խամենեիի ոչնչացման պատասխանատվությունը դրել է ԱՄՆ-ի և Իսրայելի վրա՝ Վաշինգտոնին և հրեական պետությանը անվանելով տեղի ունեցածի գլխավոր մեղավորներ։ Բացի այդ, նա այդ պետություններին բնութագրել է որպես «չարագործ և գոռոզ ռեժիմներ»՝ Իրանում նրանց համատեղ ռազմական գործողության պատճառով։

«Վրեժխնդրությունը աշխարհի բոլոր մուսուլմանների կրոնական պարտքն է, որպեսզի այս հանցագործների չարը արմատախիլ արվի»,- ընդգծել է Շիրազին։

Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելն ու Միացյալ Նահանգները հարվածներ են հասցրել Թեհրանին և Իրանի այլ հատվածներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի ոչնչացման մտադրության մասին։

Իրանի Կարմիր մահիկի ընկերության տվյալներով՝ հարվածների հետևանքով զոհվել է 201 մարդ, ևս 747-ը ստացել են վնասվածքներ։ Ավելի վաղ Իսլամական Հանրապետության իշխանությունները հայտնել էին Մինաբ քաղաքում գտնվող աղջիկների դպրոցի 108 աշակերտուհիների մահվան մասին։ The Guardian թերթը հիշեցնում է, որ քաղաքում է գտնվում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԿՀՊԿ) բազա։ Իսրայելն ու ԱՄՆ-ը չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին և Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին։ Իսրայելում հայտարարվել է արտակարգ դրություն։ Իրանի պատասխան հարվածները ազդել են նաև տարածաշրջանի այլ երկրների վրա։

Եվրամիությունը հայտնել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ լուրջ մտահոգության մասին։ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները խստորեն դատապարտել են տարածաշրջանի երկրների դեմ իրանական հարձակումները՝ Թեհրանին կոչ անելով բանակցությունների։

Ավելի վաղ Իրանում Խամենեիի հիշատակին մզկիթի վրա բարձրացրել էին կարմիր «վրեժի դրոշը»։

Leave a comment