ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՀՀԿ-ն Սումգայիթի զոհերի հիշատակի օրը ԵՄ անդամ երկրի խորհրդարանում հիշատակի ու դատապարտման միջոցառում էր կազմակերպում, իսկ նիկոլիստները՝ մոռացության մատնում։
1988-ի փետրվարի 27-29-ին ադրբեջանցիները Սումգայիթում կազմակերպեցին հայ բնակչության «պոգրոմները»։
Սումգայիթի «պոգրոմների» դատապարտումը եղել է Հանրապետական իշխանության ուշադրության կենտրոնում։
2018-ի գարնանը ԵՄ անդամ պետության՝ Սլովակիայի խորհրդարանում կազմակերպեցինք «Խորհրդարանականները ընդդեմ ցեղասպանության» միջազգային ցուցահանդեսը։
Ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ Սլովակիայի խորհրդարանի նախագահ Անդրեյ Դանկոյի և իմ մասնակցությամբ։
Դիմելով Սլովակիայի խորհրդարանի նախագահին ու պատգամավորներին՝ նշեցի.
«Եկեք չմոռանանք, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ։
30 տարի առաջ՝ 1988-ի փետրվարին, Սումգայիթում տեղի ունեցավ հայերի սպանդը, որը ցեղասպան քաղաքականության օրինակ է։
Հարգելի գործընկերներ, շնորհակալություն եմ հայտնում Սլովակիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար եւ ցանկանում եմ ընդգծել, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Օսմանյան կայսրությունում քրիստոնյա բնակչության ցեղասպանության ժխտողականությունը, Սումգայիթում տեղի ունեցած հայերի սպանդը, 2016 թվականին Ադրբեջանի կողմից կիրառված ագրեսիան, ինչպես նաեւ եզդիների ցեղասպանությունը»:
Ասածս ի՞նչ է…
Մինչեւ 2018-ը նման միջոցառումները նորմալ եւ տրամաբանական էին։
Իսկ հիմա չեն էլ հիշում Սումգայիթի զոհերի մասին Հայաստանի կառավարիչները, ու՞ր մնաց Սլովակիայում կամ ԵՄ անդամ այլ երկրներում դրա մասին խոսեն»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: