Փաշինյանն ու Ծառուկյանը՝ «Էփշտեյնի գործում». զեղծարարների նոր թակարդը

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում ակտիվորեն տարածվում են գրառումներ պնդումով, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի և գործարար Գագիկ Ծառուկյանի անունները իբր հայտնվել են ամերիկացի հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի գործով գաղտնի զեկույցներում։ 

Տեղեկությունը սենսացիոն վերնագրերով տարածվում է Instagram-ում և Facebook-ում գովազդային գրառումների միջոցով` թիրախավորելով հայաստանցի օգտարերերին։

Էկրանապատկերում՝ Փաշինյանի, Ծառուկյանի և Էպշտեյնի լուսանկարով գրառումները

Այդ գրառումներին կից հղումները տանում են դեպի կասկածելի կայքեր, որոնք, նմանակելով հայկական լրատվամիջոցներին, փորձում են օգտատերերին ներքաշել կեղծ ներդրումային սխեմաների մեջ։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է սոցցանցերում տարածվող այս գրառումները և պարզել դրանց իրական նպատակը։

Ինչպես է գործում Էփշտեյնի գործի շուրջ հորինված կեղծիքը

Տարածվող գովազդային գրառումներին կից հղումները տանում են Silvurean[.]com դոմեյնով կայք։ Այս հարթակը դիզայնով և տարբերանշանով ամբողջությամբ նմանակում է հայկական «Արմենպրես» պետական լրատվական գործակալության պաշտոնական կայքը։ Այս կեղծ հարթակում հրապարակված է ծավալուն և ամբողջովին հորինված մի հոդված, թե իբր Փաշինյանի անունը տեղ է գտել Էփշտեյնի գաղտնի ֆայլերում։

Էկրանապատկերում՝ «Արմենպրեսը» նմանակող զեղծարար կայքի հոդվածը

Ջեֆրի Էփշտեյնը ամերիկացի ֆինանսիստ էր, որը դատապարտվել էր անչափահասների սեռական շահագործման և թրաֆիքինգի համար։ Նրա գործը համաշխարհային հնչեղություն ստացավ հատկապես այն բանից հետո, երբ ԱՄՆ արդարադատության նախարարությունը սկսեց գաղտնազերծել նրա մասնավոր կղզուն և բարձրաստիճան հյուրերին առնչվող հազարավոր փաստաթղթեր: Այդ ֆայլերում հիշատակվում են բազմաթիվ ազդեցիկ քաղաքական գործիչներ, գործարարներ և շոու-բիզնեսի աստղեր։

Այս կեղծ հոդվածում պնդվում է, թե Նիկոլ Փաշինյանը Էփշտեյնի, Բիլ Գեյթսի և Իլոն Մասկի հետ համատեղ գործարկել է «AI Revenue Boosters» անվանումով ներդրումային հարթակ։ Համաձայն հորինված պատմության՝ այս համակարգը հիմնված է արհեստական բանականության ալգորիթմների վրա և երաշխավորում է աստղաբաշխական եկամուտներ։

Խարդախները իրենց հորինվածքին առավել վստահելի տեսք տալու համար հրապարակել են մի շարք կեղծված փաստաթղթեր։ Դրանցից առաջինը իբր Էփշտեյնի կողմից Նիկոլ Փաշինյանին 2017-ին ուղարկված էլեկտրոնային սպառնալից նամակն է։ Դրանում Էփշտեյնն իբր նախազգուշացնում է Փաշինյանին չհրապարակայնացնել հարթակի աշխատանքի սկզբունքները՝ հայտարարելով, թե հակառակ դեպքում նա «մեռած մարդ է»։

Էկրանապատկերում՝ Փաշինյանի և Էփշտեյնի կեղծ նամակագրությունը

Մյուս կեղծ փաստաթուղթը ներկայացվում է որպես ՀՀ Ազգային հետախուզական ծառայության Ֆինանսական մոնիտորինգի կենտրոնի վերլուծություն։

Ռուսերենով կազմված այս աղյուսակում թվարկված են միջազգային առաջնորդների անուններ և նրանց կողմից իբր կատարված փոխանցումներ։ Փաշինյանի անվան դիմաց նշված է 120,460,000 դրամ։

Էկրանապատկերում՝ հետախուզական վերագրվող կեղծ ֆինանսական վերլուծությունը

Հարկ է նշել, որ «Հայաստանի ազգային հետախուզական ծառայություն» որպես առանձին կառույց 2017-ին չի եղել։ Սա ամբողջովին հորինված կառույց է։ 

Կայքում տեղադրված է նաև «Ամերիաբանկի» կազմված կեղծ քաղվածք։ Այնտեղ պատկերված է իբր քաղաքացի Գևորգ Մկրտչյանի հաշիվը, որտեղ «ներդրումային հարթակից» ստացվել է շուրջ 338,651 դրամի եկամուտ։

Էկրանապատկերում՝ «Ամերիաբանկի» կազմված կեղծ քաղվածքը

Իրականում նման ներդրումային հարթակ գոյություն չունի, իսկ հրապարակման միակ նպատակը քաղաքացիներից գումար շորթելն է։ Կայքում բացակայում է որևէ հղում դեպի իրական ներդրումային համակարգ. փոխարենը պահանջվում է հարցաթերթիկում մուտքագրել անձնական տվյալներ և հեռախոսահամար։ Դրանք լրացնելուց հետո զեղծարարները զանգահարում են զոհերին՝ ներկայանալով որպես «ներդրումային խորհրդատուներ»։

Ուշագրավ է, որ հոդվածի վերջում զետեղված են օտարերկրյա (այդ թվում՝ ադրբեջանական) անուններով օգտատերերի կեղծ մեկնաբանություններ, որոնք իբր արդեն հարստացել են այս ծրագրով։

Էկրանապատկերում՝ հոդվածում հարցաթերթիկը և կեղծ մեկնաբանությունները

Meta ընկերության գովազդների գրադարանի տվյալներով՝ այս ապատեղեկատվությունը տարածվում է «Hannahp Guzman Gracet» անվամբ էջի միջոցով։ Էջը ստեղծվել է 2025-ի նոյեմբերի 25-ին և վերջին շրջանում շրջանառել է մոտ 50 ակտիվ գովազդ։ Զեղծարարները նույն սխեման կիրառում են նաև այլ երկրների, օրինակ՝ Բուլղարիայի լսարանի համար՝ օգտագործելով երկրի նախագահ Ռումեն Ռադևի անունը։

Էկրանապատկերում՝ ֆեյսբուքյան էջի և գովազդների գրադարանի տվյալները

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի անունների շահարկմամբ տարածվող լուրերը բացարձակ կեղծիք են։ Դրանք ստեղծվել են օգտատերերին մոլորեցնելու և նրանցից գումար շորթելու նպատակով։ Նմանատիպ հրապարակումների հանդիպելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել կայքի իրական հասցեին և երբեք չտրամադրել անձնական տվյալներ կասկածելի հարթակներում։     

The post Փաշինյանն ու Ծառուկյանը՝ «Էփշտեյնի գործում». զեղծարարների նոր թակարդը appeared first on CIVILNET.

Leave a comment