Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սոցցանցերում բազմահազար հետևորդներ ունեցող էջերը տարածում են գրառումներ իբրև նպաստի նոր տեսակի ներդրման մասին:
«Նպաստի նոր տեսակ. ամսական մինչև 60000 դրամ․ տեսեք ում է սա վերաբերում»,- նշված է գրառման մեջ։
Սակայն այս հրապարակումները որևէ նոր տեղեկատվություն չեն պարունակում։ Դրանց հիմնական նպատակը օգտատերերի ուշադրությունը գրավելն է և նրանց ուղղորդելը տելեգրամյան ալիքներ կամ կցված կայքեր։
Նպաստի ի՞նչ տեսակներ են գործում․ կա՞ արդյոք նոր տեսակ
Սոցցանցերում շրջանառվող գրառումներում չի հստակեցվում, թե կոնկրետ ինչ «նոր նպաստի» մասին է խոսքը կամ որն է դրա պաշտոնական անվանումը։ Ներկայում գործող պետական նպաստների հիմնական տեսակներն են անապահովության նպաստը, հրատապ օգնությունը, երեխայի ծննդյան միանվագ նպաստը և այլն։
Նման բովանդակությամբ գրառումները տարածվում են փետրվարի 21-ից, սակայն վերջին շրջանում նպաստի նոր տեսակ չի սահմանվել։
Ու՞ր են տանում գրառումները և ո՞րն է դրանց իրական նպատակը
Գրառումներից որոշներին կցված է տելեգրամյան ալիքի հղում, որն ընդամենը մի քանի բաժանորդ (subscriber) ունի։
Որոշ գրառումներին կցված է 24newsarm[.]ru կայքի հղումը։ Կցված հոդվածում արդեն նշվում է, որ խոսքը վերաբերում է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար նախատեսված նպաստին։
Սակայն կառավարությունը համապատասխան փոփոխությունն ընդունել է ոչ թե վերջերս, այլ 2025 թվականի նոյեմբերի 20-ին։ Այդ որոշմամբ ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրամադրվող պետական աջակցության ծրագիրը վերածվում է մշտական պետական նպաստի։ Այն նախատեսում է ամսական 50 հազար դրամ՝ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար՝ մինչև 6 տարեկան։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ 2026 թվականի հունվարի 1-ից գործող 20% հետվճարի մեխանիզմի կիրառման դեպքում, անկանխիկ առևտուր կատարելիս, այդ գումարը կարող է հասնել մինչև 60 հազար դրամի։
Այսինքն՝ 60 հազար դրամը նոր սահմանված նպաստ չէ, այլ հնարավոր առավելագույն գումար՝ հետվճարի հաշվին։
Այսպիսով, «նոր տեսակի» նպաստի մասին գրառումները չեն համապատասխանում իրականությանը։ Խոսքը 2025 թվականի նոյեմբերին ընդունված որոշման մասին է, իսկ 60 հազար դրամը նոր նպաստ չէ, այլ կարող է ձևավորվել 50 հազար դրամի նկատմամբ կիրառվող 20% հետվճարի արդյունքում։
The post Նպաստների մասին զգայուն թեման՝ դիտումներ հավաքելու գործիք appeared first on CIVILNET.