Կայացել է շրջակա միջավայրի նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կայացել է շրջակա միջավայրի նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը։
Ինչպես հայտնել են նախարարությունից, շուրջ երեք տասնյակ անդամներից բաղկացած խորհուրդը միավորում է շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող անհատների, բնապահպանական ու հասարակական կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի ներկայացուցիչների։
«Նախարար Համբարձում Մաթևոսյանը նախքան նիստի մեկնարկը շնորհակալություն հայտնեց գործընկերներին՝ խորհրդի կազմում ընդգրկվելու համար՝ ընդգծելով, որ ոլորտի խնդիրները բոլորի համար առաջնահերթ են, և միայն համագործակցության միջոցով հնարավոր է գտնել ավելի արդյունավետ լուծումներ։ Այս հարթակի նպատակը բաց, մասնագիտական ու վստահելի համագործակցությունն է պետության, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի, գիտական ու կրթական համայնքի և ակտիվ քաղաքացիների միջև։
Խորհրդին ներկայացվեց Կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագրով տարվա ընթացքում նախարարության կողմից իրականացվելիք միջոցառումների համառոտ տեղեկատվությունը, ապա անդրադարձ եղավ 2026 թվականին Հայաստանում կայանալիք COP17 համաժողովի նախապատրաստական գործընթացին, որն այս փուլում նախարարության օրակարգում առանցքային տեղ է զբաղեցնում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նիստը չի սահմանափակվել միայն օրակարգային հարցերով․ ծավալվել է ակտիվ հարցուպատասխան ոլորտի հիմնախնդիրների շուրջ։ Նախարարը պատասխանել է բարձրացված ու ներկաներին հուզող հարցերին՝ կարևորելով, որ հանդիպումներն այսուհետև լինեն կոնկրետ արդյունքներով ու առաջընթացով։
«Վստահ եմ՝ այս խորհրդի աշխատանքը կարող է դառնալ վստահության և արդյունավետության լավ օրինակ, որտեղ յուրաքանչյուր մասնակցի խոսքն իրական ազդեցություն ունի, իսկ առաջարկներն ու դիտարկումները նպաստում են ավելի հավասարակշռված որոշումների կայացմանը՝ հիմնված փաստերի, գիտության, դաշտային փորձի և հանրային շահի վրա»,- նիստի ավարտին նշել է նախարարը։