Մեր երաշխավորը մենք ենք․ վարչապետ

Մեր երաշխավորը մենք ենք՝ աշխարհը, իրադրությունը և սեփական խնդիրներն ընկալելու ու դրանց լուծումներ գտնելու ընդունակությամբ։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեհաստանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ՝ ընդգծելով, որ երկիրը պետք է հրաժարվի արտաքին երաշխավորներ փնտրելու «հին մտածողությունից»։

Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության գործընթացում մեկից ավելի երաշխավորներ ունենալու մասին քննարկումները հին մոտեցումների արդյունք են, քանի որ մոռացվում է, որ Հայաստանը նախկինում ունեցել է դեյուրե պարտավորությամբ արձանագրված անվտանգության երաշխավոր։ 

Փաշինյանը նշել է, որ տարածաշրջանային խնդիրների բախվելիս առաջնային ռեակցիան եղել է՝ «իսկ ու՞մ մենք պետք է զանգենք», սակայն ի վերջո հասկացվել է, որ դա սխալ մոտեցում է։ 

«Քաղաքական այն հիմնական փոփոխությունը, որ մեզանում տեղի է ունեցել, որ պրոբլեմը մերն է, մենք ենք մեր պրոբլեմի տերը և հետևաբար մեր հոգսն է պրոբլեմը լուծելը»,- ասել է նա։

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ պետությունն իր խնդիրները լուծել է սեփական ցավը երբեմն տասնապատկելով, քանի որ «այդ ցավը ուրիշին չի ցավացնում»։ 

Նա արձանագրել է, որ Հայաստանն անցել է տանջալից ճանապարհ և հասել մի կետի, որտեղ հաղթահարվել է պատմական այն ցիկլը, երբ աշխարհաքաղաքական հանգամանքների և վերահսկողությունից դուրս գտնվող գործոնների պատճառով պարբերաբար կորսվում էր պետականությունը։

Ըստ վարչապետի՝ այդ ցիկլի հաղթահարումն առաջին հերթին պայմանավորված է խաղաղության հաստատմամբ, բայց այն պետք է շարունակաբար զարգացնել ու ուժեղացնել, քանի որ «աշխարհում և տիեզերքում ոչ մի բան ստատիկ չի»։ 

Ըստ Փաշինյանի՝ կառավարության նպատակը Հայաստանի պետականության հարատևությունն է և խաղաղ, անվտանգ ու զարգացած երկիր ունենալը։

 «Իմ կարծիքով, ստեղծել ենք բավարար նախադրյալներ էս խնդիրը լուծելու համար»,- ասել է վարչապետը։

The post Մեր երաշխավորը մենք ենք․ վարչապետ appeared first on CIVILNET.

Leave a comment