«Օբյեկտիվ իրականությունը չի փոխվել, սակայն մենք մի քանի բան ենք պատրաստվում փոխել, որոնց միջոցով կկարողանանք ռեժիմների փոփոխություն անել». ՍիվիլՆեթի տաղավարում հայտարարեց ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը՝ անդրադառնալով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից հայտարարված ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմին։
Հիշեցնենք, որ ընկերությունը տեղեկացրել էր Երևանում և մի շարք այլ տարածքներում ջրամատակարարման նոր ժամանակացույց սահմանելու մասին։ Մասնավորապես, Երևանում ջրամատակարարումը նախատեսվում էր իրականացնել ժամը 07:00-ից մինչև 24:00-ն, այսինքն՝ օրական 17 ժամ, իսկ 7 ժամ ջուր չէր լինելու։ Հայտարարությունը առաջացրել էր հանրային բուռն արձագանք, որից հետո կառավարության միջամտությամբ հայտարարվեց, որ ժամանակացույցի փոփոխություն չի լինի։
Ղալամքարյանի խոսքով՝ խոսքը չի վերաբերում ամբողջ Երևանում կամ ամբողջ Հանրապետությունում 24-ժամյա ջրամատակարարում ապահովելուն։ Նա հիշեցրեց, որ նման ժամանակացույցեր «Վեոլիայի» կողմից հրապարակվել են նաև նախորդ տարիներին, և վերջին յոթ տարիներին պարբերաբար եղել են գրաֆիկներ, ըստ որոնց՝ գիշերը յոթ ժամ ջուր չի լինելու։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք դադարները գնալով վատթարացել են, Ղալամքարյանը նշեց, որ դա պայմանավորված է մի շարք օբյեկտիվ պատճառներով։ Նրա խոսքով՝ վերջին 7-10 տարիների ընթացքում ջրաղբյուրներում ջրի ծավալը նվազել է շուրջ 24-25 տոկոսով։ Բացի այդ, ազդեցություն ունի կառուցապատման բարձր տեմպը թե՛ Երևանում, թե՛ մայրաքաղաքի մերձակայքում։ Նա նաև մատնանշեց համակարգի կորուստները։
Անդրադառնալով կառավարության քայլերին՝ Ջրային կոմիտեի նախագահը նշեց, որ նախատեսվում է արագացնել ընթացիկ կապիտալ աշխատանքները և համագործակցել կապալառուների հետ։ Ներկայում իրականացվում են խոշոր կապիտալ ծրագրեր, որոնց միջոցով հնարավոր կլինի խնայել զգալի ծավալի ջուր թե՛ Երևանի վարչական շրջաններում, թե՛ մարզերում և համայնքներում։ Թեև այդ աշխատանքների վերջնաժամկետը նախատեսված է մինչև դեկտեմբեր, նպատակ կա դրանք ավարտել մինչև ամառ՝ աշխատելով առավել ինտենսիվ գրաֆիկով։
Երկրորդ ուղղությունը նոր ջրաղբյուրների հայտնաբերումն է։ Այս աշխատանքը իրականացվում է «Վեոլիա Ջուր» ընկերության հետ համատեղ, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և Շրջակա միջավայրի նախարարությունների հետ համագործակցությամբ։ Ղալամքարյանի խոսքով՝ այս գործընթացը, որը կարող էր տևել մեկ տարի, փորձ է արվում իրականացնել երեք-չորս ամսվա ընթացքում։ Նրա խոսքով՝ շինարարական հատվածն ամենաժամանակատարը չէ, ավելի շատ ժամանակ են խլում փաստաթղթավորման և ընթացակարգերի հարցերը։
Ղալամքարյանը նշեց նաև, որ կառավարությունը պատրաստակամ է որոշակի ճկունություն դրսևորել կարգերի առումով, ինչը հնարավորություն կտա ռեժիմներն ավելի ճկուն դարձնել և նվազեցնել ջրանջատումների տևողությունը։ Խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ հնարավոր անջատումները կարող են կազմակերպվել այնպիսի ժամերին, որոնք նվազ ազդեցություն կունենան բնակիչների կենցաղի վրա։
Նա նաև բացատրեց, թե ինչու է անհրաժեշտ գիշերային ժամերին ջրի անջատումը։ Խմելու ջուրը կուտակվում է Օրվա կարգավորիչ ջրավազաններում (ՕԿՋ), որպեսզի գիշերը հասցնի հավաքվել, իսկ ցերեկը բաշխվել և սպառվել։ Եթե գիշերը ջուրը չկուտակվի, ապա ցերեկը կարող են խնդիրներ առաջանալ։
Անդրադառնալով համակարգի կորուստներին՝ Ղալամքարյանը նշեց, որ տարբեր հաշվարկներով դրանք կազմում են մոտ 45 տոկոս։ Կորուստների մեջ ներառվում են ինչպես հնամաշ ենթակառուցվածքներով պայմանավորված վնասվածքները, այնպես էլ չհասութագրվող ջուրը, այդ թվում՝ ապօրինի միացումները։ Նրա խոսքով՝ նույնիսկ այն դեպքում, երբ սպառողները ջուր չեն օգտագործում, համակարգը շարունակում է կորուստներ ունենալ, և ջրավազանները չեն կարող անհրաժեշտ ծավալով լցվել։
Ջրային կոմիտեի նախագահը ընդգծեց, որ ամբողջ հանրապետության տարածքում համակարգը չի կարող կորուստներ չունենալ, քանի որ տասնամյակներ շարունակ դրա արդիականացման և նորոգման ուղղությամբ ներդրումներ չեն իրականացվել։
The post Վերջին 7-10 տարիներին ջրաղբյուրներում ջրի ծավալը նվազել է շուրջ 24-25 տոկոսով. Ջրային կոմիտեի նախագահ appeared first on CIVILNET.