Ճանապարհները քանդած էին, խցանում էր

Հակակոռուպցիոն դատարանում այսօր դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Նիստից ուշացել էր գործով մեղադրյալներից ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նա՝ ի պատասխան դատարանի հարցմանը, թե ինչու է ուշացել, բացատրեց. «Ես մեղավոր չեմ, բոլոր ճանապարհները քանդված են, դիմացս խցանում էր, մոտ մեկ ժամ է` գալիս եմ»:
«Իրականում շատ վատ է վիճակը»,- Խաչատուրովին լրացրեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Դատարանը հարցուպատասխանից հետո քննարկեց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի ներկայացրած միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Պողոսյանը միջնորդել էր վարույթից հեռացնել հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանին, քանի որ վերջինս այդ գործով նաեւ ժամանակին եղել է քննչական խմբի անդամ:

«Ինչ վերաբերում է վարույթի հետագա փուլերում առաջացող հնարավոր մտահոգություններին, ապա այն փաստը, որ Հովհաննիսյանը եղել է քննչական խմբի անդամ եւ ըստ այդմ հնարավոր է՝ ձեռք բերած լինի ապացույցներ, ու անհրաժեշտություն առաջանա նրա հարցաքննության, ապա համապատասխան փուլերում, եթե նման անհրաժեշտության առաջանա, միայն այդ դեպքում դատարանը կարող է քննարկել Հայկ Հովհաննիսյանին վարույթից ազատելու հարցը»: Այսպիսով` դատարանը մերժեց Խաչատուրովի պաշտպանի ներկայացրած միջնորդությունը՝ հանրային մեղադրողին բացարկ հայտնելու վերաբերյալ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment