Հայկ Խանումյան
2026-ի փետրվարի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացած ու դեռ չվերադարձած արցախցիների թիվը կազմել է 15,000։ Բռնի տեղահանված արցախցիների թիվը 150,000 է։ Դա 2020-ի պատերազմի և 2023-ի Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտման հետևանքով Արցախից հեռացած բնակիչների թիվն է։ Մենք տվյալներ չունենք 2020-ի սեպտեմբերից մինչև 2023-ի հոկտեմբեր Հայաստանը լքած արցախցիների մասին։ Այնուամենայնիվ, ըստ պաշտոնական տվյալների, 2023-ի հոկտեմբերից մինչ այսօր, Հայաստան տեղափոխված արցախցիների առնվազն 10 տոկոսը լքել է Հայաստանը։ Սա սովորակա՞ն թիվ է Հայաստանից արտագաղթողների մեջ, թե այլ բնութագրիչներ ունի։
ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 2024-ի 17-ի նիստում հաստատել է Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը: Այս ռազմավարության ստեղծման ժամանակ մշակվել է բավականին հարուստ բազա՝ վերջին 125 տարվա Հայաստանի բնակչության հասանելի բազաները, այդ թվում նաև Արցախի ժողովրդագրական տվյալները։ Ընդ որում, ռազմավարությունը գրելու ժամանակ Արցախի Հանրապետությունը դեռևս գոյություն ուներ և փաստաթղթի հեղինակները հանրավորություն ունեին Արցախի Հանրապետության պետական մարմիններից ստանալ տվյալներ և նրանց հետ քննարկումներ անցկացնել։
Ռազմավարության մեջ Արցախի ժողովրդագրական նկարագրին վերաբերող տվյալահենք մաս կա։ Այսպիսով, Արցախի բնակչությունն առանձնանում է ավելի երիտասարդ բնակչությամբ։ Ի տարբերություն Հայաստանի ծերացող բնակչության՝ Արցախի բնակչության բուրգում աչքի է ընկնում երեխաների և երիտասարդների տեսակար մեծ կշիռը։ Հայաստանի համեմատ Արցախում պտղաբեր կանանց ավելի մեծ տեսակարար կշիռ կա, 2010-ական թվականներին պտղաբերության ինդեքսը եղել է 2,3՝ 2019-ին իջնելով 1,9-ի։ Այնինչը Հայաստանի կանանց պտղաբերության ինդեքսը 1,6 է և ռազմավարության նպատակներից մեկն էլ այն է, որ 2040-ին այն հասնի 1,8-ի։ 4-րդ և 5-րդ երեխաներով ընտանիքների տեսակարար կշռով Արցախը 5-7 անգամ ավելի բարձր ցուցանիշներ ունի, քան Հայաստանը։ Ընդ որում, Արցախում կյանքի տևողությունը նույնն էր, ինչ Հայաստանում, Արցախում սեռով պայմանավորված սելեկտիվ աբորրտներ գրեթե չկային, ինչի մասին վկայում է ծնված տղաների և աղջիկների թվի հարաբերակցությունը։ Հետևաբար, Արցախում ապրում էր ավելի երիտասարդ, շատ երեխաներ ունենալու հակում ունեցող, սելեկտիվ աբորտները մերժող բնակչություն։
Արցախում ծնելիության նման բարձր տեմպերը պայմանավորված էին որոշակի սոցիալական քաղաքականությամբ, այնպիսի ծրագրերով, ինչպես օրինակ 6-րդ երեխայի ծննդյան դեպքում պետության կողմից տան տրամադրմամբ, կամ էլ մասնավոր մի շարք նախաձեռնություններով (օրինակ 1, օրինակ 2) , որոնք կարող էին առաջացնել որոշակի մոտիվացիա։ Այնուամենայնիվ, անկախ դրանից, արցախյան ընտանիքները հակված էին ավելի շատ երեխաներ ունենալու։
Հայաստանից արցախցիների արտագաղթի պատճառների վերաբերյալ խորքային ուսումնասիրություններ չկան, այնուամենայնիվ, որոշ դիտարկումներ և կոռելացիաներ ցույց են տալիս, որ մարդիկ հեռանում բավարար եկամուտներ (աշխատանք, սոցիալական աջակցություն) չունենալու պատճառով։ Այսպես, երբ 2025-ի մայիսից էականորեն կրճատվեց բնակվարձի դիմաց տրվող փոխհատուցման շահառուների թիվը, նկատվեց արտագաղթի ալիքի աճ․ եթե 2025-ի սկզբին մեկնած-չվերադարձածների թիվը կայունացել էր 11,000-ի վրա, նկատվում էր մեկնածների վերադարձ, ապա մայիսից հետո թիվը սկսեց աճել։ Պետք է նաև ենթադրել, որ հիմնականում հեռանում են աշխատունակ անձինք։
Մինչև բնակապահովման հարցի լուծումը արցախցիների սոցիալական ծրագրերի կրճատումը, որը բերել է բռնի տեղահանվածների շրջանակում արտագաղթի ավելացմանը, հակասության մեջ է մտնում կառավարության ընդունած ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարության հետ։ Մասնավորապես, փաստաթղթով դրված են նպատակներ հասնելու բարձր ծնելիության, առողջ ապրելակերպի, ակտիվ ծերության (որպեսզի ծերացող հասարակությունը բեռ չդառնա երիտասարդների վրա), արտագաղթի հանգեցնող դրդապատճառների նվազեցման։ Այս նպատակներին հասնելու համար դրանից բխող միջոցառումների վրա մինչև 2040-ը ծախսվելու է մի քանի միլիարդ դոլար։ Այնինչ, երիտասարդ, շատ երեխաներ ունենալու հակված, սելեկտիվ աբորտներ չհանդուրժող բնակչության խմբի արտագաղթը կանխելու համար կառավարությունը որոշեց խնայողություններ անել։ Բնակվարձի փոխհատուցման ծրագրի տարեկան արժեքը մոտ 50 միլիարդ դրամ է, որն անընդհատ կրճատվում էր (տուն ձեռքբերողները այլևս ծրագրից չեն օգտվում)։ Այսինքն, կառավարությունը որոշեց 50 միլիարդ խնայել, որը բերեց ցանկալի ժողովրդագրական ցուցիչներ ունեցող խմբի մոտ արտագաղթի մեծացման՝ նպատակ ունենալով հետագայում այդ ցուցիչները բարելավելու համար ավելի շատ գումար ծախսել։ Համեմատության համար նշենք, որ միայն 2025-ին հիպոթեքային վարկի մարման համար եկամտային հարկի վերադարձի գումարը կազմել է 100 միլիարդ դրամ և այս թիվն առաջիկա տարիներին աճելու է։
Արցախցիների արտագաղթը Հայաստանից պարզապես սոցիալական կամ մարդասիրական խնդիր չէ․ այն ունի հստակ ժողովրդագրական, տնտեսական և ռազմավարական բաղադրիչներ։ Այս գործընթացը փաստացի չեզոքացնում է հենց այն ժողովրդագրական պոտենցիալը, որի ձևավորման վրա պետությունը պատրաստվում է ծախսել միլիարդավոր դոլարներ առաջիկա տասնամյակներում։ Եթե կարճաժամկետ բյուջետային խնայողությունները գերակայեն երկարաժամկետ ժողովրդագրական և ազգային շահերին, ապա նույնիսկ լավագույն ռազմավարությունները կմնան թղթի վրա։ Արցախի բռնի տեղահանված բնակչության պահպանումը Հայաստանում պետք է դիտարկվի ոչ թե որպես սոցիալական բեռ, այլ որպես ներդրում Հայաստանի ապագա ժողովրդագրական կայունության, աշխատուժի վերարտադրության և ազգային անվտանգության մեջ։
Հայկ Խանումյանը Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետ է։ 2015-2020 թվականներին նա եղել է Արցախի խորհրդարանի պատգամավոր, իսկ 2020-22 թվականներին՝ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։
Հոդվածը ի սկզբանե հրապարակվել է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի կայքում։
The post Արցախցիների արտագաղթը հարվածում է Հայաստանի ժողովրդագրական կայունությանը appeared first on CIVILNET.