«Հավերժական Արցախ»․ Բեյրութում կայացել է Արցախյան շարժմանը նվիրված միջոցառում, որին հրավիրված էր ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը։
Կազմակերպությամբ ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի, հինգշաբթի, 26 փետրվար 2026-ին, «Հակոբ Տեր Մելքոնյան» թատերասրահում տեղի ունեցավ Արցախի ազատագրական պայքարի 38-ամյակին նվիրված «Հավերժական Արցախ» խորագիրը կրող ձեռնարկը:
Միջոցառմանը ցուցադրվեց Արցախի ազատագրական պայքարի պատմությունն ու վերջին տարիների իրադարձությունները ներկայացնող տեսաֆիլմ:
Օրվա պատգամը փոխանցեց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա Պուլուզյանը:
Արա Պուլուզյանի խոսքն՝ ամբողջությամբ։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախյան շարժման հոբելյանական տարեդարձի նշումը վերստին ապացուցում է, որ ազատության համար պայքարի ձայնը երբեք չի լռում։ Այսօր, երբ մենք հավաքվել ենք Լիբանանում՝ նշելու Արցախյան շարժման այս պատմական օրը, որն իրավամբ Արցախի տոնացույցում ամրագրված է որպես «Վերածննդի օր», մեր սրտերը լցված են և՛ ցավով, և՛ հպարտությամբ։
1988 թվականի փետրվարի 20-ը դարձավ հայ ժողովրդի նորագույն պատմության շրջադարձային պահը. Արցախը բարձրացրեց իր ձայնը՝ պահանջելով ազատություն, արժանապատվություն և վերամիավորում Մայր Հայաստանին։ Այսօր, երբ մեր ժողովուրդը կրկին կանգնած է ճակատագրական փորձությունների առաջ, մենք պարտավոր ենք վերարժևորել այդ շարժման խորհուրդը, նրա թողած ժառանգությունը և մեր միասնական պայքարի անկոտրում կամքը։
Լիբանանահայությունը տասնամյակներ շարունակ եղել է Հայ Դատի և ազգային պահանջատիրության բաբախող սիրտը։ Այսօրվա այս միջոցառումը ևս մեկ անգամ փաստում է, որ հեռավորությունն ու կորուստը չեն կարող տկարացնել Հայրենիքի ցավով ապրողի կամքը։
1988-ի փետրվարի 20-ին Ստեփանակերտում գումարված Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարզխորհրդի արտահերթ նիստը, արձագանքելով տասնամյակների ընթացքում կուտակված ազգային, մշակութային և տնտեսական ճնշումներին, միաձայն որոշում ընդունեց դիմել Ադրբեջանի, Հայաստանի և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին՝ պահանջելով մարզի դուրսբերումը Ադրբեջանի կազմից և միացումը Հայաստանին։ Թեև այն ձևակերպված էր որպես խնդրագիր, իրականում դա ազատագրության հռչակագիր էր։
Այս որոշումը ծնվեց երկար տարիների նվաստացումների, տնտեսական մեկուսացման, մշակութային և լեզվական իրավունքների խախտման, բնակչության կազմի արհեստական փոփոխությունների և ազգային ինքնության վտանգի գիտակցումից։ Արցախահայությունը, լինելով իր պատմական հայրենիքում, ապրում էր օտար վարչակարգի ներքո՝ զրկված լինելով սեփական լեզվով կրթություն ստանալու, մշակույթը պահպանելու, տնտեսական զարգացում ապահովելու հնարավորություններից։ Այս ամենը հանգեցրեց զանգվածային արտագաղթի, ազգային ինքնության կորուստի վտանգի և ժողովրդի համատարած դժգոհության։
Այդ օրը ներկայացված դիմումը իրականում հանդիսանում էր ազգային ինքնորոշման իրավունքի իրացման համարձակ քայլ։ Այն կարևոր էր ոչ միայն իրավական, այլև՝ բարոյական իմաստով. այն ցույց տվեց, որ Արցախի ժողովուրդը պատրաստ է իր ճակատագիրը տնօրինել ինքնուրույն, խաղաղ և օրինական ճանապարհով։ Սակայն հենց այս օրինական պահանջի դեմ էր ուղղված Ադրբեջանի իշխանությունների հակազդեցությունը՝ փորձելով խոչընդոտել խորհրդի նիստի գումարումը, ճնշում գործադրել պատգամավորների վրա և ամեն կերպ խափանել պատմական որոշման ընդունումը։ Այդուհանդերձ, ժողովուրդը չընկրկեց, և այդ օրը դարձավ ազգային զարթոնքի խորհրդանիշ՝ Վերածննդի օր։
Արցախի ժողովրդի օրինական պահանջին Ադրբեջանի պատասխանը եղավ բռնությունը։ Փետրվարի 27-29-ը Սումգայիթում կազմակերպվեցին հայերի զանգվածային ջարդեր՝ պետական մարմինների թողտվությամբ և խրախուսմամբ։ Սումգայիթի ոճրագործությանը հաջորդեցին արյունալի դեպքերը Բաքվում, Կիրովաբադում, Շամխորում և այլուր, ինչի հետևանքով շուրջ 350,000 հայեր բռնի տեղահանվեցին Ադրբեջանից։ Այդ օրերին հայությունը հասկացավ, որ իր գոյության իրավունքը պաշտպանված չէ օրենքով, և
այն պետք է նվաճել համազգային դիմադրությամբ։
Սումգայիթի և հետագա ջարդերը ոչ միայն մարդկային ողբերգություն էին, այլև խորապես ազդեցին ազգային ինքնագիտակցության վրա։ Հայ ժողովուրդը գիտակցեց, որ խաղաղ և օրինական պահանջները բախվում են բռնության պատին, և որ ինքնորոշման իրավունքը հնարավոր է պաշտպանել միայն համազգային դիմադրությամբ և անհրաժեշտության դեպքում՝ զինված պայքարով։ Սումգայիթը դարձավ նոր ցեղասպանության սպառնալիքի խորհրդանիշ, իսկ միջազգային հանրության լռությունը՝ արդարության բացակայության վկայություն։
Դաշնակցությունը, լինելով անկախության և միացյալ Հայաստանի գաղափարի կրողը, իր ողջ ներուժով կանգնեց Արցախի ժողովրդի կողքին։ Դաշնակցությունը դարձավ դիմադրության առաջամարտիկը՝ կազմակերպելով թե՛ տեղեկատվական-քաղաքական աշխատանքը սփյուռքում, և թե՛ կամավորական ջոկատների ձևավորումը հայրենիքում։
ՀՅԴ-ն դիմադրեց ոչ միայն արտաքին՝ ադրբեջանական և խորհրդային ճնշումներին, այլև ներքին՝ Հայաստանի իշխանությունների կողմից դրսևորվող անվստահությանը և նույնիսկ հակազդեցությանը։ Սովետական տարիներին Դաշնակցությունը պահպանեց անկախության և միայցալ Հայաստանի գաղափարը, հավատարիմ մնաց ազգային- ազատագրական պայքարի գաղափարին, դարձավ ազգային ինքնության պահպանման երաշխիք։ Արցախյան շարժումը ապացուցեց, որ այդ գաղափարը կենսունակ է և կարող է վերածվել իրականության։ ՀՅԴ Ընդհանուր ժողովը բանաձևել է պատմական ճշմարտությունը. «Արցախն ու Դաշնակցությունը բնական դաշնակիցներ են»։
1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը և ԼՂԻՄ-ի Ազգային խորհուրդը համատեղ որոշում ընդունեցին՝ ճանաչելով Արցախի միացումը Հայաստանին: Այս որոշումը ոչ միայն իրավական, այլև քաղաքական ու բարոյական նշանակություն ուներ. այն դարձավ Հայաստանի անկախության հռչակագրի հիմքը, որտեղ հստակ նշված էր, որ Արցախի ինքնորոշման իրավունքը և նրա միացումը Հայաստանին ազգային նպատակ է։
Անկախության շարժման հիմնական թեզերը ձևավորվեցին հենց Արցախի հարցի շուրջ՝ ընդգծելով, որ Հայաստանի պետականության վերականգնումը անբաժանելի է Արցախի ազատագրման և ազգային միասնության գաղափարից։ Այս գաղափարը դարձավ համազգային համախմբման առանցք, որի շուրջ ձևավորվեց նոր պետականությունը։ Արցախը Հայաստանի անկախության սրտի բաբախումն էր։
Արցախի և մայր Հայաստանի վճռականությունը, սփյուռքի մեր հայրենակիցների օժանդակությունները, եռամիսնության կայացումը հանգեցրին նրան, որ Արցախը կարողացավ ոչ միայն պաշտպանել իր գոյությունը, այլև՝ ստեղծել անկախ պետականություն։
Այսօր Արցախի կորուստը ոչ միայն տարածքային, այլև հոգևոր, տնտեսական և ռազմավարական հարված է ամբողջ հայությանը։
Արցախը երեք տասնամյակ ապրեց որպես անկախ պետություն՝ հաղթահարելով պատերազմների, շրջափակման, տնտեսական դժվարությունների և միջազգային մեկուսացման փորձությունները։ Այս տարիները դարձան ազգային-ազատագրական պայքարի իրական լինելու վկայություն, որի հիմքում ընկած էր անհատի և ազգի ազատության, արժանապատվության և ինքնորոշման գաղափարը։ Արցախի պետական զարգացման հոլովույթը ոչ միայն ռազմական հաղթանակի հետևանք էր, այլև՝ պետական կառավարման համակարգի, քաղաքացիական հասարակության, ժողովրդավարության և տնտեսական զարգացման օրինակելի ապացույց։
Արցախը դարձավ ազատության և արդարության խորհրդանիշ՝ ապացուցելով, որ խաղաղ համակեցությունը հնարավոր է միայն ազատ և հավասար իրավունքներով ազգային պետական համակարգերի գոյության պայամաններում։ Մշտական խաղաղությունը կարող է հաստատվել միայն այն դեպքում, երբ բոլոր ազգերը ունենան զարգացման հավասար հնարավորություններ, իսկ ինքնորոշման իրավունքը ճանաչվի որպես միջազգային իրավունքի անկյունաքար։
2018 թվականին տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» հանգեցրեց ազգային արժեքների, արտաքին քաղաքական ձեռքբերումների և անվտանգության համակարգի փլուզման։ Նոր իշխանությունները սկսեցին կասկածի տակ դնել ազգային իդեալները, Արցախի հարցի առաջնահերթությունը և արտաքին քաղաքականության ուղղությունները։ Մեր թշնամիները օգտվեցին այս խարխուլ իրավիճակից։ Այս ամենը հանգեցրեց 2020 թվականի պատերազմին, որի ընթացքում հայկական կողմը կրեց ծանր պարտություն՝ կորցնելով Արցախի մեծ մասը, ունենալով հազարավոր զոհեր և տեղահանվածներ։ Պարտությունը ցույց տվեց, որ ազգային արժեքների նսեմացումն ու հասարակության պառակտումը ճակատագրական հետևանքներ են ունենում։
2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի նոր ագրեսիայի արդյունքում Արցախի ողջ հայ բնակչությունը բռնի կերպով տեղահանվեց՝ դառնալով էթնիկ զտման զոհը։ Դա շարունակությունն էր պանթուրքիստական նկրտումների հետևանքում դեռ 1800 ական թվականներից սկսած օսմանցիների, ապա թուրքիայի և այժմ ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանության։ Ավելի քան 100,000 արցախահայեր ապաստանեցին Հայաստանում՝ կանգնելով սոցիալական, իրավական, բնակարանային և հոգեբանական լուրջ խնդիրների առաջ։
Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է ազգային արժեքների, եկեղեցու և հայրենասիրական դաստիարակության համակարգված թուլացում։ Կառավարությունը թիրախավորել է Հայ Առաքելական Եկեղեցին՝ փորձելով նվազեցնել նրա դերը հասարակական կյանքում, փոխել կրթական ծրագրերը՝ հանելով ազգային և քրիստոնեական արժեքների ուսուցումը, աղավաղել պատմությունը և հայրենասիրական դաստիարակությունը։ Այս ամենը ստեղծում է կեղծ պատկեր Հայաստանի մասին՝ այն դարձնելով նյութապաշտ և ազգային արժեքներից զուրկ պետության։
Այսօր, երբ մեր ժողովուրդը կանգնած է գոյաբանական մարտահրավերի առաջ, նման քաղաքականությունը վտանգում է մեր ազգային ինքնությունը, միասնականությունը և ապագան։
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը միշտ եղել է անկախ և միացյալ Հայաստանի գաղափարի կրողը՝ հատկապես սփյուռքում, երբ սովետական բռնության օրերին հայրենիքում այդ գաղափարը ճնշված էր։ Դաշնակցությունը սերունդեսերունդ շարունակ պահպանել է ազգային ինքնության, ազատության և արդարության գաղափարը՝ կազմակերպելով կրթական, մշակութային և քաղաքական աշխատանք, սատարելով հայրենիքին և պայքարելով ազգային իրավունքների համար։
Արցախի ազատագրումը այս գաղափարախոսության մարմնացումը դարձավ և ապացուցեց, որ ազգերի ինքնորոշումն ու ազատության ձգտումը ոչ թե երազանք են, այլ՝ իրագործելի նպատակ։ Հայ ժողովուրդը կրկին կանգնած է ճակատագրական փորձության առաջ, իսկ Դաշնակցությունը շարունակում է մնալ ազգային գաղափարախոսության և դրա համար մղվող պայքարի առաջամարտիկը։
Այսօր, երբ մեր հայրենակիցները տեղահանված են, երբ Արցախի ժողովուրդը ժամանակավորապես զրկված է հայրենի հողից, մենք պարտավոր ենք պահպանել պետական ինստիտուտները, հավաքական արժանապատվությունն ու իրավունքները։ Պետք է միջազգային հարթակներում շարունակենք ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը, պայքարենք վերադարձի իրավունքի, գերիների ազատ արձակման, մշակությաին և կրոնական արժեքների պահպանման ուղղությամբ։ Այս բոլոր ուղղություններով պայքարը պետք է դառնա մեր առօրյան։
Միայն համազգային համախմբմամբ, արժանապատվության և իրավունքների պաշտպանության աննահանջ պայքարով կարող ենք վերականգնել մեր կորցրածը, ապահովել մեր ժողովրդի ապագան և դուրս գալ այս գահավիժող պարտվողական ընթացքից։
Այս ամենը հնարավոր է Հայաստանում իշխանափոփոխության միջոցով՝ համահայկական առաջնահերթություն դարձնելով ազգային արժեքների վերականգնումը։ Պետք է մերժենք նյութապաշտությունը, բարոյական անկումը, պարտվողականությունը։ Առաջիկա հուլիսի 7-ի ընտրությունները վճռորոշ են մեր ժողովրդի ապագայի համար։ Սա լինելու է ընտրություն հարմարվողականության և պայքարի միջև, ծնկաչոք գոյության և արժանապատիվ կյանքի միջև։ Մենք պարտավոր ենք տեր կանգնել մեր տեսակին։
Մեր պայքարը ազատության համար է, իսկ ազատությունը համամարդկային արժեք է։ Իրական ազատությունն ու արդարությունը կարող են գոյություն ունենալ միայն այնպիսի աշխարհում, որտեղ կա ազգերի համերաշխություն։ Քաղաքակրթությունը կարող է ծաղկել միայն այն դեպքում, երբ բոլոր ազգերը ապրում են ազատ, արժանապատիվ և հավասար իրավունքներով։
«Հարատև կռիվ, հաճախ եւ երկար ժամանակ գուցէ անհաջող՝ չնայած երբեմն նույնիսկ իր լայն ծավալին, ահա թե ուր է մեր փրկության բանալին: Պահպանե՛նք շարունակե՛նք կռիվը, որպեսզի լայնանա, ընդարձակվի, եւ ընդարձակվելով՝ հարատևի, ահա դեպի մեր նպատակը տանող միակ ճանապարհը»,- սա է կտակել մեզ ազատագրական պայքարի ռահվիրա Քրիստափոր Միքայելյանը։ Այլ ելք չունենք մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ մերժենք այն կործանարար թեզը, թե Արցախի հարցը լուծված է կամ փակված։ Արցախը սոսկ տարածք չէ, որը կարելի է հանձնել ու մոռանալ։ Արցախը մեր ազգային պատվի չափանիշն է, իսկ առանց պատվի չկա խաղաղություն և չի կարող լինել ապագա։ Թող մեր սրտերում միշտ վառ մնա Արցախի ազատության կրակը։ Համոզված ենք՝ Արցախը ազատագրվելու է, որովհետև ազատության ձգտումը չի կարող պարտվել։
Փա՛ռք հայ ժողովրդի ազատագրական պայքարի ճամբին նահատակված հազարավար հայորդիներն։
Փա՛ռք պայքարի կրակը վառ պահող հայորդիներին։
Կեցցե՛ ազատ, անկախ և միացյալ Հայաստանը։
Աղբյուրը՝ aparaj.am-ի