Առանց փարոսիկների ու կիսով չափ չինարեն համակարգով․ ՆԳՆ-ի գնած նոր էլեկտրոմոբիլների մասին

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) 869 մլն դրամով ձեռք է բերել 57 էլեկտրոմոբիլ, որի մի մասն արդեն շահագործվում է ու առանց առկայծող փարոսիկների, իսկ օպերացիոն համակարգի լեզուն խնդիրներ է առաջացնում։ ՆԳՆ-ի կողմից մեքենաների գնման թեմային անդրադարձել էր նաև «Սպուտնիկ Արմենիա» լրատվամիջոցը։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է գնման գործընթացը, պաշտոնական հիմնավորումները և տեղում ստուգել մեքենաները՝ պարզելու, թե որքանով են հիմնավոր  «Սպուտնիկ Արմենիա»-ի պնդումները։  

Ռուսական «Սպուտնիկ Արմենիա» լրատվամիջոցը հունվարի 23-ին գրել էր․ «ՆԳՆ-ն էլեկտրամոբիլներ է գնել, որոնց վրա առկայծող փարոսիկներ չի կարողանում տեղադրել»։

Լրատվամիջոցը, մասնավորապես, նշել էր, որ ձեռք են բերվել 57 հատ յուրաքանչյուրը 40 հազար դոլարանոց (15,25 մլն դրամ) էլեկտրական մեքենաներ ՆԳՆ կարիքների համար։ Ըստ աղբյուրի՝ գնված մեքենաների պանորամային տանիքները լուրջ խնդիր են ստեղծել առկայծող փարոսիկների տեղադրման հարցում։

Տեղեկություն ստանալու նպատակով դիմեցինք ՀՀ ՆԳՆ՝ խնդրելով պատասխանել, թե ի՞նչ նպատակով և ո՞ր ստորաբաժանումներին սպասարկելու համար են ձեռք բերվել 57 էլեկտրոմոբիլները, ինչպե՞ս են դրանք բաշխվել, եթե իհարկե, բաշխվել են։

ՆԳՆ-ից պատասխանել են, որ մեքենաների գնումը կատարվել է Կառավարության 2025 թվականի մարտի 20-ի որոշման հիման վրա՝ ոստիկանության ստորաբաժանումների բնականոն գործունեությունն ապահովելու համար։

Ըստ նախարարության՝ 57 էլեկտրոմոբիլներից

︎ 35-ը տրամադրվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությանը,

︎ 15-ը՝ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությանը,

︎ 7-ը՝ գվարդիային։

Մինչդեռ, Կառավարության համապատասխան որոշման հիմնավորման մեջ նշված էր, որ նախատեսվում է ձեռք բերել 47 մեքենա․ «Տրանսպորտային միջոցներից 21 միավորը (սեդան թափքով) նախատեսվում է հատկացնել ՀՀ ՆԳՆ ՔՈԳ (քրեական ոստիկանության գլխավոր) վարչությանը, իսկ 26 միավոր տրանսպորտային միջոցները (սեդան թափքով)՝ ՀՀ ՆԳՆ ՀՈԳ (համայնքային ոստիկանության գլխավոր) վարչությանը»։ 

Այսինքն, հիմնավորման մեջ նշված էր 47 մեքենա, որից 21-ը պետք է հանձնվեր ՔՈԳՎ-ին, սակայն վերջնարդյունքում ձեռք է բերվել 57 մեքենա, իսկ ՔՈԳՎ-ին հանձնվել է 15-ը։

Պետական գնումը և պայմանագիրը

Մեքենաների գնումը տեղի է ունեցել էլեկտրոնային աճուրդի եղանակով։ Մրցույթում հաղթել էր «Մուրան» ՍՊԸ-ն, որը միակ մասնակիցն էր։ Մեկ մեքենայի գինը 15,25 միլիոն դրամ է, ընդհանուր՝ 869 միլիոն դրամ։ Կարևոր է նշել, որ մեքենայի տանիքի մասին տեխնիկական բնութագրում որևէ բան գրված չէ, ինչից հետևում է, որ տանիքի պանորամային լինելը չի խախտում մրցույթի պայմանները։ Տեխնիկական բնութագրում նաև նշված էր, որ մեքենայի օպերացիոն համակարգը պետք է լինի ռուսերեն և/կամ անգլերեն։

FIP.am-ի այցելությունը ՆԳՆ ավտոպարկ և մեքենաների ստուգումը

Համաձայն գնումների մասին օրենքի և Կառավարության 526-Ն որոշման՝ մատակարարված ապրանքի երաշխիքային ժամկետի ընթացքում թույլատրվում է իրականացնել ապրանքի նկատմամբ հանրային վերահսկողություն։

Այս որոշման հիման վրա FIP.am-ի թղթակիցը ստուգելու համար այցելել է ՆԳՆ ավտոպարկ, որտեղ այդ պահին առկա են եղել մի քանի դեռևս շահագործման չհանձնված մեքենաներ։ Սակայն մեքենաների հիմնական մասը արդեն իսկ հանձնվել էր ՔՈԳՎ-ին, ՀՈԳՎ-ին և գվարդիային։ 

Ըստ ՆԳՆ տնտեսական վարչության ավտոտնտեսության բաժնի պետ Կարեն Աբազյանի՝ նախատեսված չի եղել, որ մեքենաները ոստիկանության դիզայնով գունավորում ստանան կամ առկայծող փարոսիկ ունենան։ Դրանք պետք է մնային գործարանային տեսքով՝ օպերատիվ ծառայություն իրականացնելու համար։

Այնուամենայնիվ, 7 մեքենա հանձնվել է գվարդիային, որոնք ծառայություն են իրականացնում առանց առկայծող փարոսիկների։

Ոստիկանության գվարդիային պատկանող GEELY մեքենաները ծառայություն են իրականացնում Կառավարության և Նախագահի նստավայրի դիմաց, չունեն առկայծող փարոսիկներ։

Մինչդեռ գվարդիայի մյուս մեքենաները կահավորված են փարոսիկներով։ Մեր հարցին, թե ինչո՞ւ չեն տեղադրվում առկայծ

Մեր հարցին, թե ինչո՞ւ չեն տեղադրվում առկայծող փարոսիկներ, ՆԳՆ աշխատակիցը պատասխանեց, որ խնդիրը լուծման փուլում է։ Նա, որպես հիմնավորում ցույց տվեց փորձնական տարբերակ, որի միջոցով փարոսիկներով կարող են ապագայում կահավորվել նշված մեքենաները։

Փարոսիկներով կահավորման ՆԳՆ-ի կողմից լուծման տարբերակ։

FIP.am-ի թղթակիցը նաև պարզել է, որ օպերացիոն համակարգի լեզուն խնդիրներ է առաջացնում․ այն պետք է լիներ ռուսերեն կամ/և անգլերեն, մինչդեռ անգլերեն էր ու մասամբ՝ չինարեն։ 

Ու թեև տեխնիկական բնութագրում հստակ սահմանված էր, որ օպերացիոն համակարգի լեզուն պետք է լիներ նշված լեզուներից որևէ մեկով, սա չէր խանգարել, որ կիսով չափ չինարեն ու կիսով չափ անգլերեն լեզվով մեքենաներն ընդունվեին։

Այսպիսով, փաստենք, որ «Սպուտնիկ Արմենիա»-ի նյութում նշված պնդումը, որը վերաբերվում էր Ոստիկանության գվարդիայի համար մեքենաների ձեռքբերմանը, մասամբ սխալ է, քանի որ մեքենաների ձեռքբերման նպատակը ոստիկանության այլ ստորաբաժանումների կարիքների բավարարմանն էր ուղղված։ Թեև ձեռքբերումից հետո մեքենաների որոշ խմբաքանակ, այնուամենայնիվ, փոխանցվել էր Ոստիկանության գվարդիային։

Իսկ մյուս պնդումը, թե մեքենաների վրա առկայծող փարոսիկների տեղադրման խնդիր կա՝ փաստացի ճիշտ է, քանի որ այս պահին արդեն իսկ Ոստիկանության գվարդիայի կողմից շահագործվող մեքենաները ծառայություն են իրականացնում առանց փարոսիկների, մինչդեռ նույն գվարդիայի այլ մակնիշի մեքենաները ամբողջովին կահավորված են փարոսիկներով։ Հետևաբար՝ Ոստիկանության պնդումը, թե փարոսիկներ տեղադրելու խնդիր չկա՝ արժանահավատ չէ։

Բացի այդ, կա նաև տեխնիկական անհամապատասխանություն՝ օպերացիոն համակարգի լեզվի հետ կապված, ինչը, սակայն, չի խանգարել մեքենաներն ընդունելուն և նույնիսկ շահագործելուն։ 

Այս նյութը պատրաստվել է ՄԹ կառավարության ֆինանսավորմամբ՝ ՄԹ Միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը:

The post Առանց փարոսիկների ու կիսով չափ չինարեն համակարգով․ ՆԳՆ-ի գնած նոր էլեկտրոմոբիլների մասին appeared first on FIP.AM.

Leave a comment