Պակիստանի և Աֆղանստանի միջև պատերազմ է սկսվել

Պակիստանը ռմբակոծել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլն ու այլ քաղաքներ՝ հայտարարելով «բաց պատերազմի» մեկնարկի և 133 թալիբ մարտիկների սպանության մասին։ Այս մասին հայտնում է AlJazeera-ն։

Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը հայտարարել է, որ սկսվում է արյունալի պատերազմ՝ մեղադրելով թալիբներին Աֆղանստանը «Հնդկաստանի գաղութի» վերածելու, ահաբեկչություն արտահանելու և հարևան երկրի դեմ ագրեսիա դրսևորելու մեջ։ 

Փետրվարի 27-ի գիշերը իրականացված գործողության ընթացքում, ըստ պակիստանյան կողմի, նաև վիրավորվել է ավելի քան 200 աֆղանցի զինվորական և գրավվել է 9 դիրք։ 

Աֆղանական կողմն իր հերթին հայտնել է պատասխան գործողությունների մասին՝ պնդելով, որ սպանել է Պակիստանի 55 զինծառայողի և զավթել մեկ ռազմաբազա ու 19 հսկիչ անցակետ։ 

Հակամարտության կտրուկ սրումը հետևանք է ամիսներ տևող լարվածության, որի ընթացքում Իսլամաբադը բազմիցս մեղադրել է Քաբուլին իր տարածքում ահաբեկչություններ իրականացնող խմբավորումներին աջակցելու մեջ, ինչը թալիբները հետևողականորեն հերքում են։

The post Պակիստանի և Աֆղանստանի միջև պատերազմ է սկսվել appeared first on CIVILNET.

Leave a comment