«Ինքնասպանությունը շարունակում է մնալ պարտադիր ժամկետային զինծառայողների մահացության հիմնական պատճառներից մեկը». ՀՔԱՎ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (այսուհետ՝ Կազմակերպություն) ներկայացնում է 2025 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում զինծառայողների մահացության դեպքերի վերաբերյալ զեկույցը։

Տվյալները հավաքագրվել են զանգվածային լրատվամիջոցներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկությունների, զինծառայողների հարազատներից հավաքագրված տեղեկությունների, ինչպես նաև Կազմակերպության կողմից պաշտոնական կառույցներին ուղղված տեղեկատվության հարցումների պատասխանների հիման վրա:

Զեկույցում ներկայացված են Կազմակերպության ուսումնասիրության արդյունքները, որոնք համադրվել են ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ քննչական կոմիտեի կողմից տրամադրված տվյալների հետ։ Ներառված են նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում արձանագրված զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ հասանելի տեղեկությունները։

Կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն՝ 2025 թվականին ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 34 զինծառայողի մահացության դեպք, որոնցից 2-ը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում։

Զինծառայողների մահացության պատճառներն են՝

առողջական խնդիրներ՝ 10 դեպք,

ավտովթար՝ 8 դեպք,

ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել՝ 6 դեպք (2-ը՝ ԱԱԾ սահմանապահ զորքերում),

դժբախտ պատահար՝ 4 դեպք,

սպանություն՝ 3 դեպք,

3 զինծառայողի մահացության դեպքի պատճառը հայտնի չէ։

Համեմատելով 2024 և 2025 թվականներին զինծառայողների մահացության դեպքերը և դրանց պատճառները, արձանագրում ենք, որ դրանք նվազել են 15 %-ով։

Նկատենք, որ մարտական պայմաններում՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, ՀՀ զինված ուժերում մահացության վերջին դեպքը գրանցվել էր 2024 թվականի առաջին կիսամյակում, որի հետևանքով մահացել էր 4 զինծառայող։

Փաստորեն, 2024 թվականի փետրվարից մինչև այժմ ՀՀ զինված ուժերում մարտական պայմաններում՝ հրադադարի խախտման հետևանքով, զինծառայողների մահացության դեպքեր չեն արձանագրվել, ինչն ինքնին դրական արձանագրում է, մինչդեռ այն բացասական է այն իմաստով, որ նույն ժամանակահատվածում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահացության դեպքերի նվազումն աննշան է։

Հիշեցնենք, որ 2024 թվականին ոչ մարտական պայմաններում մահացել է 36 զինծառայող, իսկ 2025 թվականին՝ 34 զինծառայող։

Զինծառայողների մահվան դեպքերի մասին Կազմակերպությանը հայտնի է դարձել միայն ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրամադրված գրությամբ։ Պաշտպանական գերատեսչությունը Կազմակերպությանը հայտնել է միայն զինծառայողների ծառայության տեսակի վերաբերյալ տեղեկությունը՝ առանց մանրամասնելու մահվան դեպքերի պատճառները։

2025 թվականին մահացած զինծառայողների մեծամասնությունը՝ 44 %-ը պայմանագրային զինծառայողներ են (15 զինծառայող)։

2025 թվականին ՀՀ զինված ուժերում մահացել է 9 պարտադիր ժամկետային զինծառայող՝ 26 %, մահացած ժամկետային զինծառայողներից 5-ի մահվան պատճառն ինքնասպանությունն է՝ 56 %, նախորդ տարի՝

2024 թվականին ինքնասպանության հետևանքով մահացել էր 4 ժամկետային զինծառայող։

Ցավով պետք է արձանագրենք, որ ինքնասպանությունը շարունակում է մնալ պարտադիր ժամկետային զինծառայողների մահացության հիմնական պատճառներից մեկը, ինչը վերստին փաստում է բանակում դեռևս չհաղթահարված ոչ կանոնադրային հարաբերությունների խնդիրը։

Առաջարկություններ

1. Հոգեբանների թվի ավելացում և բոլոր զորամասերի համալրում հոգեբաններով

• Համալրել բոլոր զորամասերը հոգեբաններով՝ յուրաքանչյուր գումարտակում առնվազն մեկ սպա-հոգեբանի առկայությամբ։

• Տրամադրել զինծառայողներին պարբերական անհատական խորհրդատվություններ և իրականացնել խմբային թերապիաներ՝ վստահության և համախմբվածության մթնոլորտ ձևավորելու համար։

• Սահմանել պարտադիր հոգեբանական գնահատում՝ զորակոչից առաջ, ծառայության ընթացքում և զորացրվելուց առաջ՝ բարձր ռիսկային խմբերը ժամանակին հայտնաբերելու նպատակով։

• Երաշխավորել հոգեբանների շարունակական մասնագիտական վերապատրաստում և զինծառայողների տվյալների գաղտնիության պահպանություն՝ վստահության մթնոլորտ ձևավորելու համար։

2. Զինված ուժերում մարդու իրավունքների, մասնավորապես՝ առողջության և կյանքի իրավունքի խախտման կանխարգելիչ մեխանիզմների ամրապնդում

• Ապահովել զինծառայողների մարդու իրավունքների և արժանապատվության պահպանման ամենօրյա վերահսկողություն։

• Ձևավորել վերադաս հրամանատարների շրջանում «զրո հանդուրժողականություն» սկզբունքը ոչ կանոնադրային հարաբերությունների նկատմամբ։

• Ներդնել անանուն հաղորդումների մեխանիզմ՝ վատ վերաբերմունքի դեպքերի բացահայտման և պատշաճ արձագանքի ապահովման համար։

• Մշակել բարեվարքության կանոններ՝ կոռուպցիոն և հովանավորչական դրսևորումները բացառելու նպատակով։

• Խրախուսել ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ներդրումը։

3. Մարդու իրավունքների, իրավահավասարության, հակախտրականության հիմունքների ուսուցանում զինված ուժերի անձնակազմի (բոլոր կազմերի զինծառայողների) համար

• Զինված ուժերի բոլոր զինծառայողների համար կազմակերպել մարդու իրավունքների, իրավահավասարության և հակախտրականության թեմաներով ուսուցում՝ իրավագիտակցության բարձրացման և իրավունքների պաշտպանության հմտությունների զարգացման նպատակով։

4. Զինծառայողների բժշկական վերահսկողության բարելավում

• Ապահովել զինծառայողների պլանային և որակյալ բժշկական զննությունները։

• Կատարել բժշկական անձնակազմի վերապատրաստումներ և սահմանել փոխհատուցման հստակ կարգ՝ առողջական վնասների դեպքում։

• Զորացրվելուց առաջ իրականացնել զինծառայողների առողջական վիճակի ամբողջական հետազոտություն՝ ծառայության ազդեցությունը գնահատելու նպատակով։

5. Զինված ուժերում յուրաքանչյուր հանցագործության դեպքի փաստով արդյունավետ և օբյեկտիվ քննության՝ այդ թվում նաև ծառայողական քննության իրականացում

• Ապահովել ոչ մարտական մահվան դեպքերի արդյունավետ, օբյեկտիվ և հրապարակային քննություն՝ անպատժելիության կանխման նպատակով։

• Հրապարակել քննությունների արդյունքներն ու կիրառված պատասխանատվության միջոցները։

• ՊՆ-ի հետ համատեղ վերլուծել համակարգային խնդիրները և մշակել բարեփոխումների առաջարկներ նման դեպքերի կանխարգելման համար։

Հիշեցնենք, որ սույն զեկույցում ներկայացված տվյալները հնարավոր է չներկայացնեն ամբողջական պատկերը ՀՀ զինված ուժերում 2025 թվականին զինծառայողների մահացության դեպքերի վերաբերյալ։

Առավել ամբողջական տեղեկություններ ստանալուց հետո, և եթե դրանք տարբերվեն զեկույցում ներկայացված տվյալներից, Կազմակերպությունը կհրապարակի զեկույցի թարմացված տարբերակը։

Ամբողջական զեկույցը՝ այստեղ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment