Արթուր Սարգսյանի մեղքն այն է, որ հայրենիք ունի՝ հակառակ բոլոր անհայրենիքների. Բագրատ սրբազան

-Արթուր Սարգսյանն իմ եղբայրն է, այս պայքարի մեջ կարևորագույն դերակատարություն ունեցող մարդ է ու մնալու է: Միայն մեղքն այն է, որ հայրենիք ունի: Հակառակ բոլոր անհայրենիք մարդկանց,-այսօր Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստում Աժ պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցի փոփոխության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց Բագրատ սրբազանը՝ շեշտելով, որ այս գործում բացակայում են փաստական տվյալները:

-Գործն ամբողջությամբ ուղղորդված է, գալով Սիրաքի իմաստությանը՝ ամեն գործ, որ ենթակա է փտելու, վերանում է, նրա ստեղծողն էլ իր հետ,- ասաց Բագրատ սրբազանը: Ըստ նրա՝ 8 ամիս է, ինչ մեղադրող դատախազները նույն բովանդակության նույն գործը ներկայացնում են, դատարանն էլ նույն կերպ է արձագանքում. «Դուք էլ որոշում եք կայացնում, ուզում եմ իմանալ՝ իսկապես հավատո՞ւմ եք մեղադրողների ասածներին, դո՞ւք էլ եք հավատում, ինչ ասում եք»:

Արքեպիսկոպոսը նաև անդրադարձավ վերջին աղմկահարույց սպանություններին՝ Աջափնյակում, Սևանում  ու նկատեց,  որ այդ ու մի շարք նմանատիպ գործերով հանցագործություն կատարած անձինք ազատության մեջ են կամ, վատագույն դեպքում տնային կալանքի տակ. «Այդ նույն մարդիկ հավասարազո՞ր են այստեղ նստած որևէ մեկին, այդ նույն չափանիշներո՞վ է արդարադատությունը գործում: Առաջիկա կիրակին անառակ որդու կիրակին է՝ վերադարձի կիրակին: Ես թողնում եմ ձեր խղճին՝ վերադառնալու կամ չվերադառնալու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment