Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը Բաքվում այցելել է թուրքական կրթական հաստատություններ, որտեղ էլ պատասխանել է լրագրողների հարցերին։
Ըստ Օքթայի՝ Բաքվում հանդիպումների ընթացքում բազմաթիվ հարցերի հետ մեկտեղ քննարկվել է նաև տրանսպորտային ուղիների հարցը և նա ընդգծել է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող «TRIPP»-ի (Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար) կարևորությունը, որը հայտնի է նաև որպես «Զանգեզուրի միջանցք» անվամբ։
«Զանգեզուրի միջանցքը հզոր նախագիծ է, որը կնպաստի թե՛ տարածաշրջանային խաղաղությանը, թե՛ զարգացմանը, և միևնույն ժամանակ կարող է միավորել թյուրքական աշխարհը»,- նրա խոսքերն է մեջբերում «Էրմենիհաբեր»-ը։
Օքթայը նաև անդրադարձել է Թուրքիա-Հայաստան և Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացին և ընդգծել. «Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումն ուղղակիորեն կապված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հետ։ Հուսով ենք, որ տարածաշրջանի օրակարգը այլևս չի ձևավորվի հակամարտություններով, այլ՝ խաղաղությամբ, բարեկեցությամբ և զարգացմամբ»։