Պաշտոնական տվյալներով՝ 2026 թվականի հունվարին Հայաստանի արտահանումը կազմել է մոտ 464 մլն դոլար՝ նվազելով 13,5 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 812 մլն դոլար՝ 11,2 տոկոս անկումով։ Տնտեսական ակտիվության տարեկան աճը կազմել է 7,6 տոկոս, սակայն նախորդ ամսվա համեմատ գրանցվել է 48,3 տոկոս անկում։ Սպառողական շուկայում գնաճը հասել է 3,8 տոկոսի։
Փորձագիտական շրջանակներում ընդգծվում է, որ ութ տարվա ընթացքում տնտեսությունը չի դարձել ինքնաբավ և շարունակում է կախված մնալ վերաարտահանման հոսքերից։ Այդ մոդելը բարձր ռիսկային է և զգայուն միջազգային շուկաների տատանումների նկատմամբ։
Եվրոպական միության հետ սերտացման քաղաքականությունը, ըստ վերլուծաբանների, դեռևս չի ապահովում հայկական արտադրանքի համար իրական արտահանման լայն հնարավորություններ՝ բարձր մրցակցության և տեխնիկական պահանջների պատճառով։ Միաժամանակ ԵԱՏՄ շուկաները շարունակում են մնալ հայկական ապրանքների հիմնական իրացման ուղղությունը։
Արտաքին առևտրաշրջանառության էական նվազումը դիտարկվում է որպես ազդակ, որ հարկաբյուջետային եկամուտները կարող են կրճատվել, ինչն իր հերթին վտանգում է սոցիալական ծրագրերի և պարտավորությունների լիարժեք իրականացումը։