Վրացական կողմից դեռևս պարզաբանում չենք ստացել, թե ինչ են արել մեր տնտեսվարողները, որ Վրաստանը թույլ չի տալիս հայկական բեռներն անցնեն ռուս-վրացական սահմանը։ Այս մասին փետրվարի 26-ին լրագրողներին հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ավելի քան երկու շաբաթ է շուրջ 100 բեռնատար, որոնք Ռուսաստանից բեռներ են տեղափոխում Հայաստան, անհայտ պատճառներով կանգնած են Վրաստանում՝ ռուս-վրացական սահմանի հարևանությամբ։
Էկոնոմիկայի նախարարն ասում է, որ իրենց համար էլ է այս իրավիճակն անհասկանալի։ Պապոյանի խոսքով, փետրվարի 20-ին, երբ Երևանում էր Վրաստանի էկոնոմիկայի նախարարը, խնդրի մասին քննարկում եղել է նրա հետ, սական վրացի պաշտոնյան նշել է, որ այդ հարցն իրենց գերատեսչության հետ կապ չունի և այն Վրաստանի ֆինանսական ոստիկանության տիրույթում է։
«Ես իրեն խնդրեցի, ինքը երկու օր հետո կապ հաստատեց ինձ հետ և նշեց, որ ինչ-որ ապրանքների հետ կապված ինչ-որ ռիսկեր են տեսել: Այնուամենայնիվ, ես խնդրել եմ պարզաբանում, թե ինչ ռիսկերի մասին է խոսքը, որպեսզի, եթե իրականում կա այդպիսի բան, մենք ևս պատասխանենք, և մեր տնտեսվարողները իմանան ինչը կարելի է, ինչը՝ ոչ: Եվ անկեղծ պետք է հասկանամ՝ մինչև հիմա դեռ չենք ստացել թե այդ ինչ են արել մեր տնտեսվարողները, որոնց պատճառով այդ մեքենաները կանգնած են»,- ասել է նախարարը:
The post Վրացական կողմից պարզաբանում չունենք, թե ինչու թույլ չեն տալիս հայկական բեռներն անցնեն սահմանը․ Պապոյանը appeared first on CIVILNET.