Քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Ժնեւում ընթացող իրանական միջուկային ծրագրի շուրջ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցային փուլին՝ նշեց, որ ինքն այդ հարցում այնքան էլ լավատես չէ։
«Բանակցությունների նախօրեին նախագահ Թրամփը նորից պնդեց, որ ինքը դիրքորոշումը չի փոխել եւ ասաց, որ գործարքը կկայանա, եթե Իրանը ասի, որ հրաժարվում է միջուկային զենք զարգացնելուց։ Բայց Իրանում նույնիսկ կրոնական ֆեթվա (իսլամական իրավական եզրակացություն) ունեն, որով ասել են, որ իրենք միջուկային զենք չեն զարգացնելու։ Իրենց պաշտոնյաները կրկնում են, որ միջուկային զենք զարգացնելու նպատակ չկա։ Սա խոսում է այն մասին, որ ինքն այնքան է ուժեղացրել ռազմական կարողությունները եւ մնացել է մի քանի բան, որ պատրաստ լինի ռազմական լուծում տալուն։ Բայց խնդիրը ռազմական լուծում չունի։
Բանակցության մասնակիցները ասում են, որ կոմպրոմիսի հնարավորություն կա, բայց ես չեմ տեսնում, թե այդ կոմպրոմիսը ինչն է լինելու։ Կամ Թրամփը պետք է հրաժարվի ռազմական լուծում տալուց, կամ պետք է շարունակի նույն ուղղությամբ։
Ինչ Թրամփն այսօր անում է, կապված է երկու բանի հետ. aմռանը Միացյալ Նահանգները տոնելու է իր 250-ամյակը, ինքը՝ իր 80-ամյակը, իսկ աշնանը գնալու է ընտրությունների, ինչը շատ կարեւոր է լինելու։ Հիմա Թրամփին պետք է այդ ամենը բերել, հասցնել նրան, որ հանրապետականները եւ իր ճամբարը հաջողությամբ ավարտեն այդ ընտրությունները։ Այլ պարագայում ինքը շատ մեծ խնդիրներ է ունենալու։ Այդ հաշվարկներն են, որ նրան բերում են այն մտքին, թե արդյոք հնարավո՞ր է մտնել կարճատեւ պատերազմով եւ ինչ էլ լինի, հայտարարել, որ մենք հաղթեցինք, հասանք մեր նպատակին։
Հիշում ենք, անցած հունիսին նույնը տեղի ունեցավ։ Ինքը հայտարարեց, որ ջախջախել են, որ Իրանն այլեւս չի ունենալու այդ հնարավորությունները։ Բայց հիմա պարզվում է, որ նորից այդ խնդիրն առկա է։
Մենք երբ նայում ենք խնդրին, թվում է, թե միջուկային խնդիրն է ամենակարեւորը։ Բայց ավելի կարեւոր շահեր կան թե Թրամփի, թե իր շրջապատի համար։ Դրա համար պետք է նայենք, թե Վենսի Բաքու գնալուց հետո ինչ կարեւոր մեկ այց էլ տեղի ունեցավ։ ԱՄՆ-ում հրեական 51 կազմակերպությունների, որոնք շատ մեծ ազդեցություն ունեն թե Թրամփի շրջապատի վրա, թե ընտրությունների ժամանակ, այց կատարեցին Բաքու, հանդիպեցին Ալիեւի, ԱԳ նախարարի հետ ու դրանից հետո գնացին Երուսաղեմ, որտեղ այդ 51 կազմակերպությունները պարբերաբար հավաքվում, քննարկում են Իսրայելի առջեւ ծառացած խնդիրները։
Պատահական չէր չէ՞, որ իրենք սկզբից Բաքու գնացին։ Պարզ է, որ այդտեղ Իրանը շատ մեծ դերակատարում ունի։ Դրա համար Ալիեւն իրեն այդքան վստահ է պահում այս պահին։ Ալիեւը նայում է այսպես, եթե Իրանը ձեզ համար այդքան կարեւոր է, ես ձեզ համար շատ կարեւոր խաղացող եմ այս տարածաշրջանում։ Եվ ինչքան էլ մեր քպ-ական պրոպագանդիստները փորձեն ասել, որ ԱՄՆ-ի համար մենք հավասար հարթակի վրա ենք, մենք գիտենք, հասկանում ենք, որ դա այդպես չէ։
Բայց մի շատ հետաքրքիր պահ եղավ, որի մասին հայկական մամուլում արձագանք չտեսա։ Երուսաղեմում այդ կազմակերպության հանդիպման ժամանակ ելույթ ունեցավ նաեւ Նավթալի Բենեթը, որն Իսրայելի նախկին վարչապետն է, եւ ասաց, որ մոտ ապագայում Իսրայելի համար ամենամեծ վտանգը լինելու են Թուրքիան եւ Քաթարը։ Խոսեց նույնիսկ այն մասին, որ ինչ-որ նոր առանցք է ձեւավորվում՝ «Մահմեդական եղբայրությունը։ Նույնիսկ ասաց, իր բառերն եմ ցիտում, որ նոր Իրան է ձեւավորվելու։ Այսինքն, արդեն Իրանի խնդիրը այնքան էլ չի մտահոգում, այլ մտահոգում է այն, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում։ Եթե այդ առանցքին ավելացնենք նաեւ Պակիստանը, որը միջուկային զենք արդեն ունի, պարզ է դառնում, որ Թուրքիան փորձում է Էրդողանի երազանքին՝ նեոօսմանյան պատկերացումներին նոր դերակատարություն տալ»,-ասաց քաղաքագետը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: