Հայաստանի տարածքային պաշտպանություն. խնդիրներ և լուծումներ

Հայաստանի աշխարհագրական դիրքը թելադրում է պաշտպանության իր ռազմավարությունը. այս միտքը հնչեց «Տարածքային պաշտպանություն» (территориальная оборона, тероборона) թեմայով քննարկմանը, որը փետրվարի 26-ին կազմակերպել է «Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը»։ Քննարկումը վարում էր կենտրոնի փորձագետ Հայկ Խանումյանը։ Բանախոսներն էին Հայաստանի տարածքային պաշտպանության զորքերի առաջին հրամանատար, գնդապետ Սուրեն Սուրենյանը և կենտրոնի ռազմական փորձագետ Էդուարդ Առաքելյանը։

Առաքելյանի խոսքով՝ Հայաստանը փոքր պետություն է, և նրա թիկունքի խորությունը մինիմալ է՝ մի տեղ մոտ 28 կմ, ինչ-որ տեղ՝ 40-60 կմ. «Սա նշանակում է, որ մենք չունենք նահանջելու տեղ, հետևաբար պաշտպանությունը պետք է լինի խիտ, շերտավորված և արագ արձագանքող»։

Ըստ Առաքելյանի՝ այլ երկրների փորձի մեխանիկական պատճենումը կարող է չաշխատել Հայաստանում. հենց հայաստանյան տարածքի առանձնահատկությունը պետք է թելադրի պաշտպանական ճարտարապետությունը։

«Թափանցման» մարտավարությունը և տարածքային պաշտպանության դերը

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի դասերին՝ Առաքելյանը մանրամասնեց հակառակորդի կիրառած «թափանցման» մեթոդը։ Նա բացատրեց, որ փոքր խմբերը թափանցում են միջդիրքային տարածություններով և հայտնվում թիկունքում։

«Երբ դու նստած ես դիրքում… և տեսնում ես, որ ինչ-որ մեկը հետևիցդ է սկսում սեղմել, քո մոտ ստեղծվում է շրջափակման զգացողություն, և դու թողնում ես այդ դիրքը»,- ասաց փորձագետը։

Ըստ փորձագետի՝ եթե Արցախում լիներ պատրաստված տարածքային պաշտպանություն, ապա Հադրութի և Շուշիի անկումը միգուցե և հնարավոր կլիներ կանխել։ Նա հավելեց, որ տարածքային պաշտպանության ուժերի գլխավոր խնդիրը պետք է լինի հենց այդպիսի թափանցող խմբերին կասեցնելը և թիկունքի անառիկությունը։

Հայաստանյան իրականություն. բարեփոխումներ և խոչընդոտներ

Գնդապետ Սուրեն Սուրենյանը մտահոգություն հայտնեց, որ ներկայում տարածքային պաշտպանության բրիգադները փաստացի վերածվել են սովորական կադրային զորամասերի։ «Տարածքային պաշտպանության պլան այդպես էլ չմշակվեց, զորքերը չեն մարզվում իրենց առջև դրված սպեցիֆիկ խնդիրներին համապատասխան և չեն նախապատրաստվում՝ ելնելով կոնկրետ տեղանքի առանձնահատկություններից»,- ասաց նա։

Սուրենյանի խոսքով՝ տարին մեկ անգամ կազմակերպվող հավաքներն ու վարժանքները չեն փոխարինում համակարգային պլանավորմանը. «Տարածքային պաշտպանության ուժերի համար մինչ այժմ չի մշակվել լիարժեք պլան՝ հաշվի առնելով նրանց իրականացվող հատուկ խնդիրները»։

Էդուարդ Առաքելյանը կարևորեց նաև մեկ այլ սկզբունք՝ «տարածքային պաշտպանության» մարտիկի և իր զենքի միջև հեռավորությունը՝ հաշվի առնելով ռազմավարական խորության սահմանափակ լինելը և ժամանակի սղությունը։

«Մարտիկի հանդերձանքը պետք է պահվի տանը, իսկ զենքը՝ առավելագույնս մոտ՝ օրինակ գյուղապետարանում կամ պատրաստված բունկերում։ Հավաքի պահին նա պետք է ստանա միայն իրեն ամրագրված զենքն ու զինամթերքը»,- ասաց նա։

Ըստ փորձագետի՝ եթե զենքը պահվի իր տնից հեռու, ապա հակառակորդի արագ առաջխաղացման պայմաններում «տարածքային պաշտպանության» մարտիկը պարզապես չի հասցնի հասնել զենքին և վերադառնալ իր բնակավայրը պաշտպանելու։

Հայկ Ղազարյան

The post Հայաստանի տարածքային պաշտպանություն. խնդիրներ և լուծումներ appeared first on CIVILNET.

Leave a comment