Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում ապամոնտաժվել է 65 շենք, այդ թվում՝ Արմեն Աշոտյանի եղբոր կառույցը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի դեկտեմբերի 11-ին հայտարարել էր, որ մեկնարկել է Սևանա լճի ափամերձ տարածքներում՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները:
Դատախազությունը միաժամանակ տեղեկացրել էր, որ ապօրինի շինությունների քանդման աշխատանքները շարունակվելու են 2026 թվականին:
2026 թվականի փետրվարի 24-ին ապամոնտաժվել են ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եղբոր՝ բացարձակ նիշից ցածր հողամասում ապօրինի կառուցած քոթեջը, ինչպես նաև Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու՝ Կարեն Ռաֆիկի Գրիգորյանի ապօրինի կառուցած քոթեջը: Հատկանշական է, որ նշված քոթեջները կառուցված են եղել հողամասերում, որոնց նկատմամբ կառուցապատողները նույնիսկ վարձակալության իրավունք չեն ունեցել:
Դատախազությունը 2026 թվականի փետրվարի 2-ին տեղեկացրել էր նաև, որ 2026 թվականի փետրվարի 2-ին ապամոնտաժվել են ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի ապօրինի կառուցած Սևանի առանձնատան (դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ի թիվս այլնի պահանջում է Վլադիմիր Գասպարյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել այս առանձնատունը)՝ բացարձակ նիշից ցածր գտնվող պարիսպը, բետոնե հենապատերը, թեքահարթակը և այլ շինություններ:
Այսպիսով, 2025 թվականի դեկտեմբերից առ այսօր դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 25 հողամասում ապամոնտաժվել (քանդվել) է տարբեր անձանց ապօրինի կառուցած հիմնական և ոչ հիմնական 65 շենք-շինություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը լուծել (դադարեցրել) է 2 պայմանագիր:
Հիշեցնենք, որ վերոնշյալ միջնորդագրերից բացի՝ 2025 թվականի ընթացքում Շրջակա միջավայրի նախարարությանը և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազությունը հասցեագրել է ևս 8 միջնորդագիր:
Վերոնշյալ միջնորդագրերը և դատախազության դատարան ներկայացրած հայցերը, ի թիվս այլոց, վերաբերում են․
- Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի ապօրինի կառուցած Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոց 97 հասցե),
- «Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրին (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 50 հասցե), «Հարսնաքար» հյուրանոցի քոթեջներին (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 48/6 հասցե),
- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ապօրինի կառուցած Սևանի առանձնատանը (Սևան քաղաքի Հանգստի գոտի 3-րդ փողոց 38 հասցե),
- ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ապօրինի կառուցած Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցե),
- «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանի ապօրինի կառուցած Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոց 88 հասցե):
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում կատարած ուսումնասիրությունների արդյունքում հանցագործության մասին հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմիններ, նախաձեռնվել են քրեական վարույթներ:
Ի պատասխան քաղաքացիների այն մտահոգությանը, թե «ինչու եք ապամոնտաժում շենքը, եթե այն կարելի է տալ սոցիալապես անապահով ընտանիքներին», տեղեկացնենք, որ Սևանա լճի 1905.0 մետր բացարձակ նիշից ցածր տարածքները հանդիսանում են ջրածածկման ենթակա և ափամերձ պահպանության գոտի։
Կառավարության՝ 2008 թվականի դեկտեմբերի 18-ի 1563-Ն որոշմամբ՝ սահմանված է, որ Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ջրածածկման և ողողման ենթակա տարածքները ներառում են «Սևան» ազգային պարկի լճի ջրային սահմանից մինչև 1905.0 մետր բացարձակ նիշը:
Այսպիսով, ապամոնտաժվող կառույցներն «այլ նպատակով փոխանցելու» առաջարկներն իրավական հիմք չունեն, քանի որ՝
- դրանք գտնվում են ջրածածկման ռիսկի ներքո և կարող են հայտնվել ջրի տակ,
- դրանց նկատմամբ սեփականության որևէ իրավունք չի կարող գրանցվել. արգելված է ՀՀ օրենսդրությամբ,
- դրանց գոյությունը վնասում է Սևանա լճի էկոհամակարգը, լճի մաքրությունն ու ջրի որակը: