Ըստ թուրք պատգամավորի՝ Ադրբեջանն իրականում սկսել է փուլ առ փուլ իրականացնել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը

Քաղաքականություն

25.02.2026 | 22:43

«Մենք շատ ուրախ ենք, որ վերջին պայմանավորվածություններից հետո «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը կրկին ակտիվացել է»,- այս մասին Բաքվում լրագրողներին ասել է Թուրքիայի Ազգային Մեծ  ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Սա իսկապես հզոր նախագիծ է, որը կնպաստի ինչպես տարածաշրջանային խաղաղությանը, այնպես էլ՝ ամբողջ տարածաշրջանի զարգացմանը։ Այն նաև կարևոր նախաձեռնություն է, որը կարող է միավորել թյուրքական աշխարհը։ Այս նախագիծը կամրապնդի կապերը ոչ միայն Նախիջևանի և Ադրբեջանի մայրցամաքային մասի, այլև՝ Թուրքիայի և Ադրբեջանի, ինչպես նաև ամբողջ թյուրքական աշխարհի միջև։ Տարածաշրջանային տեսանկյունից այս նախագիծը կծառայի բոլոր երկրների, այդ թվում՝ Վրաստանի զարգացմանը։ Եթե ապագայում տարածաշրջանում լիովին խաղաղություն հաստատվի, այս նախագիծը կարող է հիմք դնել նաև Ռուսաստանի և Իրանի համար ավելի ուժեղ և կայուն ապագայի։ Մենք հույս ունենք, որ նախագիծը կիրականացվի որքան հնարավոր է շուտ», – նշել  է նա։

Օքթայի խոսքով՝ Ադրբեջանն  իրականում սկսել է փուլ առ փուլ իրականացնել Հայաստանի հետ առաջարկվող խաղաղության համաձայնագիրը, նույնիսկ նախքան դրա պաշտոնական ստորագրումն ու իրավական ուժ ստանալը. «Սա նույնպես շատ կարևոր ցուցանիշ է և ցույց է տալիս Ադրբեջանի ինքնավստահությունը»։

Բացի այդ՝ ըստ նրա՝Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը ուղղակիորեն կապված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հետ։ Այդ  գործընթացները զուգահեռ են ընթանում։

«Մենք հույս ունենք, որ այս ամենը շատ արագ կզարգանա, և տարածաշրջանի օրակարգը այլևս չի որոշվի հակամարտություններով, այլ խաղաղությամբ, բարգավաճմամբ և զարգացմամբ։ Առաջ շարժվելով՝ մենք հիմնականում կկենտրոնանանք ապագայի վրա», – նշել է Օքթայը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

 

Leave a comment