«Վենսի այցից հետո իմ մտահոգություններն ավելի շատ խորացել են, քան փարատվել։ TRIPP-ը այս պարամետրերով չի նպաստելու ինստիտուցիոնալ խաղաղությանը». Սուրեն Սուրենյանց

«Դեբատ» ակումբում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի և «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության» (ՄԱՍԿ) նախագահ, ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ քննարկմանը, անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան այցելությանը և դրա հնարավոր հետևանքներին՝ Սուրեն Սուրենյանցն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի և Վենսի համատեղ ասուլիսում Փաշինյանին ընտրություններում աջակցելու մասին հնչեցված հայտարարություններն ինքը գնահատում է որպես ներքաղաքական կյանքին ուղիղ միջամտություն։ «Մեր գործընկերները, տվյալ դեպքում՝ Միացյալ Նահանգները, պետք է զերծ մնան Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտության որևէ դրսևորումից։

Ասուլիսում թմբկահարված համաձայնությունը, որը հետո մանիպուլացվեց որպես 9 միլիարդի ներդրում, ընդհակառակը, մի գործարքի մասին է, որը կարող է 9 միլիարդով մեծացնել Հայաստանի պետական պարտքը։ Տեխնոլոգիան մենք պիտի գնենք։ Բացի ֆինանսական կոմպոնենտից, կա տարակուսելի մեկ այլ խնդիր։ Մոդուլային ատոմակայանի տեխնոլոգիան ԱՄՆ-ը դեռևս չունի։ Մշակումների փուլում է։ Ըստ իրենց մամուլի հրապարակումների՝ 2030-ականներին նոր պատրաստ կլինի։ Այս ծիրի մեջ ես չեմ պատկերացնում այն հրճվանքը, որ իշխանություններն ունեն։

Այցի բուն նպատակը Միացյալ Նահանգների շահերի առաջմղումն է տարածաշրջանում։ Իրենք մտադիր են TRIPP իրականացնել և ռազմավարական շատ կարևոր գործընկեր ունեն Ադրբեջանի դեմքով։ Հայաստանն այս ամբողջ պատմությունների մեջ ինչ-որ իմաստով բուտաֆորիայի դեր է կատարում։ Եվ եթե մոդուլային ռեակտորի պատմությունը դնենք մի կողմ, այդպես էլ անհասկանալի մնաց, թե Վենսի երևանյան այցը ինչ դիվիդենտներ բերեց Հայաստանին։

Վենսի այցը որոշակի առումով պատմական էր, բայց մյուս կողմից, երբ դու չունես օրակարգ, ինչպես Հայաստանի այսօրվա իշխանության պարագայում է, դու ես տեղավորվում ուրիշի ծրագրերի մեջ և դառնում ես այդ ծրագրերը սպասարկող։ Դա տեղի ունեցավ։ Եվ այստեղ պետք չէ, որ մենք քննադատության սլաքներն անպայմանորեն ուղղենք մեր արտաքին գործընկերների ուղղությամբ։ Ունեցիր օրակարգ և նման տխուր հանգուցալուծումների առաջ մի կանգնիր»,- ասաց Սուրեն Սուրենյանցը։

Նա նաև հայտարարեց, որ իր կարծիքով մոդուլային ծրագիրը այցի ֆոնային մասն էր և ավելի շատ կենտրոնացած էին TRIPP-ի վրա։ «Այդ այցից հետո իմ մտահոգություններն ավելի շատ խորացել են, քան փարատվել։ TRIPP-ը այս ձևով, այս պարամետրերով չի նպաստելու ինստիտուցիոնալ խաղաղությանը և Հայաստանը աշխարհաքաղաքական շահերի բախման տարածք դարձնելու ռիսկ ունի։ Այդ այցը իմ մեջ ավելի շատ հարցեր առաջացրեց։ Մանավանդ Վենսի՝ Բաքվում արած մի հայտարարությունը, երբ ասաց՝ Ադրբեջան է ժամանել TRIPP-ով։ Եվ դա այն պարագայում, որ TRIPP-ը դեռ իրավաբանորեն ձևակերպված չէ, հայտնի չեն նույնիսկ դրա տարածքային պարամետրերը։ Տպավորություն է, որ Միացյալ Նահանգները Հայաստանն ու TRIPP-ը ընդհանրապես նույնացնում են, ինչը մեր սուբյեկտայնության ընկալման տեսակետից շատ վտանգավոր է։

Հաջորդը։ Վենսի այցից հետո Հ1-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի մի շատ տարօրինակ ու վտանգավոր հայտարարությունը, թե այլևս Հայաստանի Հանրապետության պետականությունը 99 տարով երաշխավորված է՝ դա կապելով TRIPP-ի հետ։ Այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը բացահայտեց Հայաստանի սուբյեկտության ողորմելիությունը։ Եթե որևէ պետության պետականության հարատևությունը պայմանավորված է աշխարհաքաղաքական որևէ կենտրոնով, իսկ այս պարագայում ոչ թե ինչ-որ կենտրոնով, այլ դրա մի նախագծով, որի արժեքն ըստ մասնագետների ընդամենը $ 80-200 է, վայ այդ պետականությանը։ Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը լիմոնի պես ճզմել է Հայաստանի սուբյեկտությունը, և սա խոստովանություն էր ոչ թե պետականության հարատևության, այլ պետականության բովանդակազուրկ լինելու մասին՝ իր ավերիչ հետևանքներով»։

Հովիկ Աղազարյանը, ընդհանուր առմամբ համաձայնելով արտահայտված մտքերի հետ, լրացրեց. «Մոդուլային ատոմակայանի հեռանկարը ընդունելի է Հայաստանի համար՝ հաշվի առնելով արևային էներգետիկայի զարգացումը և հեռանկարները։ Բայց գնի հարց կա, թե այս դեպքում 1 կՎտ հոսանքը ինչ կարժենա։ Այդ հաշվարկները, ցավոք, չկան։ Նաև ուրիշ հարց է առաջանում։ Վարչապետը իր խոսքերից մեկում ասաց, որ մոտ 70 տարի հետո ուրանի խնդիր է լինելու և ատոմակայանների նպատակահարմարության հարց է լինելու։ Ճանաչելով վարչապետի, այսպես կոչված, գործելաոճը, այն ենթադրությունն ունեմ, որ ինքն ուզում է ժամանակ ձգձգել, որ կարծեմ մինչև 2036 թիվը շահագործվելիք ատոմակայանի ժամանակը լրանա, այդ ատոմակայանը վերանա, և մենք ատոմակայան չունենանք, ինչը մեր հարևան պետության ցանկություններից մեկն է, եթե ոչ պահանջը։

TRIPP-ի հետ կապված։ Այդ 76/24 տոկոս հարաբերակցությունը, որ կա, ես դրան «օկ» եմ։ Բայց այնտեղ սարսափելի կետ կա, որ կողմերը դիմացի կողմի համաձայնությամբ կարող են իրենց բաժնից մասնաբաժին տալ երրորդ կողմին։ Այսինքն՝ ԱՄՆ-ը կարող է իր 74 %-ը Հայաստանի համաձայնությամբ տալ որևէ մի կողմի։ Պարզ է, որ դա Մոզամբիկը չի լինելու։ Բոլորը գիտեն, թե ով է լինելու։ Եթե Ամերիկան ուզենա, կտա, և Հայաստանը չի կարող չհամաձայնվել։ Սա սարսափելի վտանգավոր կետ է։ Այս կետը պետք է անպայման փոխվի, պետք է լինի, որ կողմերը իրավունք չունեն իրենց մասնաբաժնից տալ երրորդ կողմին։ Դա անթույլատրելի է, վտանգավոր է։ Դա, ինչպես պարոն Սուրենյանցը նշեց, տարածաշրջանում բախման իրավիճակ կարող է ստեղծել, ու դրա դեմը պետք է առնել»,- ասաց պատգամավոր Աղազարյանը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment