Թուրքիան հերքում է ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրան ներխուժելու մտադրության մասին պնդումները

Թուրքիան հերքել է լրատվամիջոցներում տարածվող այն տեղեկությունները, որոնց համաձայն՝ պատրաստվում է ներխուժել Իրանի տարածք, եթե Միացյալ Նահանգները հարձակում սկսի Իրանի վրա՝ այդ մեղադրանքները որակելով ապատեղեկատվություն, գրում է Turkiye today-ը։

«Որոշ լրատվամիջոցների պնդումները, որոնցում նշվում է, որ «Թուրքիան պատրաստվում է ներխուժել Իրանի տարածք՝ անվտանգության նկատառումներից ելնելով, ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակման դեպքում», պարունակում են ապատեղեկատվություն», – X սոցիալական մեդիա հարթակում հայտարարել է Թուրքիայի նախագահի հաղորդակցության վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը։

Նշվում է, որ Անկարան հավատարիմ է հարևան երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքին։

«Թուրքիան, որը հետևողականորեն պաշտպանում է հարևան երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքը, ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները իր սահմանների անվտանգությունն ապահովելու համար՝ շուրջօրյա ռեժիմով, անկախ նրանից՝ ճգնաժամի ժամանակ է, թե այլ ժամանակներում», – նշվում է հայտարարության մեջ։

Վարչությունը կոչ է անում հանրությանը չհավատալ չհաստատված պնդումներին և փոխարենը հույսը դնել իրավասու մարմինների կողմից տրված պաշտոնական հայտարարությունների վրա։

Հայտարարությունը հրապարակվել է Bloomberg-ի կողմից «ՆԱՏՕ-ն ուժեղացնում է Իրանի նկատմամբ հսկողությունը, քանի որ ԱՄՆ-ի հետ լարվածությունը մեծանում է» վերնագրով հոդվածից հետո, որը, հղում անելով անանուն աղբյուրներին, պնդում է, որ ՆԱՏՕ-ի օդային հսկողության ուշադրությունը Թուրքիայում Ռուսաստանից տեղափոխվել է Իրան, քանի որ Թեհրանի դեմ ԱՄՆ-ի գլխավորած ռազմական արշավի ռիսկը մեծանում է։

Նշվում է, որ   Թուրքիայի կառավարությունը մտահոգված է նման հակամարտության հավանականության վերաբերյալ՝ վախենալով, որ դա կարող է հանգեցնել փախստականների նոր հոսքի, հիմնականում Իրանում բնակվող Աֆղանստանի և Պակիստանի քաղաքացիների, դեպի Թուրքիա։

Հաղորդագրության մեջ նաև նշվում էր, որ Թուրքիան թարմացրել է արտակարգ իրավիճակների ծրագրերը՝ խոշոր հակամարտության դեպքում մեծ թվով տեղահանված մարդկանց ապաստան տալու համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment