ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ փետրվարի 25-ին խորհրդարան են այցելել եզդիական համայնքի ներկայացուցիչները:
Հանդիպման առանցքում եզդիական համայնքում իրականացվող կրթամշակութային ծրագրերի շուրջ առկա մտահոգություններին, ոլորտային օրենսդրության կատարելագործմանը վերաբերող հարցերն էին:
Ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի խոսքով իշխանության կողմից կա քաղաքական կամք՝ անդրադառնալու խնդիրներին և գնալու դրանց լուծման ճանապարհով:
Կարևորելով համայնքի հետ հանդիպումը՝ նախարարը տեղեկացրել է, որ ԵՊՀ «Հումանիտար հետազոտությունների ինստիտուտի պահպանում ու զարգացումե ծրագրի շրջանակում Հումանիտար հետազոտությունների ինստիտուտի կազմում 2026 թվականից գործում է ազգային փոքրամասնությունների ուսումնասիրության խումբ, որի աշխատանքները վերաբերում են Հայաստանի ազգային փոքրամասնությունների մշակութային կյանքի առանձնահատկություններին, հայերի հետ պատմական կապերին:
Հանդիպման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են եզդիերենի խնդիրներին՝ նշելով, որ կրթությունն իրենց համար պարզապես գիտելիք չէ. այն ինքնության, արժանապատվության պահպանման հարց է ու ապագայի հիմքը:
Նախարարի խոսքով ստեղծված խմբի շրջանակում պետք է ձևավորվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման կենտրոն: Առաջին փուլում նախատեսվող մեկամյան դասընթացների ընթացքում կպատրաստվեն համապատասխան լեզուների մասնագետներ, որոնց կտրվեն որոկավորման հավաստագրեր:
Խոսելով առկա խնդիրների մասին՝ հյուրերը, մասնավորապես, կարևորել են դպրոցներում եզդիերենի դասաժամերի ավելացումը, անդրադարձ է կատարվել աղջիկների վաղ ամուսնության, կրթության ընդհատման խնդիրներին, ինչն ըստ իրենց, բերում է սոցիալական փակուղու:
Հանդիպման ընթացքում Կառավարության ներկայացուցիչները և Ռուստամ Բաքոյանը պարզաբանումներ են տվել հնչեցրած հարցերին: