Խաչատուր Սուքիասյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026 թվականի նախընտրական ցուցակում չի լինի․ Գեւորգ Պապոյան

Խաչատուր Սուքիասյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026 թվականի նախընտրական ցուցակում չի լինի․ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

«Ես վստահաբար ձեզ ասում եմ, որ ժողովուրդը պահելու է իր իշխանությունը։ Ժողովուրդը չի տալու իր իշխանությունը ռուսաստանցի օլիգարխին, չի տալու հայաստանցի էն մյուս օլիգարխին, չի տալու Քոչարյան Ռոբերտին»,- ասաց Պապոյանը՝ հավելելով, որ հունիսի 7-ին բոլորը կտեսնեն, թե մեր ժողովուրդն իր խոսքն ինչպես է ասում։ Նա վստահեցրեց՝ ՔՊ-ում անհանգստացած չեն ընդդիմադիր դաշտի միավորումներից, քանի որ վստահ են՝ իրենք սահմանադրական մեծամասնություն են ունենալու։

Հարցին՝ 2018-ին Գագիկ Ծառուկյանի խոշոր սեփականատեր էր, հիմա օլիգա՞րխ, Պապոյանը պատասխանեց, որ այն կետում, որտեղ խոշոր կապիտալ ունեցող մարդը ցանկանում է քաղաքական իշխանություն ձեռք բերել եւ այն իր անձնական նպատակների համար օգտագործել, դառնում է օլիգարխ եւ վստահություն հայտնեց՝ «Ժողովուրդը ձայն չի տա որեւէ օլիգարխի՝ Կալուգայից եկած կամ Աբովյանից»։

Լրագրողների դիտարկումները, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում էլ օլիգարխ կա՝ Խաչատուր Սուքիասյանը, նա ասաց, որ Խաչատուր Սուքիասյանը 2026-ի ցուցակում չի լինելու եւ դա բավարար է ՔՊ-ի դիրքորոշումը հասկանալու համար։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment