Ստամբուլի կոնվենցիայի վավերացման ճանապարհին Հայաստանի առաջընթացն ու մարտահրավերները ներկայացվել են զեկույցի տեսքով

Հայաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի ուղղությամբ՝ իրականացնելով բարեփոխումներ, որոնք միտված են ազգային օրենսդրության և քաղաքականությունների ներդաշնակեցմանը Եվրոպայի խորհուրդի՝ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի (Ստամբուլի կոնվենցիա) չափանիշներին։

Զեկույցի ներկայացումը հանդիսացավ կարևոր փուլ երկրի՝ բռնության կանխարգելման և պաշտպանության մեխանիզմների ամրապնդմանն ուղղված ընթացիկ աշխատանքներում, ինչպես նաև վավերացման գործընթացի շրջանակում իրականացվող քայլերի համատեքստում։ Այն ապահովեց քննարկման հարթակ մասնակիցների համար՝ ազգային արձագանքը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու հարցերի շուրջ կարծիքների փոխանակման նպատակով։

Զեկույցը պատրաստվել է պետական իշխանության խնդրանքով՝ «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի II փուլի շրջանակներում։ Փաստաթուղթը ներկայացնում է վերջին տարիներին արձանագրված առաջընթացը, մասնավորապես՝ օրենսդրական բարեփոխումների, այդ թվում՝ Քրեական օրենսգրքի փոփոխության համատեքստում։ Այս փոփոխությունները նպաստել են պաշտպանական շրջանակի ամրապնդմանը, արձագանքման մեխանիզմների բարելավմանը և դեպքերի նկատմամբ ավելի արդյունավետ և համակարգված արձագանքի ապահովմանը։

Զեկույցում առանձնացվում են նաև միջգերատեսչական համագործակցության ամրապնդման ուղղությամբ արձանագրված ձեռքբերումները, միաժամանակ մատնանշվում են այն ոլորտները, որտեղ անհրաժեշտ են լրացուցիչ ջանքեր՝ համակարգի լիարժեք արդյունավետությունն ապահովելու համար։

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին զեկույցի հիմնական եզրահանգումները և կազմակերպվեց տեսակետների փոխանակում հիմնարար խնդիրների և հնարավոր հաջորդ քայլերի վերաբերյալ՝ կանանց պաշտպանության մեխանիզմների հետագա ուժեղացման և ընտանեկան բռնության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով։

Զեկույցը ներկայացվեց Երևանում՝ 2026 թվականի փետրվարի 24-ին՝ համախմբելով գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչներին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ոլորտային մասնագետներին և միջազգային գործընկերներին՝ քննարկելու համատեղ արձագանքի ամրապնդման ուղիները։

«Այս զեկույցը արտացոլում է վերջին տարիների համատեղ ջանքերը՝ առաջ մղելու գենդերային հավասարությունը և ուժեղացնելու կանանց նկատմամբ բռնության ու ընտանեկան բռնության դեմ պայքարը։ Այն ընդգծում է թե՛ արձանագրված առաջընթացը, թե՛ առկա մարտահրավերները»,- նշեց Մաքսիմ Լոնգանգեն, Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավարը։ «Թեպետ վավերացումը դեռևս չի կայացել, արդեն իսկ նկատվում են էական փոփոխություններ․ ազգային օրենսդրությունն ու քաղաքականությունն առավել համահունչ են միջազգային չափանիշներին, մասնագետներն ավելի հաճախ կիրառում են զոհակենտրոն մոտեցումներ, ամրապնդվում է կառույցների միջև համագործակցությունը, և աջակցության ծառայությունները դառնում են ավելի հասանելի նրանց համար, ովքեր ունեն դրա կարիքը։ Միևնույն ժամանակ, վավերացումը կապահովի արձանագրված առաջընթացի ամրագրումը պարտադիր իրավական շրջանակում՝ ուժեղացնելով կանխարգելման պարտավորությունները, ամրապնդելով պատասխանատվության մեխանիզմները և երաշխավորելով կանանց ու աղջիկների համար կայուն ինստիտուցիոնալ աջակցության համակարգ»։

Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհուրդի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի II փուլի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023–2026 թվականների ծրագրի ներքո։

Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment