«1000 դրամով թոշակ ավելացնելու համար պետք է տասնյակ միլիարդների ծախս անենք»․ 63+ տարեկաններին աշխատելու կոչ անող Փաշինյանը նախընտրական փուլում բարձրացնում է թոշակները

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնել է, որ ապրիլի 1-ից կենսաթոշակները եւ նպաստները կբարձրանան 10 հազար դրամով։ 

Հանրության մոտ հարցեր են առաջանում՝ ինչո՞ւ հենց նախընտրական շրջանում իշխանությունը որոշեց գնալ նման քայլի։ Չէ՞ որ նախորդ տարեվերջին, այսինքն՝ ընդամենը 2 ամիս առաջ նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե թոշակներն անգամ 1000 դրամով բարձրացնելը միլիարդավոր դրամների ծախսեր է ենթադրում, ինչը բյուջեն չունի։ Նիկոլ Փաշինյանի այս միտքը կրկնում էին նաեւ ՔՊ-ականները, ովքեր այսօր էլ մեկը մյուսին հերթ չտալով Նիկոլ Փաշինյանի հետեւից կրկնում են, որ թոշակներն ապրիլի 1-ից բարձրանալու են։

 

 

2025 թվականի դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Մենք ասում ենք, լավ, թոշակառուների թոշակը ամսեկան 11 հազար դրամով կամ 10 400 դրամով ավելացնենք, ի՞նչ է անելու թոշակառուն, էդ գումարն ինչի՞ վրա է ծախսելու։ Խոսքն էս դեպքում 65+ տարեկան թոշակառուների մասին է, մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ մարդկանց առաջնային ծախսն առողջապահությունն է։ Հետեւաբար, ինչի՞ մենք մարդկանց տանք էդ փողը, որ ինքը չիմանա, թե ինչպես էդ փողն արդյունավետ օգտագործի իր առողջության վրա՝ գնա դեղատուն, այլ բան գնի, քան պետք է գնի, ստանա էն բուժծառայությունը, քան պետք է ստանա։ Մենք էդ 10 հազար դրամը դնում ենք առողջապահական ապահովագրության մեջ, ստեղծում ենք համակարգ, որտեղ ինքը ստանալու է ոչ թե 10 հազար, այլ գուցե 20, 30, 50, գուցե 100 հազար, գուցե 500 հազար դրամի ծառայություն»,- ասել էր նա։

Հաջորդ օրը՝ 2025-ի դեկտեմբերի 4-ին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը շարունակել էր այս թեման՝ հայտարարելով․ «Ինչո՞ւ է դժվար թոշակը բարձրացնել, մի պատճառով, որովհետեւ թոշակառուների թիվը շատ մեծ է՝ 660 հազար մարդ։ Այսինքն՝ 1000 դրամով թոշակ ավելացնելու համար մենք պետք է տասնյակ միլիարդների ծախս անենք անընդհատ, որը փաստացի հետշրջելի չէ եւ ընդհատելի չէ»։

Փաշինյանը նաեւ թոշակառուներին կոչ էր արել աշխատել ու բիզնես հիմնել, ոչ թե սպասել, որ կառավարությունը պետք է թոշակներ բարձրացնի։ «Պետք է որդեգրել այն կոնցեպտը, որ 63-ը ոչ թե կենսաթոշակի, այլեւ փոքր բիզնես սկսելու լավագույն տարիքն է։ 21-րդ դարում 65 կամ 70, 75 տարեկանը մարդու համար շատ ծաղկուն տարիք է, եթե մարդն առողջ է»,- ասել էր նա։

 

Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ եթերով պարզաբանել է, թե ինչու են հենց հիմա որոշել բարձրացնել թոշակները։ Նա նշել է, թե 2025 թվականին տնտեսական աճը եղել է կանխատեսվածից ավելի բարձր։ «Եվ սա մեզ համար լրացուցիչ հնարավորություն է ստեղծում, ՀՀ քաղաքացիներն այդ տնտեսական աճի արդյունքը կտեսնեն նաեւ իրենց կյանքում»,- ասել է նա։

Ստացվում է, որ երբ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները դեկտեմբերին հայտարարում էին, թե թոշակների բարձրացումը միլիարդների ծախս է ենթադրում, չգիտեի՞ն, որ 2025-ին կանխատեսվածից բարձր տնտեսական աճ է եղել։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment