Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 7,6 տոկոսով. առաջատարը շինարարությունն է

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2026 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 7,6 տոկոսով։ Չնայած տարեկան կտրվածքով գրանցված դրական միտումներին՝ 2025 թվականի դեկտեմբերի համեմատ ընթացիկ տարվա հունվարին արձանագրվել է տնտեսական ակտիվության 48,3 տոկոս անկում։

Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած օպերատիվ տվյալների համաձայն՝ տնտեսական ակտիվության աճի հիմնական շարժիչ ուժը հաշվետու ժամանակահատվածում եղել է շինարարության ոլորտը, որտեղ արձանագրվել է 18,7 տոկոսանոց զգալի առաջընթաց։

Աճի տեմպերով հաջորդում է արդյունաբերությունը՝ 10,6 տոկոս ցուցանիշով, իսկ ծառայությունների ծավալն ավելացել է 7,4 տոկոսով։ Ի տարբերություն վերոնշյալ ոլորտների՝ ներքին առևտրաշրջանառության աճը եղել է բավականին համեստ և կազմել է ընդամենը 0,7 տոկոս։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2025 թվականի հունվարին արտաքին առևտրաշրջանառության ոլորտում նկատվել է բացասական դինամիկա․ ընդհանուր շրջանառությունը նվազել էր 12 տոկոսով, ընդ որում՝ արտահանման ծավալները կրճատվել էին 13,5, իսկ ներմուծմանը՝ 11,2 տոկոսով։

Զուգահեռաբար, հանրապետության սպառողական շուկայում նախորդ տարվա համեմատ գրանցվել է 3,8 տոկոս գնաճ։

The post Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 7,6 տոկոսով. առաջատարը շինարարությունն է appeared first on CIVILNET.

Leave a comment