Եթե կարգավիճակը ամրագրված է Սահմանադրությամբ, ապա այն ենթակա է փոփոխման նույն սահմանադրական կարգով. ՀԱԵ բարենորոգում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր արդեն նույնիսկ մանկապարտեզի երեխաները գիտեն, որ ՀՀ Սահմանադրությամբ եկեղեցին անջատ է պետությունից։ Եթե ոմանց համար սա դեռ «նորություն» է, ապա տարրական իրավագիտություն ունեցող մարդու համար դա ոչ թե տեղեկություն է, այլ սահմանադրական նորմ:

ՀՀ Սահմանադրության հոդված 17-ը հստակ երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը և շեշտում, որ Կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից. սա վերաբերում է բոլոր կրոնական կազմակերպություններին՝ ներառյալ Հայ Եկեղեցուն։

ՀՀ Սահմանադրության հոդված 18-ը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու, բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»։

Այստեղ առանցքային բառը «ճանաչում է» ձևակերպումն է։ Պետությունը եկեղեցի չի՛ ստեղծում, չի՛ նվիրում աստվածային կարգավիճակ կամ մետաֆիզիկական մանդատ չի՛ տալիս, այլ սահմանադրական ակտով ճանաչում է պատմական իրողությունը։ Հետևաբար «բացառիկ առաքելությունը» իրավական ճանաչում է, ոչ թե երկնքից իջած, դոգմատիկ և անձեռնմխելի կարգավիճակ։

Իսկ եթե կարգավիճակը ամրագրված է Սահմանադրությամբ, ապա այն ենթակա է փոփոխման նույն սահմանադրական կարգով, քանի որ ՀՀ Սահմանադրությունը սրբագրված Ավետարան չէ, այլ իրավական փաստաթուղթ է։

ՀՀ Սահմանադրության 15-րդ գլուխը հստակ սահմանում է դրա փոփոխության ընթացակարգը՝ Ազգային ժողովի կողմից, իսկ որոշ դեպքերում՝ հանրաքվեով։

Սահմանադրությունը փոփոխվող իրավական ակտ է, հետևաբար «բացառիկ առաքելության» ճանաչումն էլ իրավական կարգավորում է, ոչ թե հավերժական դոգմա, այն ևս կարող է վերանայվել նույն սահմանադրական ճանապարհով, և այն սարքել դոգմատիկ սրբագործման առարկա ուղղակի իրավական անգրագիտության ցուցադրություն է։

Ավելին, Հայ Առաքելական Եկեղեցու կարգավիճակը սահմանվում է ոչ միայն Սահմանադրությամբ, այլ նաև «Հայաստանի Հանրապետության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» 2007 թվականի օրենքով:

Օրենքը սահմանում է Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության շրջանակներում, պետության կողմից նրա իրավասությունների ճանաչումը, ինչպես նաև կրթական, մշակութային և սոցիալական ոլորտներում համագործակցության սահմանները։

Այսինքն՝ հարաբերությունները կարգավորվում են իրավական ակտերով, ո՛չ թե զգացմունքային, սրբազան հռետորաբանությամբ կամ հուզական մանիպուլացիայով ու հոգևորական պաթոսով ու անեծքով։

Փաստ է, որ Հայ Առաքելական Եկեղեցին ՀՀ-ում գրանցված է պետական իրավական դաշտում՝ որպես իրավաբանական անձ և ներառված է ՀՀ պետական ռեգիստրում։ Սա նշանակում է, որ այն գործում է ՀՀ օրենսդրության շրջանակներում, օգտվում է իրավաբանական անձի իրավունքներից և կրում է օրենքով սահմանված պարտականություններ։ Գրանցումը ոչ թե նվազեցնում է եկեղեցու պատմական դերակատարությունը, այլ փաստում է, որ այն հանդիսանում է ՀՀ իրավակարգի սուբյեկտ և ենթակա է իրավական կարգավորման ընդհանուր սկզբունքներին։

Որքան ավելի «գերգրագետ Ներսիսյանապաշ» հոգևորականները բղավեն «սահմանադրություն–սահմանադրություն», այնքան ավելի է իրավականորեն ամրագրվում Հայ Եկեղեցու՝ Հայաստանի Հանրապետության պետության հանդեպ ունեցած պարտականությունների շրջանակը։

Կարևոր է ճիշտ հասկանալ , որ «ինքնակառավարում» հասկացությունը չի նշանակում քաղաքական ինքնիշխանություն, չի՛ նշանակում պետական իշխանության հետ մրցակցող սուբյեկտ դառնալու իրավունք և առավել ևս չի՛ նշանակում պետական կառավարման կամ դիվանագիտական գործընթացներին միջամտելու լիազորություն։

Եկեղեցին գործում է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում և ենթակա է նրա Սահմանադրությանը և օրենքներին։

ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածը հստակ սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին». իշխանությունը չի՛ պատկանում եկեղեցուն, կաթողիկոսին, հոգևոր դասին կամ որևէ այլ ինստիտուտի։

Եթե կաթողիկոսը կամ որևէ ցանկացած հոգևորական փորձում է ազդել պետական իշխանության ձևավորման վրա… կոչ է անում անտեսել սահմանադրական կարգը կամ ուղղակիորեն միջամտում է պետական կառավարման գործընթացներին, ապա այդ գործողությունները այլևս «հոգևոր դիրքորոշում» չեն, այլ՝ իրավական պատասխանատվության առարկա։

ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է պատասխանատվություն սահմանադրական կարգի դեմ ուղղված հրապարակային կոչերի, իշխանության յուրացման փորձերի և պետական ինստիտուտների գործունեության խոչընդոտման համար։

Օրենքը չի տարբերակում՝ անձը հոգևորական է, տիեզերագնաց է, քաղաքական գործիչ է, թե շարքային քաղաքացի։ Օրենքի առաջ բոլորը հավասար են։

Իրավական պետությունում կարգավիճակը վահան չէ պատասխանատվությունից խուսափելու համար։

Իրավական պետությունում ոչ մի ինստիտուտ նույնիկս եթե այն «բացառիկ առաքելություն» ունի չի՛ կարող կանգնել Սահմանադրությունից վեր, այն ունի գերակա իրավական ուժ բոլորի նկատմամբ։

Երբ իրավական նորմը փոխարինվում է սրբազան ավանդությամբ, ճոռոմաբանությամբ կամ անեծքով, սկսվում է իրավական քաոսը։ Իսկ իրավական քաոսը երբեք չի եղել և չի կարող լինել ժողովրդավարական պետության հիմք։ Սահմանադրությունը օրենք է, ոչ թե սրբապատկեր։

Սարգիս (նախկին Հայր Զավեն) Յազիչյան:

Leave a comment