Ինչու են իշխանավորները հավակնում «աստվածային» կարգավիճակի

«Ամեն իշխանություն Աստծուց է», բայց ոչ՝ ամեն իշխանավոր

Ինչի մասին է երազում ցանկացած իշխանավոր՝ բոլոր ժամանակների իշխանավորները՝ «ժեկի պետից» սկսած, նախագահներով եւ թագավորներով վերջացրած: Պարզ է` նրանք երազում են, որ իրենց ենթարկվեն: Բայց ինչպե՞ս: Նախեւառաջ, իհարկե, վախից ելնելով: Սակայն խնդիրն այն է, որ իշխանավորները հասկանում են՝ վախը (այդ թվում՝ փող, դղյակ կամ կալվածք կորցնելու վախը) հուսալի գործիք չէ: Երբ որ մարդն ինչ-ինչ պատճառով կորցնում է վախը, նա դադարում է ենթարկվել, եւ երբեմն ավելին՝ մեծ ցանկություն ունի իր ստորացումների համար վրեժ լուծել: Գուցե ոչ բոլոր «նաչալնիկներն» են դա հասկանում գիտակցական մակարդակով, բայց նույնիսկ ամենապրիմիտիվ ցեղի առաջնորդի մոտ կա դրա ինտուիտիվ ընկալումը:

Հետեւաբար, պետք է լինի վախից եւ փողից ավելի բարձր մոտիվացիա, որը կստիպի ենթականերին կատարել իրենց թագավորի կամ իշխանիկի հրամանները: Բայց այդ մոտիվացիան, մեծ հաշվով, չեն կարող ստեղծել մահկանացուները՝ պետք է լինի ինչ-որ «գերբնական ուժ», որի «ներկայացուցիչն» է ուզում լինել իշխանավորը: Նրանք բոլորը՝ «ժեկի պետից» սկսած ապրում են այդ, իմ կարծիքով, սին երազանքով:

Երբ խոսքն Աստծո մասին է, դա հենց այդպես էլ պետք է լինի. «Ոչ երկիւղէդ դատաստանի միայն, այլ սիրով Քո ողորմութեան», – գրում էր Նարեկացին: Որեւէ մարդուն նման անկեղծ նվիրվածությամբ ենթարկվել հնարավոր չէ: Ընդ որում, եթե Աստծո գոյությունը մերժվում է, ապա նրա տեղն են զբաղեցնում տարբեր արհեստական գոյացություններ, ինչպիսին է, օրինակ, Ժան-Ժակ Ռուսոյի volonté générale-ն, ընդհանուր կամքը: «Ժողովուրդը», «ժողովրդի կամքը», «ժողովրդի մանդատը» դառնում է ինչ-որ սրբադասված Grand Être (բարձրագույն էակ): Դա էլ մեկ այլ ֆրանսիացու՝ 19-րդ դարի փիլիսոփա Օգյուստ Կոնտի սիրելի արտահայտությունն է: «Ժողովուրդ» բառի սակրալիզացիայի միջոցով բռնապետական հակումներ ունեցող ղեկավարները փորձում են իշխել մարդկանց վրա եւ արդարացնել ցանկացած սրիկայություն ու ստորություն:

Նման ձեւով հասկացված «ժողովուրդն» այդ տիպի իշխանավորների համար «վկայությունն է» իրենց իշխանության «աստվածային» բնույթի: Եվ այդ համատեքստում նրանք երբեմն սիրում են մեջբերել Պողոս առաքյալի խոսքը. «Ամեն անձ թող հնազանդ լինի վերադաս իշխանություններին, որովհետեւ իշխանություն չկա, եթե ոչ Աստծուց, եւ եղած իշխանությունները Աստծուց են կարգված» (Հռոմ. 13:1): Մեջբերումը ճիշտ է, իսկ իմաստը՝ խեղաթյուրված:

Պողոս առաքյալը նկատի ունի, որ Աստծուց է իշխանության ինստիտուտը, բայց ոչ՝ ամեն մի կոնկրետ մարդ, որն իշխանություն ունի: Իշխանությունն Աստծո կարգն է, նրա հիմնած մեխանիզմը, իսկ իշխանությամբ օժտված մարդիկ չափազանց տարբեր են: Այդ թվում՝ կարող են լինել խելագար, մանկամիտ, տգետ, հնարավոր է լինեն նաեւ արծաթասեր, կամ շվայտ կյանքի սիրահար: Վերջապես, կարող են լինել ակնհայտ չարագործ: 20-րդ դարում էլ կային այդպիսիք: Ո՞ւմ լեզուն կպտտվի ասել, որ Հիտլերի, Ստալինի կամ Պոլ Պոտի իշխանությունն Աստծուց էր:

Պողոս առաքյալն, այդպիսով, կոչ է անում ենթարկվել աստվածային կարգին, բայց ոչ կոնկրետ մարդկանց, որոնց, հակառակը՝ պետք չէ ենթարկվել, եթե նրանք, իրենց հերթին, այդ կարգը չեն ճանաչում: Նույն Պողոս առաքյալն ընդգծում է, որ մարդկանց կողմից ստեղծած հիերարխիան ստորադաս է Աստծո եւ մարդկանց՝ բոլո՛ր մարդկանց հարաբերությանը. «Տիրոջ մեջ կոչված ծառան Տիրոջ ազատյալն է, եւ նույն կերպ ազատ կոչվածը Քրիստոսի ծառան» (Ա Կորթ. 7:22):

Հայերեն թարգմանության մեջ «ծառա» բառը, կարծես թե, մեղմացնում է սոցիալական կարգավիճակը: Բայց համատեքստից պարզ է իմաստը. ծառան (ստրուկը) Աստծո համար ազատ է, իսկ իշխանավորը, բոլորի նման, Աստծո ծառան է: Եվ հենց այդ՝ բարձրագույն հիերարխիայի շրջանակներում պետք է ենթարկվել իշխանավորին՝ միայն այն իշխանավորին, որն իրեն այդ հիերարխիայի մասն է համարում:

Իշխանավորները սովորաբար այդ կարգը ծանր են տանում. «Ո՞նց թե, մեր գավազանը մեզ տվել է Աստված (ժողովուրդը, իմ հայրիկը), ես ինչո՞ւ պետք է հավասար լինեմ այդ ծառաներին»: Հաճախ այդ պարագայում նրանք հակադրվում են ավանդական կրոնին եւ փորձում են ստեղծել իրենց սեփականը, որտեղ իրե՛նք են կենտրոնում:

Վերը թվարկած բռնապետերը հենց դրանով էին զբաղված:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.02.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment