ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ անվտանգության խորհրդի «Արիա» ձևաչափով կայացած հանդիպմանը, որը նվիրված էր «Ապահով կրթությունը հանուն երեխաների հավաքագրման և զինված հակամարտություններում օգտագործման կանխարգելման» թեմային։ Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է, որ Հայաստանը դատապարտում է երեխաների դեմ բռնության բոլոր ձևերը և կոչ է արել հարգել միջազգային իրավունքով, այդ թվում՝ միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների միջազգային իրավունքի պարտավորությունները։
Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը ողջունում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Կրթություն հանուն խաղաղության, մարդու իրավունքների և կայուն զարգացման առաջարկության ընդունումը։ Դեսպանը նշել է, որ մեր երկիրը մշտապես բարձրաձայնում է կրթության իրավունքի երաշխավորման կարևորությունը՝ հատկապես զինված հակամարտությունների, օկուպացիայի, աղքատության, աղետների և մարդասիրական ճգնաժամերի հետևանքով տուժած երեխաների և սովորողների համար։ Այս խմբում ընդգրկված են փախստականները, ներքին տեղահանված անձինք, ռասայական խտրականության զոհերը և խոցելի իրավիճակներում հայտնված այլ խմբեր։