Տարիներ շարունակ անցկացված հարկային ստուգումներով «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում (ՀԷՑ) ոչ մի խախտում չի հայտնաբերվել։ Այս մասին նոյեմբերի 28-ի ասուլիսում հայտարարել է փաստաբան Վարդան Ալոյանը՝ խոսելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանավորման մասին։
Ալոյանի խոսքով՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մշտապես վերահսկել է ընկերության աշխատանքը։ Ավելին՝ ՀԷՑ-ն իր նախաձեռնությամբ էլեկտրոնային մոնիթորինգի համակարգ է ներդրել, որով հանձնաժողովը կարողանում է ուղիղ ռեժիմում հետևել ընկերության գործունեությանը։
«ՀԷՑ-ում SBS համակարգ է գործում։ Սեփականատերերը հենց իրենց նախաձեռնությամբ, առանց հանձնաժողովի պահանջի, կարգավորողին հնարավորություն են տվել ցանկացած պահի առցանց մտնել ու տեսնել՝ ինչ է կատարվում ընկերությունում։ ՀԷՑ-ի աշխատակիցներն էլ հենց այդ համակարգով են աշխատում»,— պարզաբանել է փաստաբանը։
Ալոյանը նաև նշել է, որ տեղեկություն չունի՝ արդյոք ՀԷՑ-ում ենթադրյալ խախտումների մասին այս հայտարարություններից հետո որևէ պաշտոնյա պատասխանատվության ենթարկվել է, թե ոչ։ Դա վերաբերում է նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչներին ու ղեկավարությանը։
«Ես տեղյակ չեմ, որ այս այսպես կոչված բացահայտումներից հետո որևէ պաշտոնյա պատասխանատվության կանչված լինի։ Ինչքան հիշում եմ՝ հանձնաժողովի ներկայիս անդամներից շատերը, այդ թվում՝ նախագահը, նախկինում էլ նույն պաշտոններն են զբաղեցրել»,— ասել է նա։
Փաստաբանն առանձնացրել է հարկային ստուգումների արդյունքները․ չնայած ընկերության հսկայական ծավալներին, ութ տարվա ստուգումներով որևէ դրամական խախտում չի արձանագրվել։
«Պատկերացրեք տարեկան 200–250 միլիարդ դրամի շրջանառություն ունեցող ընկերություն, որին ութ տարի շարունակ ստուգում են հարկային մարմինները, ու արձանագրվում է զրո դրամի խախտում։ Մինչդեռ անգամ փոքր խանութում ստուգելիս միշտ մի խախտում գտնում են՝ գոնե 10 հազար դրամի, էլ չեմ ասում ավելի մեծ գումարների մասին»,— ընդգծել է Ալոյանը։
Նրա համոզմամբ՝ սա ապացուցում է, որ ՀԷՑ-ն աշխատել է օրենքի սահմաններում։ Ալոյանը նաև հիշեցրել է, որ ընկերությանը միայն պետական կարգավորողը չի վերահսկել․ վարկ տրամադրող բանկերն էլ են ինքնուրույն գնահատել ընկերության վիճակն ու ռիսկերը։
«Ութ տարվա հարկային ստուգումներով զրո դրամի խախտումը ևս ցույց է տալիս, թե ինչ վիճակում է եղել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը»,— եզրափակել է փաստաբանը։