Ռուբեն Վարդազարյանի գործով դատարանը առանց փորձաքննության թույլատրելի ապացույց է ճանաչել Անդրանիկ Սիմոնյանի ձայնագրությունը՝ հիմնվելով նրա «բարեխղճության» վրա. «Փաստինֆո»

ԲԴԽ նախկին նախագահ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատարանը առանց փորձաքննության թույլատրելի ապացույց է գնահատել ձայնագրությունը՝ հիմք ընդունելով Անդրանիկ Սիմոնյանի «բարեխղճությունը»։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վաչե Դոլմազյանի նախագահությամբ, 2025թ․ օգոստոսի 8-ին մեղավոր է ճանաչել Ռուբեն Վարդազարյանին և դատապարտել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, ինչպես նաև՝ 2 տարի ժամկետով զրկելով պաշտոն զբաղեցնելու իրավունքից։

Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդում էր իրականացվում ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով։ Քրեական գործը հարուցվել էր առանց Վարդազարյանի անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, այժմ՝ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Ըստ քրեական գործի՝ Անդրանիկ Սիմոնյանի՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարման ժամանակ նրա վարույթում գտնվող գործերից մեկով մեղադրյալ, քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի՝ «Ալավերդցի Վահագի», կալանքի փոփոխման վերաբերյալ Վարդազարյանն իբրև հեռախոսային խոսակցություն է ունեցել Սիմոնյանի հետ։ Այս քրեական գործը դատարանում էր 2021թ․ սեպտեմբերից, սակայն մեկ տարի անց գործը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանից տեղափոխվեց Հակակոռուպցիոն դատարան։ Ռուբեն Վարդազարյանը իր նկատմամբ հետապնդումը քաղաքական հետապնդում է գնահատել, նրա նկատմամբ հետապնդումները սկսել են դեռևս ԲԴԽ նախագահի պաշտոնում դատավորներին արդարադատություն իրականացնելու կոչից հետո, ավելին, Ռուբեն Վարդազարյանը ձայնագրություն էր հրապարակել, համաձայն որի՝ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը փորձում էր իրեն համոզել հրաժարական տալ՝ խոստանալով «գործեր ջրել», թեև այդ պահին նման քրեական գործ դեռ հարուցված չէր, այդ հանդիպմանը ներկա են եղել նաև Ստեփան Միքայելյանը և Սերգեյ Չիչոյանը։

Պաշտպանության կողմը դատաքննության ընթացքում պնդում էր ոչ միայն քաղաքական հետապնդման հանգամանքը, այլև ընդգծում, որ դատարանը պետք է պարզի ձայնագրության իսկությունը՝ փորձաքննության միջոցով, որը չի իրականացվել։

Դատարանը արձանագրել է, որ համաձայն վկա Անդրանիկ Սիմոնյանի ցուցմունքի՝ նրա և Ռուբեն Վարդազարյանի միջև հեռախոսային խոսակցությունը ձայնագրվել է ինքնաշխատ եղանակով, որը հետագայում արդեն Անդրանիկ Սիմոնյանի կողմից հեռախոսից ներբեռնվել է կրիչի վրա։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment