ԵՄ-ն «դեսա՞նտ» է բերում Հայաստան ՔՊ-ին աջակցելու և ՌԴ-ին հակազդելու համար․ Գեղամ Մանուկյանը և Շիրազ Խաչատրյանը՝ Հայաստանում «հիբրիդային արագ արձագանքման խումբ» տեղակայելու ԵՄ մտադրության մասին

«Այդպես լավ չի․ Հայաստանի իշխանությունները կարող էին ուղղակի եվրոպացիներից խնդրել, օրինակ, ոստիկանական կամ ռազմական այլ ուժեր՝ ընդդիմադիր ուժերի գրասենյակները շրջափակելու և ընտրությունների ժամանակ ընդդիմադիր գործիչներին ձերբակալելու համար։ Որովհետև այն տրամաբանությամբ, որով ներկայացվում է, դա նշանակում է, որ ԵՄ-ն հսկայական մարդկային և ֆինանսական ռեսուրսներ է Հայաստան «դեսանտ» իջեցնելու՝ ՀՀ գործող իշխանությանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրարշավին աջակցելու համար»,- սա ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանի արձագանքն է Հայաստանում «հիբրիդային արագ արձագանքման խումբ» տեղակայելու ԵՄ մտադրությանը։

Նպատակը՝ Հայաստանում հունիսին կայանալիք ընտրություններում «Կրեմլի ապատեղեկատվությանը» դիմակայելն է։ Խումբը հետագայում հնարավոր է դառնա Հարավային Կովկասում մշտական քաղաքացիական նախաձեռնություն։

Հիշեցնենք, նման խնդրանքով Բրյուսելին դիմել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Այլ, ավելի ակնառու միջամտություն Հայաստանի ներքին գործերին, այլ, ավելի ակնառու ազդեցություն Հայաստանի ընտրական գործընթացների վրա դժվար է պատկերացնել»,- ասում է ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ Մոլդովայի ընտրություններում տեղի ունեցածը Հայաստանում դրսևորվելու է առավել մեծ ծավալներով։ Մեր զրուցակիցը ուշադրություն է հրավիրում նաև այն փաստին, որ Թուրքիան և Ադրբեջանը նույնպես հստակ հայտարարություններ են արել՝ միջամտելով մեր երկրի ներքին գործերին։

Այս ամենից Գեղամ Մանուկյանի համար մեկ բան էլ է ակնհայտ․ «Եվրոպացիները արձանագրում են, որ Հայաստանում ընտրություններ լինելու են, ընտրություններից հետո էլ լինելու է սահմանադրական հանրաքվե, ու սա այն դեպքում, որ Հայաստանում հանրաքվեի մասին դեռ որոշում չկա՝ ոչ ԱԺ-ի, ոչ այլ քաղաքական մարմնի կողմից։

Դա ուղղակի ՔՊ-ական իշխանության՝ Ադրբեջանին տրված խոստումների մասին բարձրաձայնումն է։ Փաստորեն, ԵՄ պաշտոնյաներն արդեն կանխորոշում են Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները և որոշում են, թե հետագա ի՞նչ գործողություններ պետք է անի Հայաստանի ապագա իշխանությունը։ Մինչդեռ այդ իշխանության ձևավորումը բացառապես Հայաստանի ժողովրդի սուվերեն իրավունքն է»։

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի գնահատմամբ էլ, ԵՄ կողմից Հայաստանում «հիբրիդային արագ արձագանքման խմբի» հնարավոր տեղակայումը, որը պաշտոնապես ներկայացվում է իբր ի աջակցություն «ժողովրդավարական դիմադրողականությանը և տեղեկատվական ամբողջականությանը», իրականում ունի շատ ավելի խորքային՝ աշխարհաքաղաքական և ներքաղաքական շերտեր։

«Առաջին հերթին՝ նման ձևակերպումները փաստացի ֆիքսում են Հայաստանի ներքաղաքական գործընթացների աշխարհաքաղաքական շրջանակավորումը։ «Ընտրությունների ամբողջականության պաշտպանությունը» և հնարավոր հետընտրական սահմանադրական հանրաքվեի նկատմամբ ուշադրությունը կարող են վերածվել ներքաղաքական դաշտի վրա ազդեցության գործիքների։ Շատերի մոտ այս աջակցությունն առաջին հերթին ընկալվում է որպես ընտրական գործընթացների վերահսկողություն և ուղղորդում։

Երկրորդ՝ ակնհայտ է, որ արևմտյան խաղացողների համար գործող իշխանությունը ներկայումս ընկալվում է որպես կանխատեսելի և «ենթարկվող գործընկեր»։ Այդ պայմաններում բացառված չէ, որ արտաքին աջակցությունը նաև անուղղակիորեն նպաստի իշխանության վերարտադրությանը՝ «կայունության» կամ «հիբրիդային սպառնալիքների չեզոքացման» անվան տակ։ Ամենավտանգավոր սցենարը կարող է լինել ոչ թե ընտրական տեխնիկական խախտումների հարցը, այլ հետընտրական հնարավոր ճգնաժամերի կառավարումը։ Եթե քաղաքական զարգացումները գնան իշխանության համար անբարենպաստ ուղղությամբ, գործընթացները կարող են տանել ներքին լարվածության երկարաժամկետ պահպանման։ Այդպիսի մոդելը, անգամ ձևականորեն պահպանելով ժողովրդավարական ինստիտուտները, կարող է հանգեցնել կառավարման ավելի կենտրոնացված և կոշտ համակարգի ձևավորմանը։

Երրորդ՝ Ռուսաստանի անվան բաց ընդգծումը փաստաթղթերում նշանակում է, որ գործընթացը դիտարկվում է ոչ միայն որպես ընտրական աջակցություն, այլ որպես հակազդեցություն կոնկրետ աշխարհաքաղաքական դերակատարի։ Սա անխուսափելիորեն սրում է հարաբերությունները հյուսիսային հարևանի հետ և Հայաստանը ավելի հստակ տեղադրում է մրցակցող բևեռների հակադրության գոտում։ Իսկ նման քայլերը կարող են բերել տեղեկատվական, տնտեսական կամ անվտանգային ճնշումների աճի, ինչպես նաև խորացնել տարածաշրջանային լարվածությունը»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Միաժամանակ, ըստ Շիրազ Խաչատրյանի, ԵՄ-ի փորձը Ադրբեջանին բացատրելու իր գործողությունների նպատակը ցույց է տալիս, որ այս նախաձեռնությունը դիտարկվում է նաև խաղաղության գործընթացի համատեքստում․ «Սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք Հայաստանի ներքաղաքական դաշտի նման վերաձևումը չի ազդելու բանակցային գործընթացի հավասարակշռության վրա և չի ստեղծելու լրացուցիչ ռիսկեր։

Պարզ է, որ սա ընտրությունների նախաշեմին իրականացվող քաղաքական նախաձեռնություն է, որն ունի բազմաշերտ հետևանքներ։ Թե իշխանությունները ի՞նչ ձևաչափով կներառեն այս գործընթացը և ի՞նչ հակազդեցություններ կարող են առաջանալ՝ դեռևս բաց հարց է, սակայն ակնհայտ է, որ նման քայլերը կարող են Հայաստանին դնել արտաքին ազդեցությունների և ներքին ցնցումների բարդ համադրության առաջ»։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment