Ամեն օր ցավով ու ափսոսանքով արձանագրում եմ, թե ինչքան գրագետ, խելացի, ազնիվ, հայրենասեր մարդիկ կան մեր շուրջը, որոնք ոչ իշխանության շարքերում են, ոչ` ընդդիմության: Առհասարակ` քաղաքական ուժերի մաս չկազմող մարդիկ մեզանում ավելի առողջ են դատում, ավելի լավ են հասկանում, թե ուր է գնում երկիրը, շատ ավելի են թացը չորից զատում, բայց, ցավոք սրտի, չեն մասնակցում երկրի կառավարմանը, որոշում կայացնողների մեջ չեն եւ անգամ չեն ձգտում լինել նրանց մեջ:
Շատ ցավալի է, որ այս բոլոր մարդիկ երկրի ընթացքին միջամտելու շատ սահմանափակ հնարավորություններ ունեն: Նրանցից մեկը բժիշկ է, մյուսը` գիտնական, այթի ոլորտի մասնագետ, ուսուցիչ, փոքր բիզնես ունի, լրագրող է կամ դասախոս… Նրանք բոլորը, մեծ հաշվով, դուրս են մնացել երկրի կառավարումից եւ իշխանության գալու պայքարից: Նրանց մասնակցությունը երկրի կառավարմանը սկսվում եւ ավարտվում է ընտրությունների ժամանակ քվեարկության գնալով, ինչը նրանք բարեխղճորեն կատարում են` տարեց տարի, չնայած մեծ հույսեր չունեն, թե իրենց ընտրած անձինք եւ ուժերն են գալու իշխանության, կամ` իշխանության գալուց հետո ինչ որ բան է փոխվելու:
Այնպես է ստացվել, որ կուսակցական գործունեությունը, քաղաքական պայքարը, ընտրություններին մասնակցելն ու առաջադրվելը մեզանում մի կողմից վարկաբեկվել են եւ հասարակության առողջ ուժերը դուրս են մնացել այդ պայքարից, մյուս կողմից` այդ պայքարի դաշտում այնպիսի «հրմշտոց» է, որ ոչ մի իրեն հարգող մարդ չի էլ ուզում մտնել այնտեղ: Չեն ուզում որպես անձ վարկաբեկվել, հայտնվել ցածրորակ միջավայրում, կամ էլ` կախման մեջ ընկնել մեկ անձի` կուսղեկավարի կամքից:
Արդյունքում` իշխանության եւ իշխանության ձգտողների շարքերում հայտնվել են լիքը անմաքուր, ոչ շատ գրագետ, հայրենիքի մասին ոչ այնքան մտահոգ, հստակ սկզբունքներ չունեցող, ճամբարից ճամբար վազող անհասկանալի մարդիկ: Այս տեսակն է գալիս իշխանության եւ պայքարում` իշխանության գալու համար, այլ ոչ թե իրենց գործն իմացող մարդկանց մի մեծ զանգված, որոնք չեն համարձակվում, կամ չեն ուզում մտնել այդ պղտոր դաշտը:
Սակայն իշխանության եկածների եւ իշխանության գալու համար պայքարողների վարքագծի, քաղաքականության հետեւանքները կրում են հենց նրանք` նույն այդ բժիշկը, գիտնականը, լրագրողն ու ուսուցիչը, որոնք վատ քաղաքացիներ չեն, անտարբեր չեն իրենց պետության ճակատագրի նկատմամբ, խելացի են եւ շատ ավելի լավ կկառավարեին այս պետությունը:
Պարադոքսալ ու ցավալի վիճակ…