Պարտադիր բժշկական ապահովագրությունը՝ աշխատավարձերի կրճատում և աճող դժգոհություն

Առողջապահական համակարգում խորացող ճգնաժամի մասին ահազանգեցին Ազգային ժողովի դիմաց բողոքող բուժաշխատողները։ «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանի փոխանցմամբ՝ պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումից հետո ոլորտում արձանագրվել են աշխատավարձերի էական կրճատումներ և վճարումների ուշացումներ։

Նրա խոսքով՝ ստացիոնար հաստատություններում կրճատումները կազմել են մոտ 30 տոկոս, իսկ որոշ պոլիկլինիկաներում՝ մինչև երկու-երեք անգամ։ Հատկապես ծանր վիճակում են հայտնվել բուժքույրերն ու սանիտարական աշխատողները։ Շատերը բախվել են վարկային պարտավորությունների կատարման խնդիրների։

Ոլորտի ներկայացուցիչները որպես պատճառ մատնանշում են նաև «Armed» էլեկտրոնային համակարգի աշխատանքի խափանումները և համատեղությամբ աշխատողների դեպքում կրկնակի ապահովագրական պահումները։

Բողոքի մասնակիցների գնահատմամբ՝ գործող իշխանությունը փորձում է «օպտիմալացնել» համակարգը՝ փաստացի կրճատելով աշխատողների եկամուտները։ Նրանց համոզմամբ՝ նույն մոտեցումը կարող է կիրառվել նաև կրթության և սոցիալական ապահովության ոլորտներում։

Leave a comment