Տաքսու վարորդները կրկին կառավարության շենքի առաջ են, նրանք շարունակում են իրենց բողոքի գործողություները, որոնք ուղղված են օնլայն տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունների դեմ: Վերջիններս բարձրացրել են միջնորդավճարները՝ 4%-ից հասցնելով 25-35%-ի։ Բացի դրանից, տաքսու վարորդները հարկեր են վճարում պետությանը, սակայն չեն համարվում գրանցված աշխատողներ, ընդգրկված չեն Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի շահառուների թվում:
«Մենք արձանագրում ենք առաջին փոքրիկ հաղթանակն առ այն, որ արդեն 3 նախարար նշել է խախտումների փաստը, 3 նախարար խոսել է խնդիրների մասին: Ճիշտ է, Գեւորգ Պապոյանի ասածը աբսուրդային շարքից է, ողբամ այն երկրին, որի էկոնոմիկայի նախարարն ինքն է: Ասում է՝ խոսեմ Յանդեքսի, կենտրոնական բանկի, առեւտրային բանկի հետ, որ այս մարդկանց վարկ տան, բայց այս մարդիկ վարկ չեն ուզում, իրենց խնդիրներն այլ են: Այսինքն, այս ամբողջ ցույցի ընթացքում հասկացաք, որ պրոբլեմը միայն վա՞րկն է ու վարկի հարց էիք ուզում լուծել…Օրինակ, առողջապահության նախարարը գիտակցել է, որ կա խնդիր ու այս մարդիկ եւս պետք է անվճար բուժօգնություն ստանան…»,-լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը:
Տաքսու վարորդներից մեկը, որ հանդիպել էր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հետ, հետեւյալը նշեց. «Գործն ընթացքի մեջ է, թղթաբանության հետ են ծանոթացել, խոստացել են կրկին հանդիպել 20-25 վարորդի հետ: 2 ժամ զրույց ենք ունեցել նախարարի հետ՝ 6 վարորդով, իրենք նույնիսկ անակնկալի եկան, որ օնլայն տաքսիները մեզ խաբում են: Հիմա իրենք ծանոթանում են թղթերի հետ, խոստացել են մարտի սկզբին մեզ պատասխանել»:
«Աբսուրդի ժանրից է, իրենք անգամ տեղյակ չեն, որ իրենց քաղաքացուն խաբում են, քցում են: 120 հազար վարորդի իրավունք է խախտվում, բայց կառավարությունում ոչ մեկը տեղյակ չէր»,-փաստեց ավագանու անդամը:
Տաքսու վարորդները նշեցին, որ շուրջ 700 ստորագրություն է հավաքվել: Նրանցից մեկի ձեւակերպմամբ, ստորագրություններն ավելին կլինեին, սակայն վարորդներից շատերը 12-14 ժամ ղեկին են, անգամ հաց ուտելու ժամանակ չունեն, դրա համար չեն կարողանում միանալ բողոքի գործողություններին. «Ինձ վարորդ է զանգել, ասում է՝ վարձիս փողը չեմ հասցնում աշխատեմ, հոգով-սրտով ձեր հետ եմ, բայց չեմ կարող գալ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: