Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթում 2025 թ-ի ընթացքում քննվել է 2585 քրեական վարույթ, որոնցից ավարտվել է 890-ը․ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում Հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թ.-ի գործունեության մասին հաղորդման քննարկման ընթացքում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։
Նա նաև նշեց, որ ավարտված վարույթներից 273-ը 661 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 617-ը՝ կարճվել։
«Կարճված վարույթներից 54-ի կարճելու որոշումները դատախազների կողմից չեն հաստատվել, իսկ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված վարույթներից դատախազը չի հաստատել 8-ի եզրակացությունը։
Այսինքն, 2024 թվականի համեմատությամբ՝ 2025 թվականի ընթացքում քննված վարույթների թիվն աճել է 12.9%-ով, ավարտված վարույթների թիվը՝ 4.8%-ով։ 2025 թվականի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված Քրեական վարույթներով դատի է տրվել 298 հանրային ծառայող, որոնք ըստ բնագավառների և զբաղեցրած պաշտոնների հանդիսացել են ՀՀ նախագահ՝ երկու վարույթ, վարչապետ, Ազգային Ժողովի պատգամավոր, պետական գույքի կառավարման վարչության պետ, դատական իշխանության թվով 5 աշխատակիցներ, այդ թվում՝ 2 դատավոր, պաշտպանության նախարարության 47 աշխատակիցներ, այդ թվում՝ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, զորամասի հրամանատարներ, հրամանատարի տեղակալներ և այլն, Արդարադատության նախարարության 6 աշխատակիցներ, ՆԳՆ ոստիկանության թվով 66 աշխատակիցներ, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 2 աշխատակիցներ, Շրջակա միջավայրի նախարարության 14 աշխատակիցներ, Էկոնոմիկայի նախարարության 1 աշխատակից, Առողջապահության նախարարության 4 աշխատակիցներ, Տարածքային կառավարման նախարարության աշխատակից, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 5 աշխատակիցներ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 5 աշխատակիցներ, Քննչական կոմիտեի 7 պաշտոնատար անձինք, ՊԵԿ 17 աշխատակիցներ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչ, Ռազմաարդյունաբերական կոմիտեի նախագահ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներ՝ թվով 6 աշխատակիցներ, այդ թվում՝ ղեկավար, Կադաստրի կոմիտեի 6 աշխատակիցներ, Ջրային կոմիտեի աշխատակիցներ, քաղաքապետարանի աշխատակիցներ, մարզպետարանի աշխատակիցներ, համայնքապետարանի աշխատակիցներ, ինչպես նաև Մխիթար Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցային համալիրի ակնաբուժական կլինիկայի 1 աշխատակից»։