«Մենք առաջարկել էինք, որ առհասարակ մշակութային, կրոնական արժեքները օտարման ենթակա չլինեն, իսկ ինչո՞ւ չեք դիտարկել այդ առաջարկը»,- ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող, ՔՊ-ական Թագուհի Ղազարյանին հարցրեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Թագուհի Ղազարյանը պատասխանեց՝ այդտեղ սահմանադրականության հարց կա․ «Որքան էլ հուշարձանի մասին է խոսքը, սեփականության իրավունքի սահմանափակում ինչ-որ չափով կա, որի տնօրինման սահմանափակման հարց կա, և դա առաջացնում է սահմանադրականության հետ կապված խնդիրներ»։
Լիլիթ Գալստյանը նաև հայտնեց՝ տեսակետներ են հնչել Մայր Աթոռը ներկայացնող հոգևորականներից, որ իրենք ընդհանրապես դեմ են պաշտամունքային կառույցների՝ եկեղեցիների, վանքերի, վանական համալիրների՝ որևէ կերպ օտարման ենթակա լինելուն․ «Չունենք փաստը, որ երբևէ պաշտամունքային որևէ կառույց՝ պետական ցանկում ներառված, օտարվել է։ Այսպես թե այնպես մենք այստեղ սեփականության իրավունքի հետ որոշակի խաչաձևումներ և մեղանչումներ ունենք։ Այս նախագիծը հող չունի իր տակ, մենք նախադեպը չենք ունեցել, հակառակը ես այս նախագիծը դիտարկել եմ որպես Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավանքի և նրա նսեմացման արշավանքի մի հատված։ Սա մտացածին նախաձեռնություն է»։
Հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: