ՔՊ-ն իսկապես մտահոգվելու տեղ ունի

Դատելով ջղաձիգ գրառումներից, որոնցով ՔՊ-ականներն ու նրանց արբանյակներն արձագանքում են ընդդիմադիր խոշոր միավորումների ձեւավորմանը՝ այդ գործընթացը նրանց լրջորեն անհանգստացնում է: «Մենք չլինենք՝ խաղաղություն չի լինի, մենք չլինենք՝ անկախություն չի լինի»՝ այս «ավանդական», ինձ թվում է՝ մանկամիտ սպառնալիքներին ավելանում են նոր երանգներ: Օրինակ, «թույլ չենք տա, որ օլիգարխները գան իշխանության»: Կարծես, իրենց շարքերում օլիգարխներ (այդ թվում «նեո-օլիգարխներ) չկան, կամ օլիգարխները չեն մուծվում համապատասխան հիմնադրամներին:

Ո՞րն է այդ ջղաձգումների պատճառը: ՔՊ-ն, ըստ ամենայնի, հույս ուներ, որ կհաջողվի կրկնել 2021 թվականի սցենարը, երբ Փաշինյանի հիմնական մրցակիցը Ռոբերտ Քոչարյանն էր, որին հազարավոր մարդիկ (անգամ՝ հականիկոլականները) «դեմ» քվեարկելու բազմաթիվ պատճառներ ունեն: Անձամբ ինձ համար նույնիսկ Քոչարյանն այս պահին ավելի գերադասելի է, քան Փաշինյանը: Բայց ակնհայտ է, որ երկրորդ նախագահն այլեւս «գլխավոր ընդդիմադիրը» չէ:

Ո՛չ Սամվել Կարապետյանը, ո՛չ էլ Գագիկ Ծառուկյանը Քոչարյանի չափ հակառեյթինգ չունեն: Բնականաբար, իշխանական քարոզչությունը կփորձի նրանց կապել Քոչարյանի հետ, եւ գուցե դրան միամիտ հավատացողներ լինեն: Բայց մի բան է, երբ մրցապայքարին մասնակցում է անձամբ շատերի «հակահերոսը», մեկ այլ բան է, երբ առաջադրվում են մարդիկ, որոնց փորձում են կապել Քոչարյանի հետ՝ չբերելով, ի դեպ, որեւէ լուրջ հիմնավորում հօգուտ այդ կապի:

Մեկ այլ տարբերակ է իշխանության համար՝ փորձել ընդդիմադիրներին իրար դեմ հանել: Բայց ընդդիմադիր հիմնական ուժերն առաջնորդում են բազմափորձ մարդիկ, եւ նրանց համար, վստահ եմ, խնդիր չէ՝ «վերծանել» այդ պարզունակ տեխնոլոգիան: Ենթադրում եմ, որ երկրորդ նախագահը եւ նրա կողմնակիցները նույնպես կուլ չեն տա ՔՊ-ական այդ խայծը:

Իշխանությունը վախենում է «Գյումրիի սցենարից», երբ ընդդիմադիրները միավորվեցին ՔՊ-ական թեկնածուի դեմ: Հավանաբար, այդ վախի համար հիմքեր կան: Ես էլ եմ վախենում այդ սցենարից, բայց՝ այլ տեսանկյունից: Գյումրիում ընտրվեց քաղաքապետ, իսկ այնուհետեւ Փաշինյանը, օգտագործելով իր գրպանում գտնվող քննչական մարմինները, դատախազությունը եւ դատարանները, «չեղարկեց» ընդդիմության այդ ընտրությունը:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment