Շիրազ Խաչատրյան. «Դժվար է հստակ գնահատել, թե որքանով են իրականացվող գնումները լիարժեք համահունչ զինված ուժերի կառուցվածքին և զարգացման ռազմավարությանը». «Փաստ»

Պարբերաբար տեղեկանում ենք, որ Հայաստանը տարաբնույթ զինատեսակներ է ձեռք բերում տարբեր երկրներից, ինչպես նշվում է՝ մեր երկրի պաշտպանունակությունն ապահովելու համար: «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ զրույցում փորձում ենք հասկանալ՝ որքանո՞վ են այդ գնումները համապատասխանում մեր Զինված ուժերի կառուցվածքին, նրա առջև դրված խնդիրների կատարմանը:

«Նախ՝ պետք է արձանագրել, որ պետության համար սպառազինության պարբերական թարմացումն ու համալրումը սովորական, անընդհատ և համակարգային գործընթաց պետք է լինի։ Ցանկացած պատասխանատու իշխանություն պարտավոր է մշտապես արդիականացնել զինանոցը, համալրել պահեստները և բարձրացնել բանակի մարտունակությունը։ Այդ պատճառով այս իշխանությունների կողմից առանձին գնումները ներկայացնելը որպես բացառիկ կամ աննախադեպ ձեռքբերումներ՝ առավելապես քաղաքական շեշտադրումներով, ավելի շատ տեղեկատվական շոու է:

Միևնույն ժամանակ, դժվար է հստակ գնահատել, թե որքանով են իրականացվող գնումները լիարժեք համահունչ զինված ուժերի կառուցվածքին և զարգացման ռազմավարությանը։ Բայց ակնհայտ է, որ վերջին տարիներին ունեցել ենք զգալի կորուստներ՝ ինչպես մարդկային, այնպես էլ նյութատեխնիկական։ Միլիարդավոր դոլարների զինտեխնիկայի և սպառազինության կորուստներից հետո առաջնահերթ խնդիր պետք է լինի նախ բանակում գոյացած բացերի լրացումը, մարտունակության վերականգնումը և համակարգային վերակազմավորումը։ Միայն դրանից հետո կարելի է անցնել երկարաժամկետ զարգացման ծրագրերի մշակմանը և նոր, առաջնահերթ ուղղությունների ընտրությանը։

Բացի այդ, այս պահին հստակ չէ, թե ռազմաքաղաքական առումով ի՞նչ խնդիրների լուծմանն են ուղղված իրականացվող քայլերը։ Եթե չկա հստակ ձևակերպված պաշտպանական դոկտրին, սպառնալիքների գնահատում և դրանց հակազդման մեխանիզմների հրապարակային, եթե ոչ ամբողջությամբ բաց հիմնավորում, ապա սպառազինության ցանկացած գնում կարող է ընկալվել ոչ թե որպես ռազմավարական անհրաժեշտություն, այլ որպես հատվածական և ոչ համակարգված քայլեր։

Պաշտպանական քաղաքականությունը չի կարող կառուցվել միայն հայտարարությունների կամ առանձին գործարքների վրա։ Այն պետք է հիմնված լինի հստակ տեսլականի, երկարաժամկետ պլանավորման և պետական պատասխանատվության վրա։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի վստահաբար ասել, որ իրականացվող գնումները ոչ միայն թվեր են հաշվետվություններում, այլ իրական ներդրում են երկրի անվտանգության և պետականության ամրապնդման գործում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Խաչատրյանը։

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment