Փետրվարի 16–20-ը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում անցկացվեց India AI Impact Summit 2026 գագաթնաժողովը, որը համախմբել էր ավելի քան 100 երկրի ներկայացուցիչների։ Միջոցառմանը մասնակցել է նաև Հայաստանը՝ ի դեմս ԲՏԱ փոխնախարարի։ Գագաթնաժողովից հետո Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հանդես է եկել ուղերձով՝ շեշտադրելով արհեստական բանականության (ԱԲ) «մարդակենտրոն» զարգացման անհրաժեշտությունը և ներկայացնելով AI կառավարման իր շրջանակը:
Նարենդրա Մոդին ԱԲ-ն համեմատում է մարդկության պատմության շրջադարձային հայտնագործությունների՝ կրակի, գրի, էլեկտրականության և համացանցի հետ։ Նրա խոսքով՝ արհեստական բանականությունը պատկանում է նույն «լիգային», սակայն ունի առանձնահատկություն․ այն փոփոխությունները, որոնք նախկինում տասնամյակներ էին պահանջում, այժմ կարող են տեղի ունենալ շաբաթների ընթացքում և ազդել ողջ մոլորակի վրա։
Մոդին ընդգծում է, որ ԱԲ-ն չպետք է լինի մեքենայակենտրոն, այլ մարդակենտրոն։ «Տեխնոլոգիան պետք է ծառայի մարդկանց, ոչ թե հակառակը», նշել է նա՝ հիշեցնելով Հնդկաստանի թվային հանրային ենթակառուցվածքների փորձը՝ թվային վճարումների UPI համակարգից մինչև համավարակի պատվաստման թվային հարթակներ։ Նրա խոսքով՝ նույն սկզբունքը պետք է կիրառվի նաև ԱԲ-ի ոլորտում՝ հիմնվելով «Sarvajana Hitaya, Sarvajana Sukhaya»՝ «Բոլորի բարօրության և երջանկության համար» սկզբունքի վրա։
Նա ներկայացրել է նաև ԱԲ կառավարման համար առաջարկվող MANAV շրջանակը։ «MANAV», որը հինդի լեզվով նշանակում է «մարդ», ամփոփում է հինգ սկզբունք՝ բարոյական և էթիկական հիմքեր (Moral and Ethical Systems), հաշվետու կառավարում (Accountable Governance), ազգային ինքնիշխանության (National Sovereignty) հարգում տվյալների նկատմամբ, հասանելիություն և ներառականություն (Accessible and Inclusive), ինչպես նաև հավաստիություն և լեգիտիմություն (Valid and Legitimate)։ Մոդիի ձևակերպմամբ՝ ԱԲ-ն չպետք է դառնա մի քանի ընկերությունների կամ պետությունների մենաշնորհ, այլ պետք է ծառայեցվի գլոբալ հանրային բարիքին, հատկապես՝ Գլոբալ Հարավի երկրների առաջընթացին։
Նա նդրադարձել է նաև վստահության խնդրին՝ նշելով, որ գեներատիվ համակարգերի տարածման պայմաններում ժողովրդավարական հասարակությունները բախվում են ապատեղեկատվության և դիփֆեյքերի ռիսկերին։ «Ինչպես սնունդը ունի սննդային պիտակ, այնպես էլ թվային բովանդակությունը պետք է ունենա իսկության նշում»,- նշել է Մոդին՝ կոչ անելով մշակել ջրանշման և աղբյուրի նույնականացման համընդհանուր ստանդարտներ։ Նրա խոսքով՝ Հնդկաստանն արդեն իրավական պահանջ է սահմանել սինթետիկ բովանդակության հստակ մակնշման համար։
Ուղերձում առանձնահատուկ տեղ է հատկացված երիտասարդությանը։ Մոդին վստահ է, որ ԱԲ դարաշրջանի իրական շարժիչ ուժը լինելու է կրթված և հմտացված երիտասարդ սերունդը։ Նրա խոսքով՝ Հնդկաստանում իրականացվում են աշխարհի խոշորագույն վերապատրաստման և վերաորակավորման ծրագրերից մի քանիսը՝ ուղղված ողջ կյանքի ընթացքում ուսուցմանը։
Գագաթնաժողովի համատեքստում Մոդին նաև ներկայացրել է Հնդկաստանի ենթակառուցվածքային ներդրումները՝ հազարավոր GPU-ների տեղակայում, ազգային AI Repository-ի ստեղծում, կիսահաղորդիչների և տվյալների ենթակառուցվածքի զարգացում։ Նրա խոսքով՝ մատչելի հաշվարկային հզորությունների շնորհիվ նույնիսկ փոքր ստարտափները կարող են դառնալ գլոբալ խաղացողներ։
Մոդիի եզրափակիչ ուղերձը հնչել է որպես կոչ միջազգային համագործակցության․ «Մշակեք և զարգացրեք Հնդկաստանում։ Մատակարարեք աշխարհին։ Մատակարարեք մարդկությանը»։ Նրա տեսլականում ԱԲ-ն ոչ թե ռազմավարական փակ ակտիվ է, այլ համընդհանուր բարիք, որը կարող է վերափոխել կրթությունը, գյուղատնտեսությունը, առողջապահությունը և հանրային ծառայությունները՝ պայմանով, որ այն մնա մարդակենտրոն և ներառական։
The post ԱԲ-ն պետք է լինի մարդակենտրոն, ոչ թե մեքենայակենտրոն. Նարենդրա Մոդի appeared first on CIVILNET.